Ամարասի վանական համալիրի պաշտպանական համակարգը և աշխարհիկ շինությունները
Վանքի կառուցապատման սկզբունքն ու պաշտպանական համակարգը
Ամարասի համալիրը, որն իր ներկա տեսքն ստացել է հիմնականում 17-րդ դարում, հատակագծում ուղղանկյան տեսք ունի և ընդգրկում է մոտ կես հեկտար (59,0 x 85,0 մետր) տարածք, որը շրջապատված է 5,0 մետր բարձրություն ունեցող պարիսպներով (նկ․ 1)։ Տեղանքը հարթ է, որը հնարավոր է դարձրել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով՝ բարձր, ուղղաձիգ պարիսպների ողջ պարագծով ներսում կառուցված են բնակելի և օժանդակ շինությունները, ընդ որում, համալիրի արևելյան մասը բնակելի սենյակների շարքով անջատվում է, և ստացվում են երկու ներքին բակեր (նկ․ 2)։
Ներքին բակերից արևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ձիանոցը, մթերանոցները)։ Արևմտյան՝ ավելի ընդարձակ բակի (46,0 x 59,0 մետր) կենտրոնում բարձրանում է համալիրի հիմնական կառույցը՝ Սուրբ Գրիգորիս եռանավ բազիլիկան։ Դեպի այս բակն են բացվում վանքի բոլոր բնակելի սենյակները։ Սեղանատունը, վանահոր երկհարկանի շենքը տեղադրված են բակի հարավային կողմում։
Ամարասի վանքն անկայուն քաղաքական իրավիճակի դեպքում իր անվտանգությունն ապահովելու համար ունի անհրաժեշտ պաշտպանական համակարգ՝ աշտարակներով ամրացված պարսպապատեր։ Շրջանաձև հատակագծով աշտարակները (տրամագիծը 6,0 մետր) պարիսպների չորս անկյուններում են։ Այսպիսի լուծումը բնորոշ է Հայաստանի 17-րդ դարի համարյա բոլոր վանական համալիրների ամրաշինությանը (Հասրաթյան 1975, 36)։ Վանքն ունի մեկ, կամարակապ վերնամասով մուտք՝ հարավարևելյան կողմում, որը բացվում է դեպի տնտեսական բակը (նկ․ 3)։ Այսպիսի լուծումը պաշտպանական նշանակություն ունի, որովհետև ստացվում է ամրությունների երկաստիճան համակարգ, և վանքի արևմտյան, հիմնական մասը ներթափանցելու համար պետք էր հաղթահարել նոր արգելք՝ երկու բակերի միջև եղած դարպասը։ Նման երևույթ գոյության ունի Սյունիքի 17-րդ դարի այլ պաշտամունքային համալիրներում ևս (Հասրաթյան 1973, 24)։ Պաշտպանական նկատառումներով է պայմանավորված նաև պարիսպների բարձր լինելն ու նաև այն, որ ստորին մասում դրանք որևէ բացվածք չունեն, որը կթուլացներ նրանց անառիկությունը։ Պարիսպներին կից, ներսում կառուցված բնակելի և տնտեսական շենքերի հարթ տանիքները հարմարեցված են պաշտպանելու և գրոհող թշնամուն հակահարված տալու համար։ Տանիք բարձրանալու համար արևմտյան պարսպի հյուսիսային և հարավային կողմերում քարե հատուկ աստիճաններ են կառուցված, որոնք իրենց հերթին պաշտպանվում են թաղե ծածկով (նկ․ 4)։ Պարսպապատերը շենքերի տանիքներից բարձր են մեկուկես մետրով և, պտտվելով տանիքի պարագծով, պարապետ են կազմում։ Պատերում ողջ պարագծով միմյանցից 1,1 մետր հեռավորության վրա՝ հրազենի համար նախատեսված հրակնատներ են կառուցված, որոնք դրսից ունեն կոնաձև պահունակային ծածկ (Հասրաթյան 1992, 101)։ Սրանք իրենց զուգահեռներն ունեն Հայաստանի ուշ միջնադարի վանքերի, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում բերդերի վերածված Աշտարակի, Փարպիի բազիլիկաների հրակնատների հետ (Հասրաթյան 1973, 24)։
Պարսպի անկյունների աշտարակները երկհարկանի են՝ սֆերիկ ծածկով (նկ․ 5)։ Առագաստային փոխանցումով սֆերիկ ծածկ ունեն նաև համալիրի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյունների քառակուսի սենյակները, որոնք աշտարակների առաջին հարկերի համար ծառայում են իբրև նախամուտք։ Աշտարակները առաջին հարկում, գետնից բավական բարձր, ունեն երկուական փոքր լուսամուտներ, իսկ վերևում, տանիքից բարձր՝ զույգ հրակնատներ։ Պաշտպանական առումով այսպիսին են նաև Սյունիքի ուշ միջնադարի վանք ամրոցները՝ Հալիձորը, Շատին վանքը, Խորվիրապը, Գնդեվանքը, Տաթևը (Հասրաթյան 1975, 40)։
19-րդ դարի 2-րդ քառորդում, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո, Ամարասի վանական համալիրի այսպիսի պաշտպանական համակարգը թույլ է տվել վանքն օգտագործվել որպես սահմանամերձ ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն (Էփրիկյան 1903-1905, 136)։
Բնակելի-տնտեսական շինությունները
Ամարասի վանական համալիրի բնակելի սենյակները տեղադրված են հիմնականում համալիրի հյուսիսային և արևելյան կողմերում (նկ․ 2)։ Սրանք պատկանում են Հայաստանի վանքերի նմանատիպ շինությունների ամենատարածված տիպին․ դեպի բակ բացվող ընդհանուր միջանցքի շուրջը երկուական խմբավորված սենյակներ են։ Այս հորինվածքն ունեն նաև Տաթևի, Գնդեվանքի, Գեղարդի, Հավուց թառի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի բնակելի շենքերը։ Ամարասում սենյակներն ուղղանկյունաձև են, թաղածածկ, դեպի ընդհանուր միջանցքը բացվող դռներով։ Դրանք չափերով փոքր են, բայց նախատեսված են մեկից ավելի վանականների համար։ Սենյակներում կան բուխարիներ (նկ․ 6) և պատերի մեջ խորշեր՝ պատրհաններ։ Հարավային կողմում բնակելի սենյակներից ինչպես իր չափերով, այնպես էլ հորինվածքով առանձնանում է վանահոր կացարանը (Մկրտչյան 1985, 144, նկ․ 7)։ Այն երկհարկանի է և իր լայնության կիսով չափ դուրս է գալիս պարսպի հաստությունից։ Աոաջին հարկը բաղկացած է երկու միմյանց հետ հաղորդակցվող, աոանց լուսամուտների, թաղածածկ շինություններից, որոնք հավանաբար, օգտագործվել են որպես մառան։ Այդ սենյակներից հյուսիսայինի դուռը բացվում է դեպի բակ, իսկ հարավայինի մուտքը դրսից է՝ հարավային պատի կողմից։ Երկրորդ հարկում վանահոր բնակարանն է, ուր կարելի է բարձրանալ շենքի հյուսիսային պատին կից կառուցված քարե աստիճաններով։ Սա ի տարբերություն աոաջին հարկի, բոլոր չորս պատերում ունի մեծ, ուղղանկյուն պատուհաններ, իսկ հարավային ճակատում՝ փայտե բարձակային պատշգամբ, որը բացվում է դեպի Ամարաս գետի գեղատեսիլ հովիտը։ Հյուսիսային պարսպի արևմտյան կողմին կից ուղղանկյուն հատակագծով՝ համեմատաբար մեծ չափերի (4,35 x 6,6 մետր) և պատրհաններ ունեցող, թաղածածկ շինությունները նույնպես բնակելի են։
Վանքի սեղանատուն է ծառայել հարավային պարսպի արևմտյան կողմի երկար, թաղակիր՝ կոշտացնող կամարներով, երեք հատվածի բաժանված շենքը (նկ․8)։ Նմանատիպ լուծումներ ունեին նաև 17-18 դարերի Հայաստանի այլ վանական համալիրների սեղանատները (Տաթևի վանք, Գանձասար, Գնդեվանք, Տաթևի Մեծ անապատ, Խորվիրապ և այլն)։ Արևմտյան սենյակների շարքում հետաքրքիր է կամարակապ բաց սրահը, որը, հավանաբար, օգտագործվել է իբրև ամառային սեղանատուն։
Հետաքրքիր խումբ են կազմում Ամարասի տնտեսական և կոմունալ շինությունները, որոնք ներսից ողջ պարագծով կից են պարիսպներին (նկ․ 2)։ Գոմը և ձիանոցը կից են համալիրի արևելյան պարսպին (գոմը՝ հյուսիսից, ձիանոցը՝ հարավից, որոնք զույգ, թաղակիր կամարներով, նեղ, երկար, դրսից և բակից մուտքերով շենքեր են։ Յուրաքանչյուր շենքի արևմտյան պատի վրա կա տարբեր բարձրության (գոմում՝ 0,65 մետր, ձիանոցում՝ 0,9 մետր), միմյանցից 0,6 մետր հեռավորության վրա գտնվող, սրբատաշ քարից կառուցված, թվով 16 կամարակապ մսուր։ Նման մսուրներ հանդիպում են նաև Հավուց թառում և Տաթևի վանքում։ Կոմունալ շինություններից հետաքրքրական են արևելյան և արևմտյան պարիսպներին կից երկու զուգարանները։ Սրանք նեղ, թաղակապ շինություններ են, ուր բարձրանում են աստիճաններով։ Կոյուղու խողովակը թեքադիր տեղադրված է արտաքին պարսպապատի մեջ և դուրս է գալիս գետնից մեկ մետր բարձր։ Ամարասի վանքի գլխավոր հատակագծում պարզորոշ նկատվում է ողջ համալիրի գործառութային գոտեվորում․ տնտեսական շենքերն առանձնացված են։ Այսպիսի առանձնացումը հատուկ է նաև Արցախի հարևան Սյունիքի 17-րդ դարի ճարտարապետությանը (Տաթևի Մեծ անապատ, Շատինի և Տաթևի վանքեր)։ Այստեղ համալիրի արտահայտչական կողմը կարծես թե ետնախորքում է (հակառակ զարգացած միջնադարի վանքերի, որտեղ շեշտադրվում էր արտահայտչականությունը), և առաջնային է գլխավոր հատակագծի գործառույթային տեսակետից ճիշտ կազմակերպումը՝ ռացիոնալիզմը ինչպես համալիրի, այնպես էլ նրա առանձին տարրերի հատակագծային տարածական լուծման մեջ (Հասրաթյան 1973, 57-58)։ Մուտքի առջև տնտեսական առանձին բակի առկայությունը ոչ միայն կարևոր է պաշտպանական տեսակետից, այլև նպատակահարմար (վանքի անասունները և հյուրերի գրաստները չեն մտնում համալիրի հիմնական բակը, ուր գտնվում են եկեղեցին և բնակելի սենյակները)։
Ամարասի վանքի պարիսպները և նրանց կից բնակելի ու տնտեսական շենքերը կառուցված են կոպիտ տաշված բազալտ քարերից, որոնք ամրացված են կրաշաղախով։ Անկյունները և բացվածքների եզրերը շարված են մաքուր տաշած կրաքարով։
Գրականության ցանկ
1․ Էփրիկյան 1903-1905 - էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․ 1, Վենետիկ։
2․ Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ․, Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
3․ Հասրաթյան 1975 - Հասրաթյան Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, Պատմաբանասիրական հանդես, թիվ 5, էջ 35-52։
4․ Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, ՀՀ ԳԱ հրատ., Երևան։
5․ Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
Մարտունու շրջան
Արցախ