Տոնաշենի Եղակեր գյուղատեղիի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Եղակեր շեն տեղամասում՝ Տոնաշեն գյուղից ոչ հեռու (նկ. 1, 2): Տոնաշենի շրջակայքում են գտնվում մի շարք հին գյուղատեղիներ՝ Եղակեր, Փոքր Թթուտ, Կոտրած եղցի և այլն (Բալայան 2020, 396):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները գրեթե բացակայում են՝ միակ հիշատակությունը հանդիպում ենք Մակար Բարխուդարյանցի մոտ. «…եկեղեցին Սուրբ Աստուածածին քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ և հին, երկարութիւն 12 մետր 5 սանթիմ, լայնութիւն 7 մետր 50 սանթիմ: Տաճարիս մօտ կայ հնուց մնացեալ մեծ հանգստարան, որի մէջ գիր ունեցող գտանք միայն. «Այս է տապան Մխիթարի որդի Մեժլում քոխային թվ. ՌՃՂԹ» (Բարխուտարեանց 1895, 237-238):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով միանավ, արևելյան խորանով թաղածածկ սրահ է: Եկեղեցիմն ներքուստ թաղածածկ է, արևելյան կողմում՝ խորանով: Թաղը հենվում է զույգ պատկից սյուներով ստեղծված կամարի վրա: Հիմք ընդունելով արտաքին տեսքն ու հատակագիծը՝ այն պետք է կառուցված լիներ (կամ էլ հիմնովին վերակառուցված) 19-րդ դարում: Կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին չափերի քարերով, համեմատաբար խոշոր կոպտատաշ քարերով են շարված անկյունաքարերը, այն էլ՝ միայն ներքևի շարում, իսկ վերևում դրանք իրականացված են արդեն միջին չափերի կոպտատաշ քարերով (նկ. 3): Եկեղեցու միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում և իրականացված է համեմատաբար սրբատաշ խոշոր քարերով (նկ. 4): Եկեղեցու պատուհանները փոքր են և բացված են արևմտյան և արևելյան ճակատներում: Ընդհանուր առմամբ եկեղեցու արտաքին տեսքը շատ զուսպ է: Եկեղեցու արևելյան կողմում գտնվում են Արցախի խաչքարային դպրոցին բնորոշ 12-13-րդ դարերի խաչքար: Խաչքարի վրա աչքի են ընկնում խաղողի ողկույզները (նկ. 5):

Նկ. 3 Եկեղեցու հյուսիսային ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատը, խաչքարը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո եկեղեցու ճակատագրի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, «Արօր»:
Տոնաշենի Եղակեր գյուղատեղիի Սբ. Աստվածածին եկեղեցին
Տոնաշենի Եղակեր գյուղատեղիի Սբ. Աստվածածին եկեղեցին
Եղակեր շեն տեղամաս
Արցախ