Ջանբարի եկեղեցին
Տեղադրությունը
Ջանբարի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Կովսական քաղաքից ոչ հեռու գտնվող Ջանբար գյուղատեղիում՝ նրա արևմտյան եզրին: Ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ջանբար գյուղը ընդգրկված էր Սյունիք նահանգի Կովսական գավառի կազմի մեջ: Վերջինիս զգալի մասը հայաթափվել էր 18-րդ դարի վերջերին (Կարապետյան 1999, 207):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին կառուցված է կոպտատաշ ու անտաշ միջին ու փոքր քարերով և կրաշաղախով (նկ. 1, 2): Իր հատակագծային հորինվածքով միանավ թաղակապ սրահ է, որի միակ մուտքը բացվում է հարավից է (նկ. 3): Միակ լուսամուտը պահպանվել է արևելյան ճակատում։ Սրա կառուցման համար օգտագործել են մեկ այլ՝ ավելի հին եկեղեցու պատուհանի կամարունքը և սրբատաշ քարերը (նկ. 4, 5): Արևելյան ճակատին գտնվող այս պատուհանը սույն եկեղեցու միակ աչքի ընկնող զարդարանքն է: Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ: Դատելով իր ճարտարապետական և կառուցողական տվյալներից, արտաքին և ներքին տեսքից, այն կարելի է դասել Սյունիքի և Արցախի 17-18-րդ դարերի միանավ եկեղեցիների շարքին: Հայտնի չէ նաև եկեղեցու անունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքէջում եկեղեցին հիշատակվում է Օհանաեղցի անվամբ և թվագրվում 17-րդ դարով https://artsakhdiocese.am/churches/okupatsvats/kashatagh:

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 2 Եկեղեցու տեսքն արևմուտքից, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 3 Եկեղեցու տեսքը ներսից, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 4 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 5 Եկեղեցու արևելյան լուսամուտը, լուս. Զ. Ըռքոյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, ներկայումս եկեղեցու ճակատագիրը հայտնի չէ: Արևելյան կողմում՝ պատուհանից քիչ ներքև պատի մեջ առկա է խոշոր անցք, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ հատվածը փորձել են քանդել կամ խարխլել:
Գրականություն
Կարապետյան 1999 – Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Քաշաթաղի շրջան
Արցախ