Վարդաշատի սբ․ Հռիփսիմե եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի կենտրոնում (նկ․1)։


նկ. 1 Եկեղեցին հարավ-արևմուտքից, 2013 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Վարդաշատ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 3 կիլոմետր արևմուտք։ Պատմական գրականության մեջ հիշատակվում է Որդնաշատ անունով։
Մ․ Բարխուդարյանը խոսելով գյուղի մասին նշում է․ «Որդնաշատի բնակիչք տեղափոխուած են Միլ քաղաքից, հողն բեկական է և նուազ արդիւնաբեր․․․» (Բարխուտարեան 1895, 46): Խորհրդային շրջանում օգտագործվել է Էդիշա անվանումը, հետխորհրդային շրջանում պաշտոնապես ստացել Վարդաշատ անունը։
2020 թվականի հոկտեմբերից Վարդաշատը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Ունի կիսաշրջանաձև խորան երկու ավանդատներով։ Բեմը ներկայումս քանդված է։ Կառուցված է տեղական մոխրագույն կրաքարով։ Ներքուստ թաղակապ է, արտաքուստ ունի երկթեք տանիք, որը խորհրդային տարիներին պատվել է ասբեստե թիթեղով։ Ունի երեք լուսամուտներ՝ արևելյան, արևմտյան և հարավային կողմերում։ Սրբատաշ քարերով եզերված մուտքը բացվում է հարավային կողմից (նկ․2)։ Ձևավոր զարդաքանդակներով բարավորի վրա պահպանվել է 1896 տարեթիվը, որն ամենայն հավանականությամբ ոչ թե եկեղեցու կառուցման, այլ վերակառուցման տարեթիվն է, քանի որ հարավային պատին պահպանված արևային ժամացույցին պահպանվել է :թվին ։ՌՃՂԴ։ (1695) տարեթիվը (նկ․3)։ Հարավային պատի մեջ ագուցված արձանագիր քարի վրա կարդում ենք․«Այս է անուն եկեղեցո» (նկ 4)։ Մուտքի անմիջական շեմին տեղադրված է պարզագույն խաչով մի տապանաքար (նկ․5)։
Եկեղեցուց դեպի հյուսիս պահպանվել է հին գերեզմանոցը կանգուն տապանաքարերով։
Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։

նկ. 2 Եկեղեցու մուտքը, 2013 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 3 Արևային ժամացույցը, 2013 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 4 Հարավային պատին պահպանված արձանագիր քարը, 2013 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 5 Մուտքի շեմի տապանաքարը, 2013 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր լավ վիճակում, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Բարխուտարեան 1895 – Բարխուտարեան Մ․, Արցախ, Բագու։
Վարդաշատի սբ․ Հռիփսիմե եկեղեցին
Արցախ