Վանանդի (Մազրա) եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (եկեղեցին խորհրդային տարիներին գտնվում էր Ղուբաթլուի շրջանում) Վանանդ գյուղի վարչական տարածքում՝ նրա կենտրոնում: Վերջինս միավորված էր Որոտան քաղաքային համայնքի մեջ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1250-1310 մետր բարձրության վրա և միջին դարերում կոչվել է Մազրա (Կարապետյան 1999, 187):

Պատմական ակնարկ
Մազրա գյուղի և նրա կենտրոնում գտնվող եկեղեցու մասին պատմական տեղեկություններ գրեթե չունենք: Գյուղը թերևս հայաթափվել է 18-րդ դարում, քանի որ եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1694 թվականին, բնականաբար գյուղը հայաբնակ էր:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին հատակագծում միանավ է, ունի թաղակապ հորինվածք, ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով (նկ. 1): Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 2): Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ բազալտե քարերով (նկ. 3): Եկեղեցու չափերն են 14,15X8,15 մետր: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, որի բարավորի արձանագրությունը միտումնավոր վնասված է և դժվարությամբ է ընթերցվում (նկ. 4): 8 տողանոց արձանագրությունը հայտնում է, որ այն կառուցել է խոջա Պետրոսը՝ հիշատակ իրեն «եւ իւր կողակիցն, որդոցն՝ Յովանէսին, ծնողացն՝ Մալիքսէթին, Մարուն, եղբա(ր)ցն Առ|աքէլին, Մարգարին… առ(ա)ջնոր|դն Յոհանէս եւ տ(էր)ն գեղ(իս)… մալիք Կալուստ, վերակացուն՝ տ(է)ր Սարգիսն…, թվին ՌՃԽԳ» (Կարապետյան 1999, 188): Խորհրդային տարիներին եկեղեցին ադրբեջանցիներն օգտագործել են որպես անասնակերի պահեստ: Եկեղեցու արևելյան ճակատի խաչաձև պատուհանը կրում է հրազենի հետքեր (նկ. 5) Եկեղեցու հարավային պատի մոտ ընկած է 16-17-րդ դարերի վնասված մի խաչքար (նկ. 6):

նկ. 1 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, 1999, էջ 188։

նկ. 3 Եկեղեցու արևելյան ճակատը լուս. Ս. Կարապետյանի։

նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատի պատուհանը, լուս. Ս. Կարապետյանի։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ս. Կարապետյանի։

նկ. 4 Եկեղեցու հարավային մուտքը և վնասված բարավորը, լուս. Ս. Կարապետյանի։

նկ. 6 Եկեղեցու հարավային պատի տակ ընկած խաչքարը, լուս. Ս. Կարապետյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանն անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Կարապետյան 1999 – Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Վանանդի (Մազրա) եկեղեցի
Արցախ