Չարեքտարի վանքը․ հնագիտական հետազոտությունը

Չարեքտար գյուղը խորհրդային շրջանում հայաթափվել էր և բնակեցվել ադրբեջանցիներով,  որի հետևանքով գյուղի տարածքում գտնվող վանքը ծանր կորուստներ էր կրել։ Այս շրջանում այն ավերվել է և ձևափոխվել։ Կառույցները վերածվել էին անասնագոմերի։ Խաչքարերի մեծ մասը ջարդոտվել էր, տապանաքարերը տեղահան էին արվել, կամ օգտագործվել որպես շինաքար այլ՝ տնտեսական նշանակության շինությունների կառուցման համար։

Արցախի Հանրապետության գոյության օրոք կառավարությունը ծրագրեց վանքի  վերկանգնումը, որի միայն հետազոտական փուլն իրականացվեց:  2009 թվականին նախաձեռնված պեղումների ընթացքում մաքրվել է համալիրի տարածքը, ճշգրտվել են կառուցապատված տարածքի սահմանները, շինությունների գործառնական նշանակությունը, հստակեցվել է վանքի կառուցապատման և վերակառուցումների ժամանակագրական պատկերը (նկ․ 1)։

Նկ. 1 Չարեքտարի վանքի գլխավոր հատակագիծը պեղումներից հետո, լուս.՝ Ս. Այվազյանի:

Պեղումների և ճարտարապետական հետազոտական աշխատանքների, մատենագրական տեղեկությունների համադրության շնորհիվ հնարավոր է դարձել կատարել որոշ ամփոփումներ (Այվազյան, Սարգսյան 2011, 56)։ Գտնված՝ 1002 թվականին պատկանող խաչքարի բեկորը ցուցում է, որ վանքի տարածքն այս ժամանակվանից սկսած գործել է որպես պաշտամունքային վայր (նկ․ 2)։ Վանական համալիրի հյուսիսային կողմում պեղումներով բացահայտվել է երկու աշտարակներով ամրացված պարիսպների մի հատված միայն։ Մյուս կողմերում պարսպապատեր չեն եղել, հանգամանք, որ խոսում է այն մասին, որ վանքի տարածքն ամբողջ պարագծով փակված չի եղել, ինչը հիմնականում բնորոշ էր միջնադարյան վանական համալիրների մեծամասնությանը։ Մահմեդականների բնակելի տների պատերում և հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են տապանաքարեր և խաչքարեր (Այվազյան, Սարգսյան 2011, 52-55)։

Նկ․ 2 1002 թվականին կերտված խաչքարի բեկոր, լուս.՝ Ս. Այվազյանի:

Ժամանակագրական կարգով ամենավաղ պահպանված շինությունը վանքի եկեղեցին է, որի կառուցումը վերագրվում է 12-13-րդ դարերին։ Հաջորդիվ սրան արևմուտքից կցվել է գավիթը։

Կառուցապատման հաջորդ փուլում կառուցվել է համալիրի փոքր եկեղեցին, որը կցվել է վանքի գլխավոր եկեղեցու հարավային պատի արևմտյան հատվածին։ Տեղում կատարված մանրազնին հետազոտությունները պարզել են, որ երբ կառուցվում էր փոքր եկեղեցին, գավիթն արդեն բավական վնասված էր և հավելվող շինության արևմտյան պատի ստորին հատվածը կցակառուցվել է գավթի պատին, իսկ վերին մասում կառուցվել է որպես ինքնուրույն պատ, որովհետև այդ մակարդակից վերև գավթի պատն արդեն գոյություն չի ունեցել։

Կառուցապատման երրորդ փուլում՝ հավանաբար 13-14-րդ դարերում գավթի հյուսիսային պատին կցվել է հյուսիսային պարսպապատն իր աշտարակներով։

Թաղակապ սրահը կառուցվել է վերոնշյալներից հետո։ Այն կցվել է գավթի հարավային ճակատին և նրա հետ հիմնահատակ քանդվել, երբ մահմեդական բնակչությունն այստեղ գոմ է կառուցել և ձևափոխություններ իրականացրել։ Սյունասրահի հարավային պատի մեջ սլաքաձև կամարներով՝ դռան և պատուհանի երկու բացվածքներ են եղել (նկ․ 3)։ Ուսումնասիրողները գտնում են, որ այս կառույցի պատերի շաղախը ակնառու կերպով տարբերվում է մյուսների շաղախներից (դեղնավուն, կավի խառնուրդով և ոչ շատ ամուր) (Այվազյան, Սարգսյան 2011, 57)։ Վերոնշյալ հանգամանքը և սյունասրահի կառուցման կերպը թույլ են տալիս դրա կառուցումը վերագրել 17-րդ դարից հետո եղած ժամանակահատվածի։

Նկ. 3 Սյունասրահի հարավային պատը, լուս.՝ Ս. Այվազյանի:

Վանքի վերակառուցումների վերջին փուլը վերաբերում է 20-րդ դարասկզբին, երբ գավթի և սյունասրահի պատերն օգտագործելով՝ ներսում փայտե սյուների վրա ավելի բարակ պատերով կառուցվել է անասնագոմը (նկ․ 4)։

Նկ․ 4 Անասնագոմի ներքին տեսքը, լուս.՝ Ս. Այվազյանի:

Պեղումների ընթացքն արձանագրել է, որ վանքի եկեղեցին նույնպես վերակառուցումների է ենթարկվել։ Դրանց հետքերը երևում են եկեղեցու ճակտոնին։ Նախապես այն թաղածածկ և կղմինդրապատ երկթեք տանիքով կառույց է եղել։ Հետագայում եկեղեցու թաղը փոխարինվել է փայտածածկով, իսկ պատերը ներսից սվաղվել են։ Սվաղի վրա պահպանվել է փորագիր, բոլորակ վարդյակներից կազմված, կարմիր և կապույտ գույներով ներկված զարդագոտի, որն անցնում է շինության ներքին պարագծով (նկ․ 5)։

Նկ․ 5 Սվաղի շերտին պահպանված զարդանախշերի մնացորդներ լուս.՝ Ս. Այվազյանի:

Պեղումների տվյալների քննությամբ հնարավոր է դարձել ներկայացնել Չարեքտարի վանքի եկեղեցու և մատուռի ամբողջական, իսկ մյուս կառույցների՝ մասնակի վերականգնման և ամրակայման նախագծերը։ Ըստ նախագծի՝ մատուռի և եկեղեցու պատերի վերին՝ մոտ 1,0 մետր բարձրությամբ հատվածը նախատեսվում էր վերաշարել և տանիքներն էլ՝ կղմինդրապատել։ Մնացած կառույցների պահպանված հատվածները որոշ բարձրությամբ պիտի վերաշարվեին և ամրակայվեին։ Նախատեսվում էր բարեկարգել վանքի տարածքը՝ ստեղծել անկանոն քարերով և տոփանված գրունտի կածաններ, կառուցել մինչև 50 սմ բարձրությամբ հենապատեր, տեղադրել նստարաններ, ստեղծել կանաչապատ դիտահարթակ (նկ․ 6)։ Դժբախտաբար, այդ ծրագիրը չի իրականացվել։ Ավելին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության հուշարձաններն հայտնվել են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Հերթական դրսևորումը գրանցվեց սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին Չարեքտար վանքի ուղղությամբ (https://www.youtube.com/watch?v=zbYhLbwgEzE) (նկ․ 7): Մանրամասն կարելի է ծանոթանալ Monument Watch կայքում՝ Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ - Monument Watch:

Նկ․ 6 Չարեքտարի վանքի վերականգնման նախագիծի առաջարկ լուս.՝ Ս. Այվազյանի:

Նկ․ 7 Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ, լուս.՝ monumentwatch.org կայքի։

Գրականության ցանկ

1․ Այվազյան, Սարգսյան 2011- Այվազյան Ս․, Սարգսյան Գ․, Չարեքտար գյուղի պեղումների և հետազոտությունների արդյունքները, Վարձք, թիվ 4, 48-58։

2. Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ - Monument Watch:

Չարեքտարի վանքը․ հնագիտական հետազոտությունը
Չարեքտարի վանքը․ հնագիտական հետազոտությունը
Վերին Խաչեն գավառ
Արցախ