Սբ. Վանես եկեղեցին

Տեղադրությունը

Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից 1․9 կմ հյուսիս-արևելք, Վարանդա գետի Նավատխան և Խաչինտափ վտակների խառնման տեղից հարավ ընկած անտառապատ սարահարթի վրա է գտնվում Ղրալի կոչվող գյուղատեղին։ Գյուղատեղիի տարածքում կիսավեր վիճակում  պահպանվել է սբ․ Վանես (սուրբ Հովհաննես) եկեղեցին, գերեզմանատունը և այլ հարակից շինությունների ավերակներ (նկ․ 1)։ Գյուղատեղիի բնակիչները 19-րդ դարի սկզբին հիմնել են ներկայիս Ջրաղացներ գյուղը։

նկ. 1 Սբ․ Վանես եկեղեցին և գերեզմանոցը հարավ-արևմուտքից, լուս․ https://www.facebook.com/Jraxacner Ջրաղացներ համայնքի ֆեյսբուքյան էջ։

Պատմական ակնարկ

Գյուղատեղիի և հուշարձանախմբի վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հավանաբար վերակառուցվել է 17–րդ դարի երկրորդ կեսին՝ նախկին սրբատեղիի տեղում։ Դա են փաստում եկեղեցու պատերին ագուցված 16-18-րդ դարերին վերաբերվող նվիրատվական խաչքարերը և արձանագրությունները (նկ․ 2-3)։ Հնավայրի ամենահին հուշարձանը արևմտյան ճակատին ագուցված 12-13-րդ դարերին վերաբերող խաչքարն է (նկ․ 4)։ Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ առկա տապանաքարերը հիմնականում վերաբերվում են 18-19-րդ դարերին (նկ․ 5, 6)։ Գյուղատեղիի լքվելուց հետո էլ սբ․ Վանես եկեղեցին եղել է սրբատեղի շրջակա բնակավայրերի բնակչության համար։

նկ. 2 Եկեղեցու պատերին ագուցված խաչքարերը, լուս․ https://www.facebook.com/Jraxacner Ջրաղացներ համայնքի ֆեյսբուքյան էջ։

նկ. 5 Գերեզմանոցը և տապանաքարերը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 3 Եկեղեցու պատերին ագուցված խաչքարերը, լուս․ https://www.facebook.com/Jraxacner Ջրաղացներ համայնքի ֆեյսբուքյան էջ։

նկ. 4 Եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված 12-13-րդ դարերի խաչքարը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 6 Գերեզմանոցը և տապանաքարերը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Կառույցը 6,4x2,6 արտաքին չափերով և 5,5 մետր առավելագույն բարձրությամբ միանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Արևելքում կիսաշրջանաձև խորանն է, որի հարավային կողմում կա մեկ փոքրիկ որմնախորշ՝ նախատեսված եկեղեցական իրերի պահպանման  համար (նկ․ 7)։ Միակ մուտքը բացված է արևմուտքից (նկ․ 8)։ Լուսավորությունը կատարվել է արևելքից՝ դեպի ներս լայնացող փոքրիկ լուսամուտի միջոցով։ Խորանում բեմի սուրբ սեղանը, ըստ նվիրատվական արձանագրության, տեղադրվել է 1812 թվականին (նկ․ 9)։ Եկեղեցու թաղածածկի հարավ-արևմտյան հատվածը քանդված է։

նկ. 7 Եկեղեցու խորանը, լուս․ https://www.facebook.com/Jraxacner Ջրաղացներ համայնքի ֆեյսբուքյան էջ։

նկ. 8 Արևմտյան ճակատը և մուտքը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 9 Եկեղեցու բեմը և սուրբ սեղանը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմական գործողությունների ժամանակ Ջրաղացներ գյուղը և շրջակա տարածքներն ուժգին հրետակոծվել են։ Մարտական գործողությունների դադարից հետո հուշարձանախումբը հայտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում, ադրբեջանական վերահսկողության ներքո։  Պատերազմից հետո հուշարձանի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ։

Գրականություն

Հուշարձանի նկարագրությունը հիմնված է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի տեղեկությունների վրա։

Սբ. Վանես եկեղեցին
Սուրբ Վանես եկեղեցին
Ասկերանի շրջան
Արցախ