Քյուրաթաղ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով գյուղը, հիշատակում է նաև եկեղեցին (Բարխուտարեանց 1895, 72-73):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ (նկ. 1), ներսից այն եռանավ թաղակապ սրահ է: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով (նկ. 2): Միակ մուտքը հարավային կողմից է, աչքի է ընկնում իր շքեղ զարդաքանդակներով (նկ. 3): Համաձայն մուտքի բարավորի արձանագրության (արձանագրությունը փորագրված է բարավորին կենտրոնում պատկերված խաչից աջ և ձախ)՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին (նկ. 4): Խաչաքանդակի ձախ կողմում փորագրված է. «Շինեց[ա]ւ սբ եկեղեցիս թվ. ։ՌՃLԲ։ (1683 թ.) ի թ[ա]գ[աուորու]թի[ւ]ն Սուլիէմանին, կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]ս[ու]թի[ւն] Երեմիայի»։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևելքից, լուս. Գ. Բուդաղյանի:

նկ. 3 Եկեղեցու հարավային շքամուտքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

նկ. 2 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

նկ. 4 Եկեղեցու բարավորի շինարարական արձանագրությունները, լուս. Գ. Բուդաղյանի։
Շահ Սուլեյմանը թագավորել է 1666-1694 թվականներին, իսկ Երեմիա Բ Հասան Ջալալյանցի հայրապետության տարիներն են 1676-1700 թվականները։ Հետևաբար վիմագրի մեջ նշված կառուցման թվականը կասկած չի հարուցում։ Խաչաքանդակից դեպի աջ կարդում ենք. «Մեք Խօրքյուրայթաղայ մեծ եւ փոքր, ժ[ո]ղո]վ[ու]րդս շինեցինք։ Տանուտէր դեղիս՝ Ղասումն։ Յ[ի]շ[ա]տ[ա]կ է ։1102։ (1653 թ.)»: Հավանական է, որ արաբատառ թվագրությունը ավելացվել է հետո։ Մուտքի ձախ կողմում կարդում ենք. «Խաչկալս յիշատակ է խօջա Վարդանի կողակից Ղջլին, թվ. ։ՌՃՂԲ։ (1743 թ.)» (նկ. 5): Եկեղեցու պատերին ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք ունեն հիշատակագրային բնույթի արձանագրություններ: Դրանցից մեկը թվագրված է 1683 թվականով (նկ. 6)։

Նկ. 5 Եկեղեցու շքամուտքի ձախ կողի արձանագրությունը, լուս. Գ. Բուդաղյանի։

Նկ. 6 Խաչքար ագուցված հարավային պատում, մուտքից աջ, լուս. Գ. Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցու մասին տվյալները բացակայում են:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
Քյուրաթաղ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ