Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին
Տեղադրությունը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կարկառի հովտի նկատմամբ 1378 մետր բարձրության վրա: Այն իր բարձրադիր տեղադրության շնորհիվ իշխում է ողջ սարահարթի վրա (նկ. 1, 2):
Նկ. 1 Շուշիի հարավարևմտյան՝ հայկական հատվածը և Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1911թ.): Լուսանկարն ըստ Мкртчян Ш., Давтян Щ., 1997 գրքի:
Նկ. 2 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին քաղաքի համայնապատկերում՝ 2020 թ. պատերազմից առաջ: Լուս․ Հրայր Բազե Խաչերյանի:
Պատմական ակնարկ
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդում Մեսրոպ Թաղիադյանը՝ 1821 թվականի գարնանը Շուշի այցելելուց հետո: Ըստ այդ տեղեկությունների Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նախապես փայտաշեն է եղել: Նա նշում է, որ գոյություն ունեցող փայտաշեն եկեղեցիները փոխարինվում են քարաշեն կառույցներով (Թաղիադյան 1847, 226): ՀՀ Ազգային արխիվում կա ամփոփ ծավալուն նյութ այս եկեղեցու պատմության վերաբերյալ (ՀԱԱ, ֆ 56, ց 1, գ. 2145): Ղազանչեցոց քարե եկեղեցու կառուցման ժամանակը փայտե կառույցի տեղում անհայտ է։ Սակայն 1847 թվականին քարե եկեղեցին արդեն վթարային վիճակում էր։ Ըստ նշված նյութերի դա եռանավ գմբեթավոր բազիլիկ էր՝ ծածկված քարե սալերով կամ կղմինդրով։ Նույն թվականին Բաղդասար մետրոպոլիտն սկսել է նամակագրությունը Էջմիածնի Սինոդի հետ` եկեղեցին վերանորոգելու թույլտվություն ստանալու: Քառամյա նամակագրության ընթացքում որոշվում է նախկինի տեղում նոր եկեղեցի կառուցել։ Սակայն գաղափարից մինչև նրա իրականացումը տասնամյակներ են անցնում: Այս ընթացքում կառուցվում է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զանգակատունը:
Նոր եկեղեցի կառուցելու գաղափարը կրկին արդիական է դառնում 1867 թվականին։ Քաղաքի ճարտարապետական տեսուչին խնդրել են կազմել եկեղեցու հատակագիծը, ճակատն ու նախահաշիվը (ՀԱԱ, ֆ 56, ց 1, գ. 3618): Հավատացյալներն ու հոգևորականները ցանկություն են հայտնել, որ եկեղեցին կառուցվի Անիի միջնադարյան Մայր տաճարի օրինակով, սակայն ներկայացված նախագիծն այլ հորինվածք է ունեցել: Վերադաս տեսչության կողմից հաստատվելիս կատարվել են մի շարք դիտողություններ: Նախագիծը լրամշակվել է երկար ժամանակ, և հաստատվել է 1868 թվականին։ Գրաֆիկական փաստաթղթերի բացակայությունը թույլ չի տալիս պարզել, թե որքանով է կառուցված տաճարը համապատասխանում նախագծային առաջարկներին: Ակնհայտ է դառնում, որ Սուրբ Ամենափրկիչը կառուցվել է նախագծի համաձայն: 1982 թվականի նորոգման ժամանակ բացված արձանագրության մեջ նշված են հուշարձանը կառուցող ճարտարապետի՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցի և վարպետ Ավետիս Յարամիշյանցի անունները (Մկրտչյան 1985, 223), (նկ. 3):
Նկ. 3 Եկեղեցու բեմառէջքի ստորին մասում փորագրված արձանագրությունը՝ կառուցող վարպետի և ճարտարապետի անուններով:
Հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում էլ նշվում է, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին («Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կառուցեալ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդեանց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքիս, որոյ շինութիւնն սկեսեալ է 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսանց Աղեքսանդրի Բ-ի և ի հայրապետութեան Գէորգայ Դ-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղեքսանդր Գ-ի և ի կաթողիկոսութեան Մարկարայ Ա-նոյ ի 20 սեպտեմբերի 1888 ամի», Բարխուտարեանց 1895, 138, նկ. 4):
Նկ. 4 Եկեղեցու հարավային ճակատին զետեղված շինարարական արձանագրությունը:
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու համալիրը Շուշի քաղաքի ճարտարապետական դոմինանտն է: Եկեղեցին և զանգակատունը կառուցված են սրբատաշ մշակված սպիտակ կրաքարով:
Սուրբ Ամենափրկիչն ունի ազդեցիկ չափեր (34,7x27x42 մ) և հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն է: Ուղղանկյուն հատակագծով եկեղեցու չորս ճակատներն ունեն արտաքուստ շեշտված աբսիդներ, որոնք կառույցին հաղորդում են խաչաձևություն (նկ. 5):
Նկ. 5 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արմտյան ճակատն ու հատակագիծը: Լուսանկարն ըստ Мкртчян Ш., Давтян Щ. 1997:
Նկ. 6 Հարավային նախասրահի ճակտոնը՝ շրջանակի մեջ ներառված պատկերաքանդակով, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Ճակտոններին կան պատկերաքանդակներ: Աղոթասրահի կենտրոնում, չորս հաստահեղույս մույթերի վրա բարձրանում է գմբեթը: Ընդհանուր ծավալային լուծումով Սուրբ Ամենափրկիչն ստացել է Էջմիածնի Մայր տաճարը հիշեցնող խաչաձև-գմբեթավոր հորինվածք:
Եկեղեցին ունի երեք շքամուտքեր, որոնք բացվում են դեպի արևմուտք, հարավ և հյուսիս: Դրանց առջևում կառուցված են եռակամար կիսաշրջանաձև, ներսից ու դրսից բազմանիստ գավիթ-նախասրահներ: Կամարները նախապես հինգն են եղել, բայց կողային երկուսը հետագայում (թերևս գործառույթային տեսակետից ելնելով) շարվել-փակվել են: Սրանց գոյությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու առանձնահատկություններից մեկն է: Նախասրահների վերնամասում բացված են փոքրիկ խաչաձև լուսամուտներ։ Դռների վերնամասերը զարդարված են շրջանակի մեջ ներառված պատկերաքանդակներով (նկ. 6):
Եկեղեցու արտաքին հարդարանքը ներկայացված է բազմաթիվ դեկորատիվ գոտիներով, ծավալային շքամուտքերով, լուսամուտատեղերի երիզումներով, դռների և լուսամուտների զարդարուն կամարներով: Լայն ու բարձր պատուհանները վերասլացություն են հաղորդում ծավալին և լուսառատություն՝ ինտերիերին:
Սլացիկ է նաև եկեղեցու գմբեթը՝ թմբուկի նիստերը մշակված են ուղղաձիգ համաչափություններով, իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով: Թմբուկը պսակված է հովհարաձև վեղարով (նկ. 7)։ Եկեղեցու պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ:
Նկ. 7 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը:
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արևմտյան կողմում, քիչ հեռու, տեղադրված է եռահարկ զանգակատունը: Առաջին հարկի խորանարդաձև ծավալը արևելք-արևմուտք առանցքով շեշտված է միջանցիկ կամարակապ բացվածքով: Այս հարկի վերնամասի անկյուններում հրեշտակների չորս արձանիկներ են, որոնք փող են փչում: Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերի նիստավոր պատերը իրար են միացած լայն կամարակապ բացվածքներով: Զանգակատան երրորդ հարկը՝ եկեղեցու նման, պսակված է հովհարաձև վեղարով: Առանձնահատուկ վարպետությամբ է իրականացված զանգակատան դրվագազարդ գոտին: Կառույցի արևելյան պատի ընդարձակ արձանագրությունից տեղեկանում ենք, որ այն կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը՝ ի հիշատակ Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի, ով ծնունդով ղազանչեցի էր և ուխտավոր Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ՝ Բալասանի, որդիներ՝ Արուպի ու Ստեփանի, ինչպես նաև բոլոր ղազանչեցիների: Հարավային պատի վերևի հատվածում նշված է զանգակատան կառուցման թվականը՝ 1858 թ. ամառ (Мкртчян, 1989, 184): Այս գրառումից դժվար չէ նկատել, որ զանգակատունն ավելի վաղ է կառուցվել, քան Սուրբ Ամենափրկիչ տաճարը (1868 թ.) և որ այստեղ՝ ներկայիս Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու փոխարեն կառուցված է եղել Մեսրոպ Թաղիադյանի հիշատակված հին՝ թերևս 18-րդ դարում կառուցված եկեղեցին: Սրանով էլ պայմանավորված է զանգակատան առանձին կանգնած լինելու հանգամանքը (ընդունված է, որ զանգակատունը եկեղեցուց հետո է կառուցվում և հիմնականում կցվում է դրան):
Վիճակը մինչև պատերազմը և պատերազմից հետո
Խորհրդային շրջանում եկեղեցին փակվել էր։ 1940-ականներին այն որպես հացահատիկի պահեստ էր օգտագործվում: 1950-ականների ընթացքում վնասվել են եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվել՝ գմբեթը։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիները տանիքների սրբատաշ սալերն ու ճակատների վերին շարքի քարերը պոկել են և տներ կառուցել (նկ. 8):
Նկ. 8 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տեսքը հարավարևմուտքից (1972թ.): Լուսանկարն ըստ Мкртчян Ш., Давтян Щ. ,1997 գրքի էջը:
1960-ականների վերջին եկեղեցին վեր էր ածվել գյուղտեխնիկայի կայանատեղիի։ Սրանից տասնամյակ անց բարբարոսաբար և միտումնավոր պայթեցումներ ու հրդեհներ էին կազմակերպվում եկեղեցու ներսում, եղծվում՝ վավերագրերը: Այս ամենը մշտապես առաջացրել է հայ ազգաբնակչության բողոքը: 1982 թվականին սկսվել են Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք սահուն չէին ընթանում: Վերականգնող վարպետ Վալոդյա Բաբայանի վկայությամբ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը խոչընդոտում էր գմբեթի կառուցմանը: Նրանք գիտակցում էին, որ դրանից հետո եկեղեցին կդառնա ոչ միայն Շուշիի, այլև Կարկառի ընդարձակ հովտի դոմինանտը (Мкртчян, Давтян 1997, 121):
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի (նկ. 9): Շուշիի ազատագրումից հետո ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին (նկ. 10)։
Նկ. 9 Եկեղեցու տեսքը արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո: Լուսանկարն ըստ Мкртчян Ш., Давтян Щ. 1997 գրքի էջը:
Նկ. 10 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և զանգակատան ընդհանուր տեսքը հարավարևմուտքից (1998թ. վերականգնումից հետո), լուս․ Հ․ Պետրոսյանի:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու թիրախում էր. հրթիռակոծվել է, վնասվել են եկեղեցու գմբեթը, խաչաթևերի տանիքները (նկ. 11): Եկեղեցու աղոթասրահն ամբողջությամբ լցվել էր շինարարական թափվածքով: Այսօր, ադրբեջանական կողմին անցնելուց հետո այդ թափվածքը մաքրվել է: Եկեղեցու ներկա վիճակը հայտնի չէ:
Նկ.11 Եկեղեցու վիճակը 2020թ. հոկտեմբերի 8-ի հրթիռակոծությունից հետո: Լուսանկարն ըստ http://meganews.am/assets/uploads/ 7vu8puzzo7ftn596c1mz1605464215.
Մատենագրական քննություն
Խորհրդային ժամանակաշրջանում Շուշի քաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը վերաբերող հրատարակություններում հայ հեղինակները (Հարությունյան Վ., Հասրաթյան Մ., Մկրտչյան Շ., Ուլուբաբյան Բ. և այլք ) բավական հանգամանալից ներկայացրել են պաշտամունքային կառույցները և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ադրբեջանցի հեղինակները դրանց չեն անդրադարձել: Նրանց աշխատություններում հիմնականում ներկայացված են Շուշիի ամրաշինությունը, քաղաքաշինությունը, մզկիթները, բնակելի տները (Ավալով Է., Ֆատուլլաև Շ.): Եկեղեցու հատակագծային և ծավալատարածական մասնագիտական քննությունն է իրականացված Մանվել Սարգսյանի Շուշիի քաղաքաշինության պատմությանը վերաբերող գրքույկում:
Գրականություն
- Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան:
- Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, «Լույս» պետական հրատարակչություն, Երևան:
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիս. Բարխուտարեանց, «Արցախ», «Արօր», Բագու:
- Թաղիադյան 1847 - Թաղիադյան Մ., Ճանապարհորդութիւն ի Հայս, Կալկաթա:
- 5.Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան», Երևան:
- Авалов Э., Архитектура города Шуши, «Элм», Баку 1977.
- Саркисян М., Из истории градостроительства Шуши, Армянский Центр стратегических и национальных исследований, Ереван, 1996.
- Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха /второе издание/, «Парберакан», Ереван.
- Мкртчян, Давтян 1997 - Мкртчян Ш., Давтян Щ., Шуши, Город трагической судьбы, «Амарас», Ереван.
- Фатуллаев Ш., Памятники Шуши, Баку, 1970.
- ՀԱԱ, ֆ 56, ց 1, գ. 3618
- ՀԱԱ, ֆ 56, ց 1, գ. 2145.
- Մատենադարան, Կ., դ., թղթ., 123, վավ 345, թ. 15-18, ձեռագիր, բնագիր:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Արցախ