Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը

Տեղադրությունը

Պտկեսբերքի սբ․ Գևորգ կամ Պտկի սբ․ Գևորգ վանքը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն (Սեյդիշեն) գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Ուլուբաբ (Ուլուպապ) գյուղատեղիի հարևանությամբ։ Կառույցը գտնվում է համանուն կամ Գևորգասար լեռան գագաթին՝ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին, ներկայիս սահմանագծից մոտ 2 կմ հեռավորության վրա (նկ․ 1)։

Նկ․ 1 Պտկեսբերքի ընդհանուր տեսքը, լուս. Հ․ Պետրոսյանի, 2005թ․։

Պատմական ակնարկ

Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Չնայած վանքի տարածքում կամ պատերի մեջ առկա են վաղ խաչքարեր և տապանաքարեր, այնուամենայնիվ, համալիրն իր ճարտարապետական հորինվածքով և հիմնական արձանագրությունների քննությամբ թվագրվում է 17-18-րդ դարերով (նկ․ 2)։

Պատմական տեղեկությունները լրացնում են նաև մի քանի ամփոփ արձանագրություններն ու արձանագրությունների հատվածները։ Այս տեսանկյունից հետաքրքիր է եկեղեցու կառուցող կամ վերակառուցող համարվող Հովսեփ վարդապետի 1698 թվականի արձանագրությունը հարավային ավանդատան առաստաղին. «Օվսէփ վարդպ[ե]տ ։ՌՃԽԷ։» (ԴՀՎ 5, 137)։ Արձանագրությունն արված է ծեփի վրա, սև ներկով։ Հովսեփ վարդապետի անունը գրված է նաև հարավային սյունը և պատը միացնող կամարի վրա։ Մյուս 12-տողանի արձանագրությունը փորագրված է  հարավային սյան վրա։ 1757  թվականի արձանագրությունը վերաբերում է Ղուկաս վարդապետի կողմից ջրաղացի կառուցմանը և այն վանքին նվիրաբերելուն (ԴՀՎ 5, 138, նկ․ 3)։ Ղուկաս վարդապետի մյուս արձանագրությունը փորագրված է ավերակ սեղանատան մուտքի ստորին եզրաքարի վրա (ԴՀՎ 5, 139)։

«Արարատ» ամսագրի 1896 թվականի համարում՝ «Համառոտ տեղեկագիր Արցախի թեմի վանքերի» հոդվածում Պտկի սբ․ Գևորգը ներկայացված է Գանձակի (Ելիզավետպոլի) նահանգի Շուշիի գավառի վանքերի շարքում։ Հոդվածում նշվում է, որ վանքը 1892 թվականի տվյալներով չունի վանահայր և ունի կալվածք 300 դեսյատին (մեկ դեսյատինը հավասար է 1.09254 հեկտարի) անտառ ու վարելահող, ինչպես նաև վանքին է պատկանում Գանձասարի Քարագլխի մոտ Աշմանա կոչվող կալվածքը 776 դեսյատին տարածքով։ Նշվում է նաև, որ վանքը ունենում է տարեկան միջինում 110 ռուբլի 35 կոպեկ եկամուտ և նույնքան էլ ծախսեր (Խ․ Վ․ 1896, 44)։

Վանքի գործունեության ժամանակահատվածում գրվել են նաև ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է մեկը (Աճառյան 1924, 22)։

Վանքը Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականի քարտեզում նշված է "Պոդկասապերկ" անվամբ, ռազմական քարտեզներում կրում է "Բերդկասապետ" անունը Կասապատը հավանաբար Ուլուբաբ գյուղի նախկին անունն է (ԼՂՀ Հուշարձանների տեղեկատվական շտեմարան):

Նկ․ 2 Եկեղեցու պատերին ագուցված խաչքարերից, լուս. Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Նկ․ 3 Ղուկաս վարդապետի արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը բաղկացած է կանգուն եկեղեցուց և գավիթի, սեղանատան, պարսպապատի, կից շինությունների ավերակներից։ Շրջակայքում և պատերի մեջ առկա են արձանագիր և առանց արձանագրության խաչքարեր, տապանաքարեր և այլ բեկորներ։

Եկեղեցին ունի քառակուսի կտրվածքով զույգ մույթերով գմբեթավոր հորինվածք։ Այն  կառուցված է տեղի կոպտատաշ բազալտից, իսկ մուտքերի, պատուհանների եզրաշարերը, սյուներն ու կամարաշարերը, պատերի խորշերը, կառույցի անկյունային հատվածները, քիվերը սրբատաշ քարերով են շարված և ունեն ոճավորումներ (նկ․ 4)։ Կառույցն արտաքինից 13․70 x 10․40 մետր չափերի ուղղանկյուն է։ Աղոթասրահը գրեթե քառակուսի է, որի չափերն են 8․29 x  8․02 մետր (նկ․ 5)։ Եկեղեցին ունի վեց պատուհան (երեքը արևելյան կողմում, մեկական պատուհան էլ մյուս կողմերում) և երկու մուտք։ Գլխավոր մուտքը արևմտյան կողմում է՝ կամարձև, վերևում սրացող ոճավորումով։ Շարված է սրբատաշ քարով։ Երկրորդ մուտքը հարավային կողմում է, որը հետագայում փակվել է։ Կառույցի ծածկը իրենց վրա են կրում զույգ մույթերը, որոնք կամարներով կապված են բեմապատի և հանդիպակաց պատերի որմնասյուների հետ։

Նկ․ 4 Եկեղեցու ներքին տարածությունը, լուս. Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Նկ․ 5 Կառույցի հատակագիծը, Հասրաթյան 1983, էջ 410։

Ճարտարապետական հորինվածքային լուծումներով եկեղեցին իր զուգահեռներն ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, օրինակ, Ծակուռիի սբ. Աստվածածին, Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401), այլև Սյունիքում Շնհերի Կուսանաց անապատը, Կնեվանքը (Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում Ագուլիսի սբ․ Թովմայի եկեղեցին (Հարությունյան 1992, 405):

Հուշարձանի առանձնահատկություններից են ուղղանկյուն խորանը և գմբեթի ձևը։ Բացառիկ է նաև այն, որ բեմառէջքի կողմից չկան աստիճաններ։ Դրանք արված են հյուսիսային ավանդատան ներսից և միայն մի կողմում։ Այսպիսի լուծում Արցախի այլ հուշարձաններում չի հանդիպում։ Այնինչ, խորանի ուղղանկյուն ձևը երկրամասի ճարտարապետական դպրոցում հանդիպող երևույթ է։

Վեղարաձև գմբեթը բավական ցածր է։ Արտաքինից թմբուկն  ութանիստ է  (անհավասար նիստերով), իսկ ներսից`  գմբեթակիր զույգ սյուների և բեմապատի որմնասյուների միջև առաջացած քառանկյուն տարածությունը ծածկված է խաչվող զույգ կամարների  ճարտարապետական լուծման միջոցով (նկ․ 6)։ Եկեղեցու արևմտյան կողմում, տեսանելի են նույն լայնությունն ունեցող ավերված գավթի մնացորդները։

Վանքի ամենամեծ սրբությունը վաղքրիստոնեական թևավոր խաչն է (5-6-րդ դդ․)։ Այն տեղադրված է եկեղեցու խորանի կենտրոնում կանգնեցված կամարաձև որմի (խաչկալ) մեջ, և կազմում է  վանական համալիրի առանցքը (նկ․ 7)։

Նկ․ 6 Եկեղեցու գմբեթը ներսից, լուս. Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Նկ․ 7 Եկեղեցու խորանն ու վաղքրիստոնեական խաչը, լուս. Հ․ Պետրոսյանի, 2005թ․։

Մատենագրական քննություն

Ջալալեանցի Ճանապարհորդություն աշխատության Ա մասում հեղինակը ներկայացնում է կառույցի դիրքը և Յովհանես վարդապետի վերանորոգությունը, նշելով, որ վերջինիս գերեզմանը գտնվում է աջակողմյան խորանում (ավանդատանը), որտեղ որ առաստաղին պահպանվել է վերջինիս արձանագրությունը։ Ջալալեանցը անդրադառնում է նաև խորանի առաջ պահպանված սբ․ Գևորգի գերեզմանին, և նշում, որ հայտնի չէ, թե որ սբ․ Գևորգն է այստեղ ամփոփված (Ջալալեանց 1842, 196)։

Լեոն «Իմ Յիշատակարանը» աշխատությունում «Պտկի ս․ Գէորգ» է անվանում սարը, որի գագաթին գտնվում է վանքը, իսկ կառույցը՝ «մի վանք, որ սպիտակին է տալիս» (Լեո 1890, 408)։

Բարխուդարյանը իր Արցախ գրքում անդրադառնալով վանքին ընդգծում է հորինվածքային լուծումների ընդհանրությունները Գտչավանքի հետ։ Ներկայացնում է նաև երկու ավանդույթ՝ կապված վանքի եկեղեցու ներսում գտնվող գերեզմանի (մահմեդականի հավատափոխ որդուն վերաբերվող ավանդույթը) և եկեղեցու արևելյան կողմում ընկած անտաշ, մեծ քարի հետ (շինարարներին օգնող արջի ավանդույթը) (տե՛ս Բարխուդարյանց 1895, 163, 164)։ Հեղինակը նաև նշում է, որ վանքը ամենահայտնի ուխտատեղին է երեխա չունեցողների համար, ինչպես քրիստոնյաների, այնպես էլ՝ մահմեդականների համար։

Մ․ Հասրաթյանը Հայկական սովետական հանրագիտարանի Պտկեզբերք հոդվածում ներկայացնելով եկեղեցին այն թվագրում է 13-րդ դարով և ներկայացնում է կառույցի հատակագիծը (Հասրաթյան 1983, 410)։

Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում հիմնականում օգտվում է Մակար եպս․ Բարխուդարյանից, նաև նշում է, որ վանքը ունի 400 տարվա պատմություն և վերջին անգամ վերանորոգվել է 1896 թ․ (Մկրտչյան 1980, 138)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքում 2008-2010 թթ․ իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոնք անավարտ են մնացել։ Ընդհանուր առմամբ վանքի վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո հիմնականում այլ փոփոխությունների չի ենթարկվել (նկ․ 8)։

Նկ․ 8 Եկեղեցու ընդհանուր տեսքը անավարտ վերանորոգումից հետո, լուս. Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Գրականություն

1․ Աճառյան 1924 – Աճառյան Հ․, Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր Բայազետի, Վիեննա։

2 Խ․ Վ․ 1896 – Խ․ Վ․, Համառօտ տեղեկագիր Արցախի (Ղարաբաղի) թեմի վանքերի /«Արարատ» ամսագիր, Էջմիածին:

3․ ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց՝ Ս․ Բարխուդարյան,  Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1982։

4․ Բարխուդարյանց 1895 – Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բագու։

5․ Լեո 1890 – Լեո, Իմ Յիշատակարանը, Շուշի։

6․ Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ., Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ.:

7․ Հասրաթյան 1983 - Հասրաթյան Մ., Պտկեզբերք /Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վ․ Համբարձումյան, Երևան:

8․ Մկրտչյան 1980 – Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

9․ Ջալալեանց 1842 – Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն, Ա մաս, Տփխիս։

10․ ԼՂՀ Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Վանք «Պտկեզբերք», http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1016&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D5%8A%D5%BF%D5%AF%D5%A5%D5%BD%D5%A2%D5%A5%D6%80%D6%84 , 20․01․2023։

Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը
Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը
Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը
Արցախ