Տյաքի սբ. Մեսրոպ եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տյաք գյուղում։ Տյաքը, որ 2017 թվականից պետական արգելոցի կարգավիճակ ունի, այն բնակավայրերից է, որտեղ պահպանել է 18-19-րդ դարերի ժողովրդական ճարտարապետությունը։

Պատմական ակնարկ

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում (Բարխուտարեանց 1895, 66)։ Շրջակայքում է գտնվում նաև գյուղի պատմական գերեզմանոցը։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Հուշարձանը միանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական կոպտատաշ բաց դարչնագույն և մոխրագույն քարերով, լուսամուտների շրջանակները, շքամուտքն ու անկյունաքարերը սրբատաշ կրաքարից են։ Հարավային պատում բացվող շքամուտքի բարավորը հարդարված է 18-19-րդ դարերի արցախյան եկեղեցիների համար բնորոշ ելնդավոր  կամարաշարքով: Այս պատում տեղադրված են նաև երկու լուսամուտներ:

Ծածկն ի սկզբանե եղել է կղմինդրապատ։ Խորհրդային տարիներին փոխարինվել է թերթաքարով։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ամբողջությամբ վերականգնվել է 2019-2020 թթ. ընթացքում (նկ. 1, 2)։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

նկ. 1 Եկեղեցու արտաքին տեսքն արևմուտքից՝ վերականգնումից առաջ, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից՝ վերականգնումից հետո, լուս.՝ Գայանե Բուդաղյանի։

Մատենագրական քննություն

Հուշարձանը համեմատաբար նոր կառույց է։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:

 

Տյաքի սբ. Մեսրոպ եկեղեցին
Տյաքի Սբ. Մաշտոց եկեղեցին
Տյաքի Սբ. Մաշտոց եկեղեցին
Արցախ