Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին

Տեղադրությունը

‹‹Եղցաձորի եղցի›› կոչվող եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական սահմաններում՝ գյուղի եզրին (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևմուտքից, լուս. Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Վերին Սզնեք գյուղը, նշում է միայն գյուղամիջյան եկեղեցու մասին (Բարխուտարեանց, 1895, 101):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ միանավ սրահ է՝ արևելյան կիսաշրջան խորանով, զույգ ավանդատներով և բեմին ներկառուցած պատրհաններով (նկ. 2)։ Թաղակիր կամարները հենվում են որպես սյուն ծառայող 16-17-րդ դարերի տապանաքարերի վրա։ Բեմին մոտ՝ հյուսիսային պատում, ներկառուցված է մկրտության ավազանը։ Բեմառէջքը, սեղանը, ավանդատների մուտքի եզրաքարեը նույնպես իրականացված են խաչքարերի, տապանաքարերի և սրբատաշ այլ  քարերի վերօգտագործումով (նկ. 3)։ Դրանց մեջ առաձնանում է 12-13-րդ դարերի մի խաչքար, որը նաև պատկերաքանդակ ունի։ Եկեղեցու չափերն են 10x8 մետր։ Կառուցված է կրաքարի և ավազաքարի կոպտատաշ և անտաշ քարերով, կրաշաղախով, ներսից սվաղապատ է։ Արևմտյան և արևելյան ճակատներում  բացվում են երեքական նեղ լուսամուտներ։ Տանիքը պատված է անկախության տարիներին արված ասբեստե ծածկով։

Նկ. 2 Եկեղեցու բեմը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 3 Թաղակիր կամարի հիմք-տապանաքարը, լուս. Ա. Գրիգորյանի։

Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է (նկ. 4)։ Այն ունի կրկնակի շրջանակ։ Արտաքին շրջանակը բաղկացած է մոխրագույն ավազաքարից իրականացված՝ հատվածքում ուղղանկյուն սյուներից, պարզ սալակերպ խոյակներից և սլաքաձև կամարից։ Ներքին շրջանակն իրականցված է երկու ուղղահայաց և դրանց վրա դրված՝ որպես բարավոր ծառայող կրաքարե տապանաքարերով։ Բոլոր տապանաքարերն էլ կրում են խաչային հորինվածքներ։ Աջակողմյան տապանաքարը հակառակ կողմում ունի պատկերաքանդակ (նկ. 5), որը ներկայացնում է հանգուցյալին ընտանեկան շրջապատում. մատռվակը նրան է մեկնում գինու գավաթը, հանգուցյալի մի ձեռքը բռնել է մայրը, մյուս ձեռքով նա պահում է պնակիտը, որի վրա փորագրված է թվականը, որը հստակ չի ընթերցվում։ Ձախ կողմի արձանգրությունը (նկ. 6) հայտնում է.  «Ես՝ Զ[ո]հր[ա]պ կ[ա]մ[աւ]ն Ա[ստուծո]յ/ կակնեցի զխ[ա]չս/ իմոյ որդ[ոյ]…»։

Եկեղեցու շուրջը տարածվում է 16-17-րդ դարերին բնորոշ գերեզմանոցը:

Նկ. 4 Մուտքի ընդհանուր տեսքը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Մուտքի աջակողմյան տապանաքարը ներսից, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 6 Մուտքի աջակողմյան տապանաքարի արձանագրությունը, լուս. Ա. Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, սակայն գտնվում է վթարային վիճակում, զգալի մակերեսը ծածկված է խոտով և բուսականությամբ (նկ. 5):

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանամերձ, թշնամու դիրքերը գտնվում են գյուղից 600-800 մետր հեռավորության վրա։ Գյուղը և եկեղեցին հայտնվել են ադրբեջանական նշանառության տակ:

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895։
Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին
Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին
Ասկերանի շրջան
Արցախ