Տանձուտի վիմափոր եկեղեցին

Տեղադրությունը

Տանձուտ գյուղը (խորհրդային տարիներին կոչվել է Ղարաղշլաղ) գտնվում է Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գետի արևմտյան՝ Աղավնո վտակի ձախափնյա ձորակում։ Այստեղ՝ բարձրաբերձ ժայռերի մեջ շատ են տարբեր չափերի քարանձավները, որոնք հազարամյակներ շարունակ բնակելի են եղել: Միջնադարում կիրճի ձախ կողմում քարանձավային բնակատեղի է եղել. այդ են վկայում ջրաղացի ավերակները, հին ճանապարհի հետքերը, ճգնարան-այրերը և միջնադարյան ժայռափոր բազիլիկ փոքր եկեղեցին։ Գյուղը  գտնվում է ծովի մակերևույթից   1300 մետր բարձրության վրա։

Պատմական ակնարկ

Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկություններն այս եկեղեցու մասին բացակայում են։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Եկեղեցին  փորված է գյուղից մոտ 1,0 կմ հյուսիս-արևելք գտնվող՝ ճակատային մասով դեպի հարավ նայող ժայռազանգվածի մեջ (նկ․ 1)։

Նկ. 1 Տանձուտի եկեղեցու մուտքի ճակատը, լուս․ Ս․ Դանիելյանի, 2020 թ․:

Հատակագծային հորինվածքը միանավ բազիլիկ տիպի է։ Աղոթասրահն ունի  են 5,8-2,5 մետր չափեր, բարձրությունը՝ 4,4 մետր: Հարավային  կողմում են բացված եկեղեցու մուտքը  և երկու՝  դեպի ներս լայնացող   պատուհանները: Արևելյան կողմում՝ խորանի մեջ ժայռափոր բեմն է, դեպի ուր տանում են չորս ժայռափոր աստիճաններ (նկ․ 2)։ Խորանի մեջ փորված են երկու պատրհան-խորշեր։ Սուրբ խորանից հանվել է սեղանի վեմ-քարը, որի տեղը երևում է: Այս քարը եկեղեցու կառուցվածքային համակարգում միակ բաղադրիչն է, որ առանձին է կերտված։ Եկեղեցու ներքնատեսքն ունի  զուսպ հարդարանք։ Պատերը լավ մշակված են, բայց որևէ գրություն և խաչաքանդակ չեն կրում (նկ․ 3)։

Եկեղեցու արևմտյան կողմում պահպանվել է նաև բնական կամար, որի միջով է ժամանակին անցել սրբավայր տանող ճանապարհը: Կամարի ու եկեղեցու կենտրոնական մասում, մեծ ժայռաբեկորի վրա, փոսորակ կա, որը խաչքարի տեղ է հիշեցնում: Անկասկած,  ժամանակին այստեղ նաև խաչքար-կոթող է եղել, որը մահմեդական  տեղաբնակների կողմից վերացվել է:

Նկ․ 2 Տանձուտի եկեղեցու հատակագիծը, լայնական և երկայնական կտրվածքները, լուս․ Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1999, էջ 140:

Նկ. 3 Եկեղեցու խորանը, լուս․ Ս․ Դանիելյանի, 2020 թ․։

Մատենագրական քննություն

Քաշաթաղի շրջանում՝ ժայռափոր համալիրներում, հետազոտություններ են իրականացվել դեռևս 1987-89 թվականներին։ Ուսումնասիրություններն իրականացրել է ՀԽՍՀ ԳԱ Աշխարհագրական ընկերության Քարանձավագիտական արշավախումբը։ Այդ աշխատանքներն ընդհատվել են արցախյան հակամարտության սրման պատճառով և վերսկսվել 2003 թվականից։ Գիտահետազոտական  աշխատանքներն իրականացնում էր Հայաստանի Անձավագիտական կենտրոնը։ Վերջինիս և քարանձավագիտական միջազգային գիտական արշավախմբերի համատեղ հետազոտական աշխատանքները Հակարի գետի և նրա վտակների ավազանում ամփոփվել են տեղական և միջազգային գիտական պարբերականներում (Шагинян 2020, 39,40)։ Տանձուտի վիմափոր եկեղեցու  հատակագիծն ու հակիրճ նկարագրությունը զետեղված է  միջազգային գիտաժողովի նյութերը ներկայացնող ժողովածույում (Gunko, Shahinyan, Kondrateva 2021, 57-61)։

Սամվել Կարապետյանը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում նույնպես անդրադարձել է Տանձուտի վիմափոր եկեղեցուն (Կարապետյան 1999, 141)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում գյուղը հայաթափվել է և բնակեցվել մահմեդականներով (Կարապետյան 1999, 140, 141)։ Գյուղի վիմափոր եկեղեցին  և շրջակայքի բնակարանները հիմնականում  որպես անասնագոմ էին ծառայում։ Արցախյան առաջին պատերազմից հետո դրանք մաքրվել են։

Արցախյան երկրորդ  պատերազմի ընթացքում և հետո Տանձուտի եկեղեցին  էական փոփոխություններ չի կրել։

Գրականության ցանկ

1․Կարապետյան 1999 - Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

2․ Шагинян 2020 - Шагинян С․, Сакральные подземные сооружения  бассейна реки Гочанц Пещерные сооружения Горной Армении-Арцах, НУАСА, Ереван, 34-50․

3․ Gunko, Shahinyan, Kondrateva 2021 - Gunko A., Shahinyan S., Kondrateva S., About Problem Of Preservation Of Christian Cave Complexes On The Territory Of Ngorno Karabakh, Procedings Of  13 th International Conference Contemporary Problems of Architecture and Construction, Yerevan-Armenia, 6-8 October, 57-63:

Տանձուտի վիմափոր եկեղեցին
Տանձուտի վիմափոր եկեղեցին
Քաշաթաղի շրջան
Արցախ