Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում (նկ․ 1)։
2023 թվականի սեպտեմբերից գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Պատմական ակնարկ
Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։ Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» (Բարխուտարեանց 1895, 121)։ Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և հարուստ քանդակներից (նկ. 2), որոնք համեմատելի են Հերհերի, Ծակուռիի Ծաղկավանքի, Երից Մանկանց տաճարների շքամուտքերի հետ, այն ակնհայտորեն 17-րդ դարի կառույց է: Շքամուտքի բարավորը հարդարված է չորս ռելյեֆ խաչերի համադրությամբ կազմված հորինվածքով: Բարավորից վերև ագուցված են խաչերով և վեցակող շրջանակների մեջ ներառված վեցաթև աստեղերով հարդարված սալեր: Հետագայում բարավորի ձախ անկյունում փորագրվել է եկեղեցին սալելու մասին արձանագրությունը (նկ. 3). «Յ[իշատա]կ [է] զ[այ]ս եկ[ե]ղ[եցոյ]ն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896» (արձանագրությունը հրատարակվում է առաջին անգամ): Եկեղեցին սալելու արձանագրությունը շփոթության մեջ է գցել որոշ հետազոտողների, որոնք այն համարել են 19-րդ դարի կառույց:
Ճարտարապետա - հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով (նկ․ 4)։ Կառուցված է տեղական կիսամշակ և անմշակ մոխրագույն քարով։ Եկեղեցու պատերի անկյունաքարերը, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը և որմնասյուներն ու որմնակամարները սպիտակ կրաքարից են ու սրբատաշ։ Ունի 17,95 մետր երկարություն, 12,85 մետր լայնություն, 5,8 մետր բարձրություն։ Թաղը հենված է զույգ որմնակամարների վրա։ Հյուսիսային պատում, բեմին մոտ, ներկառուցված է սրբատաշ սալերով իրականացված ու պարանահյուս կամարերիզով պսակվող մկրտության ավազանը (նկ. 5): Ավազանի ստորին եզրասալը հարդարված է խաչաքանդակներով: Լուսավորվում է վեց փոքր լուսամուտներով։ Դրսից՝ հարավային պատի արևմտյան անկունում ագուցված է 12-13-րդ դարերի բեկորատված խաչքար (նկ. 6):
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ 2011 թվականին վերանորոգվել է, որի ժամանակ էլ տեղադրվել է ոչ մեծ չափի մետաղյա կառուցվածքով զանգակատուն-ռոտոնդա, իսկ տանիքը թիթեղապատվել է։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցին չի վնասվել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ