Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը
Տեղադրություն
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը Արցախի հոգևոր և ճարտարապետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր և գտնվում էր օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական, բարձրադիր՝ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում (նկ. 1):
Պատմական ակնարկ
Ստեփանակերտ քաղաքի գլխավոր տաճարի հիմնարկերքը կատարվել է 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարի կառուցման գաղափարը առաջացել էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մոտ, ինչը պայմանավորված էր Ստեփանակերտ քաղաքի բնակչության հոգևոր պահանջները բավարարող մեծ եկեղեցական կառույց ունենալու անհրաժեշտությամբ: Համաձայն գաղափարի՝ եկեղեցին պետք է դառնար նաև Արցախի ամենամեծ եկեղեցական կառույցը և թեմի առաջնորդանիստը: Եկեղեցին կառուցվել է բարերարների մեկենասությամբ: Որպես եկեղեցու հիմնական մեկենասներ հանդես են եկել գործարար Հրանտ Վարդանյանը և նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, ովքեր եկեղեցու օծման օրը արժանացել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին: Եկեղեցու ճարտարապետն է Գագիկ Երանոսյանը: Մայր տաճարը պաշտոնապես օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին (https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM)։
Եկեղեցու անվանակոչության պատմությունը կապվում է Պարգև Սրբազանի հետ։ Շինարարության ընթացքում՝ 2015 թվականին նա կիսվել է իր մտորումներով այս կապակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ «Աստվածամոր Սուրբ Հովանի» անունը անսովոր էր Հայոց եկեղեցու համար և ավելի շատ կապվում էր ռուսական ավանդույթի հետ, Սրբազանն անվան այդ առաջարկը ներկայացրել էր Վեհափառին, ով համաձայնել էր։ Անվանումը խորհրդանշական էր և ինչպես Պարգև Սրբազանը, այնպես էլ ժողովուրդը հավատում էր Աստվածամոր հովանավորությանը։
Եկեղեցու անվանումը արտահայտում է այն հավատը, որ Սուրբ Աստվածամայրը հոգևոր պաշտպանություն է տալիս ժողովրդին, և եկեղեցին գտնվում է նրա հովանու ներքո։ Պետք է նշել նաև, որ Մայր տաճարը իրական հովանի էր արցախյան երկու պատերազմների ժամանակ, երբ նրա ընդարձակ նկուղը ապաստարան էր դարձել հարյուրավոր արցախցիների համար։
Եկեղեցին կարևոր կենտրոն էր Արցախի հավատացյալների համար և տեղավորում էր շուրջ 1500 մարդ։ Այն խորհրդանշում էր Արցախի հոգևոր կյանքի վերածնունդը և հայկական ինքնության պահպանումը։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Եկեղեցու արտաքին տեսքը և հատակագիծը Զվարթնոցի և Հռիփսիմեի տաճարների համադրությունն է։ Այդ մասին ժամանակին խոսում էր նաև եկեղեցու ճարտարապետը։ (https://www.youtube.com/watch?v=7m3PWGO5m4Y)։
Հատակագծային և ծավալատարածական հորինվածքը հայկական դասական ճարտարապետական ոճի վերաիմաստավորումն էր, որտեղ դասական շինարարական արվեստը համադրված էր կառուցման ժամանակակից տեխնոլոգիաների հետ։
Հատակագծում գլխավոր առանցքը շեշտված էր արևելք արևմուտք ուղղությամբ։ Արևելյան կողմում ավագ խորանն էր։ Եվս հինգ խորաններ տեղադրված էին միջանկյալ կողմնորոշման առանցքի վրա՝ եկեղեցու հատակագծին հաղորդելով վեցախորան հորինվածք։ Եկեղեցու երկարությունը հասնում էր մոտ 35 մետրի, լայնությունը՝ 30 մետր։ Սիմետրիկ հորինվածք է, միայն արևմտյան՝ գլխավոր մուտքի հատվածը մի փոքր երկարացված։ Տաճարն ուներ երեք մուտք (նկ. 2)։ Արևմտյան կողմից եկեղեցուն կից էր եռահարկ, 24 մետր բարձրությամբ զանգակատունը (նկ. 3):
Ստեփանակերտի Մայր տաճարը կենտրոնագմբեթ հորինվածք է, որտեղ ծավալատարածական դոմինանտը գմբեթն է։ Վաղմիջնադարյան զվարթնոցատիպ տաճարների եռահարկ հորինվածքն այստեղ նորովի մեկնաբանություն է ստացել։ Ամբողջ կառուցվածքը ձգվում է դեպի վեր՝ ստեղծելով հոգևոր բարձրության զգացողություն։ Գմբեթը նաև տեսողական կենտրոնն է, ինչպես նաև ներքին տարածքի առանցքը։
Տաճարի եռահարկ կառուցվածքը կանգնեցված է աստիճանավոր գետնախարսխի վրա։ Առաջին հարկը մոտ 6 մետր բարձրությամբ մուտքային հատվածն է, որին հաջորդում է մինչև 15 մետր բարձրությամբ հիմնական ծավալը։ Սրանից վերև գմբեթն է՝ որտեղ ութանիստ թմբուկը պսակված է բրգաձև վեղարով, որը մետաղական՝ պարզ ձևավորված խաչ է կրում (ընդհանուր բարձրությունը 35 մետր)։ Խորանների արտաքին պատերի մեջ բացված են պատուհաններ։ Ութանիստ թմբուկի յուրաքանչյուր նիստի վրա զույգ՝ կամարակապ վերջավորությամբ լայն նույնպես պատուհաններ կան։ Մայր տաճարի արտաքին պատերում արված են նաև ութանկյուն վարդյակների տեսքով պատուհաններ (նկ. 4)։ Կիսաշրջանաձև պատուհանները պսակվում են նրբագեղ «կամարունքերով»։
Ստեփանակերտի Մայր տաճարի արտաքին պատերը զարդարված են հռիփսիմեատիպ խորադիր խորշերով։ Հարավային պատին քանդակված էր արևի ժամացույց (նկ. 4)։
Մայր տաճարն ունի շատ ընդարձակ ներքնատեսք։ Արևելյան՝ ավագ խորանում կառուցված է բարձր բեմ, դեպի ուր տանում են չորս աստիճաններ։ Բեմառէջքը զարդարված է հարթաքանդակներով (նկ. 5)։ Բեմի առջևում բազրիքներով առանձնացված է դասի հատվածը (նկ. 6)։ Արևելյան խորանի արտաքին պատի ամբողջ բարձրությամբ, երկրաչափական հստակ գծագրությամբ քանդակված է խաչ, որն իր մեջ է վերցրել դեպի խորան բացվող պատուհանը (նկ. 7)։
Արևմտյան կողմում՝ մուտքի վերևում կառուցված է երգչախմբի համար օթյակ։ Աղոթասրահը լուսառատ է, որն ապահովված է բազմաթիվ պատուհանների շնորհիվ։ Բնական լույսը ներթափանցում էր պատուհաններից և գմբեթից՝ խորհրդանշելով աստվածային ներկայությունը։ Ներսում Կային Հիսուս Քրիստոսի և Սուրբ Աստվածամոր պատկերներ։ Այստեղ ձևավորումը նպատակ ուներ ոչ թե շքեղությամբ տպավորել, այլ մարդուն կենտրոնացնել աղոթքի, լռության և հոգևոր կապի վրա։ Այն համադրում էր ավանդական հայկական եկեղեցու պարզությունն ու ժամանակակից կառուցվածքի տարածական զգացողությունը։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը կառուցված էր Անիի դեղնակարմրավուն տուֆով (նկ. 2): Շարվածքում՝ երեսապատումն իրականացնելիս օգտագործված են ինչպես դեղնավուն այնպես էլ կարմրավուն՝ շախմատաձև դասավորված քարեր։ Պատի հարդարման բազմագույն այսպիսի մոտեցումը նույնպես բնորոշ է հայկական ավանդական եկեղեցաշինությանը(բնորոշ է հատկապես Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցին)։ Եկեղեցին կառուցված էր սալիկապատ բաց հրապարակի կենտրոնում։
Եկեղեցու առջևում տեղադրված էին երկու խաչքարեր (նկ. 8) և մայրությունը խորհրդանշող կոթողը (նկ. 9)։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Համաձայն ադրբեջանական համացանցային տիրույթում ներբեռնված տեսանյութերի՝ 2026 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը (https://www.aravot.am/2026/04/21/1551378/), ինչը հաստատվել է արբանյակային լուսանկարներով (նկ․ 10)։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հերթական անգամ ներկայացումն է այն հայատյաց և վանդալ հետևողական քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության և ընդհանրապես տարածաշրջանում հայկական հետքի վերացման ուղղությամբ։
Գրականություն
1․ Օծվել է Ստեփանակերտի Մայր տաճարը, https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM:
2․ Ստեփանակերտի Մայր տաճարի խաչերի ու զանգերի տեղադրման արարողություն, https://www.youtube.com/watch?v=7m3PWGO5m4Y:
3․«Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ». aravot.am. 2026 թ․ ապրիլի 21. Վերցված է 2026 թ․ ապրիլի 24-ին:
Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյան փողոց
Արցախ