Ամուտեղ
Տեղադրությունը
Ամուտեղը գտնվում է համանուն լեռան վրա (1315 մետր)՝ Արցախի լեռների հարավային հատվածում՝ Հակարի գետի ձախափնյակում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղից հյուսիս (ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Ղուբաթլիի շրջան) (նկ․ 1, 2)։
Նկ․ 1 Ամուտեղ լեռան ընդհանուր տեսքը, լուս․Ս․ Դանիելյանի։
Նկ․ 2 Ամուտեղի եկեղեցին, լուս․ Ս․ Նալբանդյանի։
Պատմական ակնարկ
Ամուտեղի եկեղեցու մասին առաջին հիշատակությունը կատարել է Մ. Բարխուդարյանը, ով համանուն ամրոցի նկարագրության մեջ, որպես կանգուն շինություն խոսում է նաև այս «մատուռի» մասին (Բարխուդարյանց 1895, 402): Ս. Կարապետյանը իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունում նկարագրում է այս «փոքրիկ եկեղեցին» և թվագրում 17-րդ դարավերջով կամ 18-րդ դարասկզբով (Կարապետյան 1999, 198) (նկ․ 3):
Նկ․ 3 Ամուտեղի եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքից, էջ 199։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին կառուցված է կրաքարով և կրաշաղախով: Միանավ բազիլիկ է, թաղածածկ, ուղղանկյունաձև խորանով: Ունի մեկ մուտք արևմտյան կողմից, իսկ միակ պատուհանը արևելյան կողմից է: Մուտքի քարերն ու բարավորը սրբատաշ են: Կառույցն ունի արտաքին 7,67x4,79 մետր չափերի հարաբերակցություն (Կարապետյան 1999, 199) (նկ․ 4, 5):
Նկ․ 4 Ամուտեղի եկեղեցին հվարավ-արևմուտքից, լուսանկարը լուս․Ս․ Դանիելյանի։
Նկ․ 5 Ամուտեղի եկեղեցին արևելքից, լուս․ Ս․ Դանիելյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Ամուտեղի եկեղեցին վերանորոգվել և վերաօծվել է Սբ․ Վարդանանունով 2019 թվականին (նկ․ 6)։ Պատերազմի ընթացքում կառույցը չի տուժել։
Մատենագրական քննություն
Ամուտեղի մասին առաջին հիշտակությունները ներկայացնող Մ. Բարխուտարեանցը նշում է, որ կառույցի արևելյան կողմում գտնվող վիմափոր ավազանի ջուրը բուժիչ է եղել մաշկային հիվանդություններ ունեցողների համար (Բարխուտարեանց 1895, 402): Իսկ ավելի ուշ կառույցը հետազոտել է Ս․ Կարապետյանը ։
Նկ․ 6 Ամուտեղի եկեղեցին վերանորոգումից հետո, լուսանկարը «Քաշաթաղ» ֆեյսբուքյան էջից։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Մակար Բարխուտարեանց, Արցախ, Բագու:
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
Amutegh
Artsakh