Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի շրջկենտրոն Ասկերան քաղաքի տարածքում՝ (նկ. 1, 2):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Ասկերանի քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2002 թվականին Բարսեղ Բեգլարյանի բարերարությամբ: Եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ որպես Ասկերան քաղաքին նվեր, քանի որ բնակավայրը եկեղեցի չի ունեցել: Եկեղեցին կառուցվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի նախագծով: Եկեղեցու պաշտոնական օծումը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 9-ին (անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015, Ասկերանի Սբ․ Աստվածածին եկեղեցին 17 տարեկան է https://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27822-17 ):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Ասկերանի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտ քարով: Կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են:

Եկեղեցին ունի խաչաձև հատակագծային լուծում, կենտրոնագմբեթ է: Եկեղեցու գմբեթը նիստավոր է, պսակվում է հովհարաձև վեղարով (նկ. 3, 4): Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է կամարակապ բացվածքով նախասրահը, որի կենտրոնում տեղադրված է եկեղեցու միակ մուտքը, որից վերև գտնվում է շրջանաձև մեծ պատուհանը (նկ. 5): Նախասրահի արևմտյան ճակատի երկու կողմերում կան եռանկյունի խորշեր, որտեղ յուրաքանչյուրում տեղադրված է մեկական խաչքար (նկ. 6, 7, 8):

Նկ. 3 Եկեղեցու ճակատներից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 5 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 7 Եկեղեցու խաչքարերից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 4 Եկեղեցու գմբեթը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 6 Եկեղեցու խաչքարերից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 8 Եկեղեցու երկու խաչքարերը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Եկեղեցու անմիջապես կողքին է գտնվում հովվատունը: Եկեղեցական համալիրի տարածքում է գտնվում Վանքասարի եկեղեցու մոտից դեռևս 1980-ական թվականներին ադրբեջանցիների կողմից Աղդամի թանգարան տարված 13-րդ դարի խաչքարը, որը հետագայում՝ տարածքների ազատագրումից հետո բերվեց և տեղադրվեց Սբ․ Աստվածածին եկեղեցու մոտ (նկ. 9):

Նկ. 9 Վանքասարի բերված խաչքարը, լուս.՝ Հ. Պետրոսյանի

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին ռազմական գործողություններից չի տուժել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով Ասկերան քաղաքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ներկայիս ճակատագիրն անհայտ է:

Գրականություն

  1. Անկախությունւից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015։
  2. Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին 17 տարեկան է, https://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27822-17։
Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ