Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի վերնամասում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևելքից, լուս. Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության ծառայության։

Պատմական ակնարկ

Սբ. Աստվածածին եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Եկեղեցու կառուցման մասին չունենք ստույգ վկայություն: Թերևս ենթադրելի է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ հիմք ընդունելով նրա արտաքին տեսքը, ծավալները և նույնատիպ թվագրված եկեղեցիների առկայությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքում գյուղի եկեղեցին թվագրվում է 18-րդ դարով, իսկ Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության կողմից կազմված եկեղեցու անձնագրում հիշատակվում է եկեղեցու արևելյան պատի ստորին պատի հատվածում քարերից մեկի վրա ընթեռնելի :ՌՄԶ: տառերը (1757 թ.): Անձնագրում նշվում, է որ հավանական է եկեղեցու 18-րդ դարով թվագրումը՝ հիմք ընդունելով այս երեք տառերը: Սակայն, ցավոք, անգամ այս քարի լուսանկարը չկա: Չկա նաև այլ հիմնավորում (https://artsakhdiocese.am/map/askerani-shrjan ): Վարազաբուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ սակայն առանց կառուցման թվականը հիշատակելու (Բարխուտարեանց 1895, 128):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափի կոպտատաշ, կիսամշակ քարերով, շաղախով: Սրբատաշ են անկյունաքարերը, լուսամուտների ու մուտքի եզրաքարերը (նկ. 2, 3): Եկեղեցին ներքուստ թաղածածկ է, պատերը ծածկված են սվաղով (նկ. 4, 5): Միակ մուտքը գտնվում է հարավային կողմում: Եկեղեցու մկրտարանում կա ագուցված խաչքար:  Եկեղեցու մոտ՝ մուտքից ձախ, մեծադիր տապանաքար է, որը վերաբերում է քահանա Տեր Եղյանին (1829-1893):

Նկ. 2 Եկեղեցու արտաքին ճակատները, լուս. Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության ծառայության։

Նկ. 3 Եկեղեցու արտաքին ճակատները, լուս. Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության ծառայության։

Նկ. 4 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության ծառայության։

Նկ. 5 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության ծառայության:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Վարազաբունի Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում էր վթարային վիճակում, պատերին կան ճաքեր, տանիքի մի հատված փլված էր, իսկ կանգուն հատվածները՝ խոտածածկ: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, հեռացվել է բեմը, լայնացվել են պատուհանները, ընդարձակվել է մուտքը:  Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով տարածքը վերահսկվում է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ճակատագիրն անհայտ է:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. https://artsakhdiocese.am/map/askerani-shrjan
Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ