Վնեսա բերդը

Տեղադրությունը

Վնեսա բերդը գտնվում է Հադրութի շրջանում, Տող-Հադրութ մայրուղուց երկու կիլոմետր հեռավորության վրա, Քյուրաթաղ գյուղից արևմուտք (նկ․ 1)։ Օկուպացված է Ադրբեջանի կողմից։

նկ. 1 Բերդը հարավ -արևմուտքից, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Բերդը համարվել է Դիզակի ժողովրդի ազատագրական պայքարի առաջնակարգ ամրոցը։ Նրա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տվել ազդանշանային կապ ապահովել մյուս բերդերի՝ Դիզափայտի, Քթիշի, Ղլեն քարի և Բրդահոնջի հետ, իսկ բերդի ուղեկալը հսկողության տակ էր պահում Արաքսից հյուսիս ընկած տափարակով կատարվող անցուդարձը։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Բերդը արևելյան, արևմտյան և հարավային կողմերով շրջապատված է ձորերով, իսկ արևմտյան մասով միանում է Վնեսա սարին։ Ունի 125 մետր երկարություն, 45 մետր լայնություն, 4-12 մետր բարձրություն։ Հուշարձանն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն։ Ամրոցապատերը տեղադրված են լեռան շրջագծով՝ հատակագծում ունենալով տեղանքից բխող անկանոն ուղղանկյան ձև (նկ․ 2)։ Առանձին հատվածներում պահպանվել են աշտարակների կիսակլոր հիմքերը (նկ․ 3)։ Արևմտյան հատվածում են եղել տեղադրված բերդի երկու ամենաբարձր աշտարակները, որոնց միջև եղել է դարպասը։ Ներկայումս գրեթե ամբողջական պահպանվել է 10-12 մետր բարձրություն ունեցող աշտարակներից մեկը (նկ․ 4)։ Պարսպի ներսի տարածությունը հարթ է և զբաղեցնում է բավական մեծ մակերես։ Այստեղ եղած  տարբեր շինությունների, մասին վկայում են դրանց, առ այսօր պահպանված հիմքերը և ավերակները (նկ․ 5, 6)։ Խոշոր աշտարակները, ինչպես նաև պարսպապատերի խոշորաքար պոլիգոնալ շարվածքը հիմք են տալիս սկզբնական կառույցը թվագրել 9-10-րդ դարերով։

Մակար Բարխուդարյանը Վնեսա բերդը նկարագրելիս գրում է․ «․․․ Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բակերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ» (Բարխուտարեանց 1895, 55)։

նկ. 2 Բերդի հարավային պարսպապատից մի հատված, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 6 Միջնաբերդի շինությունների ավերակները, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 3 Բերդի հյուսիսային պարսպապատից մի հատված, 2019․ լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 4 Բերդի արևմտյան աշտարակները, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 5 Միջնաբերդի շինությունների ավերակները, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ բերդը չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Բարխուտարեանց, 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։

2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Վնեսա բերդը
Վնեսա բերդը
Հադրութի շրջան
Արցախ