Չախմախ մատուռը
Տեղադրությունը
Չախմախ (Ղոբա) մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղից 950 մետր հյուսիս-արևելք՝ դաշտերի մեջ առանձնացած նույնանուն բլրի գագաթին (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Մատուռի վերաբերյալ պատմական հիշատակումներ գրեթե չեն պահպանվել։ Ներկայիս պահպանված մատուռի շենքը հավանաբար կառուցվել է 19-րդ դարի սկզբներին։ Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ Վարդաձոր (Փիր-Ճամալ) գյուղին նվիրված հատվածում հիշատակում է այս ուխտատեղին՝ Ղոբա անունով։ Նա նշում է, որ այն բաղկացած է երկու մատուռից։ «Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդաբար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու և Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո՛չ միայն հայերից, այլ և մահմետականներից» (Բարխուտարեանց 1895, 128)։
Բարխուդարյանցը նաև նշում է, որ ըստ ավանդության հարևան Նախիջևանիկ գյուղից հյուսիս գտնվող Նահատակուհի սրբատեղիում էլ ամփոփված է Փիրի և Ջամալի քույրը, որը ներկայումս գործող և վերակառուցված Նահատակ սրբատեղին է (Բարխուտարեանց 1895, 129)։
Հատկանշական է, որ այս սրբատեղին հռչակավոր ուխտատեղի է եղել ոչ միայն 19-րդ դարում, այլև շարունակել է ընդունել հարյուրավոր ուխտավորներ նաև Խորհրդային Միության գոյության ընթացքում։ Դա են վկայում նաև պատերին արված հիշատակագրությունները։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերը (նկ․ 2, 3), մուտքի եզրաքարերն ու բարավորը, արևելյան լուսամուտի պարակալները:
Թաղածածկը չի պահպանվել։ Լուսավորվել է արևելքից բացված փոքրիկ ուղղանկյունաձև լուսամուտով (նկ․ 4)։ Մատուռն ունի ուղղանկյուն խորան, որը որևէ եղանակով չի առանձնանում ընդհանուր սրահից (նկ․ 5)։
Մատուռի միակ հարդարված հատվածը արևմտյան ճակատն է, որտեղ տեղակայված է մուտքը։ Մուտքի կողային անկյունաքարերը սրբատաշ են և անհամեմատ ավելի մեծ չափեր ունեն, իսկ մուտքի կամարաձև բարավորն ունի գեղաքանդակ խաչապատկերներ։ Մուտքի հարավային անկյունաքարի արևմտյան ճակատին փորագրված է 1943 թվականին այստեղ ուխտի եկած ոմն Սամւելի հիշատակագրությունը (նկ․ 6)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Մատուռը մեծապես վնասվել է 1990-1993 թվականներին ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Պատերը հիմնականում պահպանված են նախնական բարձրությամբ, բացառությամբ արևմտյան հատվածի։ Թաղածածկը ևս փլվել է։ 2020 թվականի պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Պատերազմական գործողությունների դադարից հետո հուշարձանը հայտնվել է սահմանին մոտ և դիտելի է ադրբեջանական դիրքերից:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Ասկերանի շրջան
Արցախ