Սարինշենի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրություն

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի բարձրադիր հյուսիսային եզրին (նկ․ 1)։

Նկ. 1 Սարին շեն գյուղը և Սբ․ Աստվածածին եկեղեցին, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Պատմական ակնարկ 

Սարինշեն գյուղն ի սկզբանե կոչվել է Շաղախ, որն իր անունը ստացել էր գյուղի մոտ գտնվող հռչակավոր Շաղախ կամ Շախկախ վանական համալիրից։ Սարինշեն գյուղի և սբ․ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին. «Շաղախ գիւղ – Սարի շէ. հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (ոչխար, հաճար, գարնանի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամձորից։ Ծուխ՝ 70, արակ.՝ 275. իգ.՝ 230։» (Բարխուտարեանց 1895, 64)։

Ըստ սբ․ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան և խորանի միջանկյալ հատվածում ագուցված խաչաքանդակ քարի վրա փորագրված արձանագրության կառուցվել է 1867 թվականին, սակայն պատերին առկա 16-17-րդ դարերի խաչքարերն ու պատկերաքանդակները փաստում են, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին սրբավայրի տեղում։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն 

Սբ․ Աստվածածին եկեղեցին միանավ սրահով (չափերը՝ 15․1x6․3 մետր, բարձրությունը՝ 7 մետր) թաղակապ շինություն է։ Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով (նկ․ 2)։ Սրբատաշ են լուսամուտների, որմնասյուների, որմնակամարների, որմնախորշերի անկյունաքարերը և բեմառէջքը։ Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով և նրան կից ուղղանկյուն ավանդատներով (նկ․ 3)։ Թաղածածկը հենվում է երկու զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա:

Նկ. 2 Եկեղեցու հարավային ճակատը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Հյուսիսային պատին, որմնախորշի մեջ, ավանդատան մուտքին կից տեղակայված է մկրտության ավազանը, որի որմնախորշի երկու կողմերում և վերևում պատի մեջ ագուցված են 17-րդ դարին վերաբերվող երեք փոքրիկ խաչքարեր (նկ․ 4)։ Ավազանին հանդիպակաց հարավային պատի մեջ գտնվում է մեկ այլ որմնախորշ, որը ծառայել է որպես պահարան։ Միակ մուտքը հարավից է, որը փակվել է խորհրդային տարիներին (նկ․ 5)։ Հարավային ճակատում փակված մուտքին զուգահեռ պատի մեջ ագուցված են երկու ուղղանկյունաձև սրբատաշ քարեր զույգ խաչաքանդակներով, որոնք առնված են միանման շրջանակի մեջ։  Լուսավորությունը կատարվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված 6 լուսամուտներով։ Խորհրդային տարիներին արևմտյան փոքրիկ լուսամուտը լայնացվել է, իսկ հարավային պատի երկրորդ լուսամուտի ուղղությամբ բացվել է նոր մուտք և եկեղեցին ծառայեցվել այլ նպատակով (ակումբ-գրադարան)։ Եկեղեցու ներսի պատերին, հատկապես որմնախորշերի մեջ առատորեն ագուցված են խաչաքանդակներ, փոքրիկ նվիրատվական խաչքարեր։ Հատկապես ուշագրավ են բեմառէջքի պատկերաքանդակները, որոնք ներկայացնում են Արդար դատաստանը ի դեմս Երեք պատրիարքների և թրով զինված Գաբրիել հրեշտակաապետի և Խաչի լուսավոր գալստյան (նկ․ 6)։

Եկեղեցու երկթեք ծածկը ի սկզբանե եղել է քարաշեն, որի խարխլվելու պատճառով Խորհրդային տարիներին պատվել էր ասբեստե (թերթաքար) թիթեղով (նկ․ 7)։

2016-2017 թվականներին վերականգնվել են եկեղեցու ծածկասալերը, կատարվել են որոշակի ամրակայման աշխատանքներ (նկ․ 8)։

Նկ. 5 Եկեղեցու հին և նոր մուտքերը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 7 Եկեղեցին հյուսիս-արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 3 Եկեղեցու ներսը արևմուտքից , լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 4 Մկրտության ավազանը, 2018թ․, լուս․ Ս․Դանիելյանի ։

Նկ. 6 Բեմառէջքի պատկերաքանդակները, 2018թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Նկ. 8 Եկեղեցու վերականգնված ծածկը, 2018թ․, լուս․ Ս․Դանիելյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

2020 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանը չի տուժել։ Շրջանի օկուպացումից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
  2. Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վկայագիր:
Սարինշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Սարինշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Սարինշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ