Տանձատափի եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձատափ (Ղարաբաբա) գյուղի հյուսիսային կողմի մի բարձունքի վրա, Կովսականից (Զանգելան) 21 կմ հյուսիս, ՀՀ ներկա սահմանից 2 կմ հեռավորության վրա:
Նկ․ 1 Տանձատափի եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, լուս. Ս. Կարապետյանի։
Նկ․ 2 Տանձատափի եկեղեցու տեսքը հարավ-արևելքից, լուս. Ս. Կարապետյանի։
Պատմական ակնարկ
Տանձատափի եկեղեցու մասին տեղեկությունները շատ քիչ են։ Հիմք ընդունելով ճարտարապետական-հորինվածքային լուծումները և պատմական իրողությունները եկեղեցին թվագրվում է 19-րդ դարի երկրորդ կեսով։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում կամարաձև ներգծված խորանով և զույգ ավանդատներով միանավ սրահ է: Կիսագլան թաղը հենվում է զույգ որմնասյուներով կազմվող կամարների վրա, տանիքը երկթեք է, արտաքին չափերն են՝ 14,50x8,30 մետր (Կարապետյան 1999, 204, նկ․ 3)։
Նկ․ 3 Տանձատափի եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 205։
Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Սրբատաշ քարերն օգտագործվել են կառույցի անկյունային հատվածներում, թաղակիր կամարների ու որմնասյուների, մուտքի դռան ու պատուհանների հատվածներում, որոնք հետագայում հիմնականում քանդվել են վերօգտագործման նպատակով։ Ներքուստ ծեփապատ է։ Միակ մուտքը, որն այժմ ամբողջությամբ ավերված է, հարավից է: Եկեղեցին ունի յոթ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են ավագ խորանի և ավանդատների հատվածներում (արևելյան պատ) (նկ․ 4), երկուսը՝ հարավային, մեկը արևմտյան պատերի մեջ: Խորանի հատվածում և աղոթասրահի հյուսիսային պատում առկա են խորշեր։ Հարավային պատի վրա, մուտքից ձախ, տեղադրված է խաչապատկեր (նկ․ 5)։ Կառույցի շուրջը փռված է եղել համաժամանակյա գերեզմանատունը, որն ավերվել է 1989-1993 թվականներին (Կարապետյան 1999, 204)։
Նկ․ 4 Տանձատափի եկեղեցու տեսքը հյուսիս-արևելքից, լուս. Ս. Կարապետյանի։
Նկ․ 5 Տանձատափի եկեղեցու հարավային պատին տեղադրված խաչաքանդակը, լուս. Ս. Կարապետյանի։
Մատենագրական քննություն
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացնելով գյուղն ու եկեղեցին, անդրադառնում է նաև եկեղեցու շուրջը գտնվող ավերված գերեզմանոցից պահպանված առձանագիր տապանաքարին, որը թվագրում է 1882 թվականով (Կարապետյան 1999, 205)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Տանձատափի եկեղեցին պատերազմից առաջ և հետո, զգալի փոփոխությունների չի ենթարկվել (նկ․ 6)։
Նկ․ 6 Տանձատափի եկեղեցու տեսքը հարավից, լուս. Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։
Գրականություն
1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
Քաշաթաղի շրջան
Արցախ