Ցորի Սուրբ Լուսավորիչ եկեղեցին

Տեղադրությունը

Գտնվում է Հադրութի շրջանի Ցոր գյուղից 2-2,5 կիլոմետր դեպի հարավ արևմուտք, ձորափի վրա բարձրացող բլրի վրա, Ցորաբերդի ստորոտում (նկ․ 1, 2)։ Գյուղը 1991 թվականի «Օղակ» օպերացիայի արդյունքում հայաթափվել է, ազատագրվել է 1993 թվականի ամռանը։ 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Նկ. 1 Լուսավորիչ եկեղեցին հարավ – արևմուտքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում ունի կիսակլոր աբսիդ (նկ․ 3)։ Ծածկը եղել է գլանաձև թաղի տեսքով, այժմ փլված է։ Կառուցված է տեղական անմշակ խոշոր գետաքարով, ժայռաքարով և կրաշաղախով։ Միակ մուտքը բացվում է հարավից (նկ․ 4), երեք փոքր լուսամուտները՝ արևելքից, հարավից, արևմուտքից։ Մուտքը կառուցված է սրբատաշ խոշոր քարերով, ունի ուշագրավ ձևավորում. եզրերն ու առաջեկ կամարը շարված են իրար հաջորդող սև և դեղնավուն քարերով, ինչը որոշակի աշխուժություն է հաղորդում կառույցին: Սև լայն բարավորն ավարտվում է խիստ նեղ կամարաձև դեղին սալով, որի վրա սևաներկով գրված է. «Ես Մխիթար … գիրեցի» (նկ. 5): Ներսում՝ հյուսիսային պատի մեջ ներկառուցված է սլաքաձև կամարով մկրտության ավազանը (նկ․ 6):
Եկեղեցին ունի 12 մետր երկարություն, 7,90 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն։

Դատելով շքամուտքի կառուցվածքից և ձևավորումից, եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում:

Նկ. 6 Եկեղեցու մկրտարանը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Տարածքում պահպանվել են խցերի հետքեր, տապանաքարեր, որոնցից մեկի վրա կա արձանագրություն (նկ․ 7) և մի պարզ խաչքար։ Այն կերտված է կրաքարից, աչքի է ընկնում լայնաթև խորաքանդակ մեծադիր խաչով, վերաբերում է 10-11-րդ դարերին (նկ․ 8)։

Եկեղեցուց հյուսիս–արևելք կա մի գետնափոր դամբարան՝ 4 մետր լայնությամբ և 4 մետր երկարությամբ։ Դամբարանը ներքուստ թաղակապ է, արտաքինից հողածածկ (նկ․ 9, 10)։ Ներսում կա մի անարձանագիր շիրմաքար։ Հավանաբար այն կարևոր անձնավորության է պատկանում, քանի որ ըստ Մ․ Բարխուդարյանի «գերեզմանը մեծ ուխտատեղի է» (Բարխուտարեանց 1895, 43):

Նկ. 9 Եկեղեցու տարածքում գտնվող դամբարանի մուտքը, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարան։

Նկ. 10 Դամբարանը ներսից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարան։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Ս․ Լուսավորիչ եկեղեցին գտնվում էր վատ վիճակում, ամբողջությամբ փլված է թաղակապ տանիքը և հարավ-արևելյան պատի մի հատվածը (նկ․ 11, 12)։

44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում եկեղեցու վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Նկ. 11 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ – արևելքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 2 Եկեղեցու տեսքը հյուսիս - արևելքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 3․ Եկեղեցին ներսից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 4 Եկեղեցու մուտքը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 5 Եկեղեցու բարավորը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի

Նկ. 7 Եկեղեցու հարավային պատի տակ պահպանված արձանագիր տապանաքարը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 8 Եկեղեցու տարածքում պահպանված խաչքարը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 12 Եկեղեցին ներսից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։

2․ Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։

3․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

4․ Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա, 1953։

Ցորի Սուրբ Լուսավորիչ եկեղեցին
Ցորի Սուրբ Լուսավորիչ եկեղեցի
Ցորի Սուրբ Լուսավորիչ եկեղեցի
Արցախ