Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23, իսկ Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին իր շրջակայքի տապանաքարերով, Քարին ջուր աղբյուրը (մանրամասն տես՝ Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը - Monument Watch), Թադեոսի կամուրջը (մանրամասն տես՝ Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը - Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին և այլն: Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:
Պատմական ակնարկ
Դաշուշեն գուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Բարխուդարյանցը ներկայացնում է Դաշու Շէն գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ հիմնականում Շուշիից։ Բարխուդարյանցը նաև նշում է, որ Ներքի-շէն և Սողոմոնի շէն բնակատեղիներից մնացել են ավերակները, իսկ բնակիչները 1860 թվականին տեղափոխվել են Շուշի (Բարխուտարեանց 1895, 131)։ Դաշուշենի (Քարաշեն) վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։
Բարխուդարյանցը հիշատակում է նաև Սբ․ Աստվածածին եկեղեցին, նշում, որ եկեղեցին ունի մեկ քահանա։ Սբ․ Աստվածածին եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես մշակույթի տուն, ապա որպես պահեստ։ Արևմտյան կողմից կառուցվել է երկհարկանի կից շինություն։ Անկախության տարիներին վերականգնվել է եկեղեցու նախնական գործառույթը, եկեղեցին վերանորոգվել է բարերարների կողմից։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի մեջ, ունի 8 մետր լայնություն և 11 մետր երկարություն (1843 թ․, նկ․ 1)։ Այն միանավ սրահ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է (նկ․ 2)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, մուտքը հարավային կողմից է։ Ներքուստ թաղածածկ է, տանիքը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարի վրա։ Կառույցի անկյունային հատվածները, մուտքերի եզրաքարերը, խորանի կամարակապը և թաղակիր կամարը կառուցված են սրբատաշ քարերով (նկ․ 3)։ Կամարանցումները ոճավորված են (նկ․ 4)։ Կառույցն ունեցել է կղմինդրե ծածկ, որը խորհրդային շրջանում փոխարինվել է թիթեղով։ Վերականգնման ժամանակ կառույցի տանիքի կենտրոնական հատվածում ավելացվել է քառաոտ զանգաշտարակը:
Եկեղեցու կառուցման արձանագրությունը՝ երկու կիսաշրջան տողերով, գտնվում է մուտքի սրբատաշ բարավորի եզրային հատվածում (նկ․ 5). «Կամաւն Աստըծոյ կառուցաւ այս Ա[ստուա]ծածինի սուրբ եկեղեցիս յիշատակ իմ/ Թաթոս Առաքելեան եւ ի … եւ ի ծնողաց իմոց յիշել անմահ պատարաքս ծ[ե]ր»: Բարավորի կենտրոնական հատվածում պատկերված խաչաքանդակը, եզրակամարի վերին հատվածի փոքրիկ խաչը, ստորին հատվածի քանդակները խորհրդային շրջանում քերվել են։ Կենտրոնական խաչի վերին թևի երկու կողմերում պահպանվել է կառուցման թվականը՝ «1843»։
Եկեղեցու հարավային բակում՝ մուտքի աջ կողմում տապանաբակն է, 19-20-րդ դդ․ արձանագիր տապանաքարերով (նկ․ 6)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցու վիճակը 44-օրյա պատերազմից հետո փոփոխությունների չի ենթարկվել։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Արօր, Բագու։
- Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ եկեղեցի Սբ․ Աստվածածին, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1003&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B6, 26․09․2023։
Ասկերանի շրջան
Արցախ