Պլեթանցի սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրություն

Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Պլեթանց գյուղում, հյուսիսային եզրին, հարավահայաց լեռնալանջին։

Պատմական ակնարկ  

Պլեթանցի և սբ․ Ստեփանոս եկեղեցու (նկ․ 1) վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին։ Մակար Բարխուդարյանցը հետևյալն է գրում գյուղի և եկեղեցու մասին.  «Պլեթանց (Պլըթան). հիմնուած է նոյն սարին (Արևասար) մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 20՝ ար. 90, իգ. 70 (Բարխուտարեանց 1895, 70):

Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1651 թվականին (Թվ :ՌՃ:)։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ այլ տվյալներ հայտնի չեն։

Նկ. 1 Սբ․ Ստեփանոս եկեղեցին հարավից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն 

Սբ․ Ստեփանոս եկեղեցին եռանավ սրահով (չափերը՝ 17,2x8,7 մետր) թաղակապ շինություն է։ Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով (նկ․ 2)։ Սրբատաշ են մուտքի, լուսամուտների, սյուների, կամարների և որմնակամարների անկյունաքարերը (նկ. 3)։ Պատերի ստորին շարվածքում օգտագործվել են մեծ չափերի կիսամշակ կրաքարեր։ Պատերն ամրացված են կրաշաղախով։ Սրահը նավերի է բաժանվում զույգ կամարների օգնությամբ (նկ․ 5)։  Հյուսիսային ավանդատան մուտքին կից որմնախորշի մեջ է գտնվում մկրտության ավազանը, որը պսակված է սլաքաձև կամարով: Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից ուղղանկյուն ավանդատներով (նկ․ 4): Խորանի և ավանդատների պատերին առկա են տարբեր չափերի որմնախորշեր։  Շինությունն արտաքուստ առնված է երկթեք տանիքի տակ:

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ արևելքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 4 Եկեղեցու ներսը արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Միակ մուտքը բացված է հարավային ճակատի կենտրոնից դեպի արևմուտք շեղված հատվածից։ Մուտքն ունի գեղեցիկ մշակված կամարակապ շրջանակ, բարավորի վրա փորագրված է շինության թվականը (նկ․ 6)։ Լուսավորությունը կատարվել է արևելքից՝ երեք, արևմուտքից մեկ և հարավից բացված երկու փոքր լուսամուտներով։ Արևմտյան ճակատից բացված լուսամուտն արտաքինից ունի խաչաձև շրջանակ (նկ․ 7)։ Հյուսիսային պատն արտաքուստ ձուլված է թեք լանջին և ծածկված է հողով։ Եկեղեցուց հարավ մուտքից դեպի արևելք գտնվում է 1854 թվականի ուղղանկյունաձև մի տապանաքար, իսկ եկեղեցու մոտ պահպանվել են 17-րդ դարին վերաբերվող պարզ խաչապատկերով երկու խաչքար։

Նկ. 3 Եկեղեցու մուտքը, լուս․ http://monuments.nk.am կայքից։

Նկ. 5 Եկեղեցու ներսը արևելքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 6 Մուտքի բարավորև և շինարարական արձանագրությունը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 7 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս․ http://monuments.nk.am կայքից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակով և ծառայել որպես պահեստ։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Պլեթանցը մեծ վնասներ է կրել, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Պլեթանցը ինչպես և ամբողջ Հադրութի շրջանն օկուպացվել է։ Պատերազմական գործողություններից եկեղեցու շենքը չի վնասվել։ Դա են փաստում Google Earth ծառայության 2021 թվականին կատարված արբանյակային նկարները։ Չկան տեղեկություններ եկեղեցու շուրջը պահպանված գերեզմանային հուշարձանների ներկա վիճակի մասին։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Պլեթանցի սբ․ Ստեփանոս եկեղեցին
Պլեթանցի Սբ․ Ստեփանոս եկեղեցի
Պլեթանցի Սբ․ Ստեփանոս եկեղեցի
Արցախ