Ավետարանոցի սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի կենտրոնում, ցածրադիր տեղանքում։

Պատմական ակնարկ

Համաձայն դռան ճակատակալ քարի վրայի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է ՌՃ (1651) թվականին (Բարխուտարեանց 1895, 75)։ Շահեն Մկրտչյանը նշում է, որ եկեղեցին ունեցել է բազմաթիվ ավետարաններ, խաչեր և այլ մասունքներ՝ ՌՃՀ (1671), ՌՃԺ (1661), ՌՃԹ (1650), ՌՃԸ (1659) թվակիր արձանագրություններով (Մկրտչյան 1985, 178)։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով (նկ. 1): Եռանավ, թաղածածկ այս եկեղեցին, ինչպես նշում է Վ. Հարությունյանը, խոշորագույններից է իր տիպի մեջ (արտաքին չափերը՝ 15,3x27,3 մետր) և բացարձակ չափերով զիջում է միայն Տաթևի մեծ անապատի եկեղեցուն (նկ. 2)։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ Գ. Սարգսյանի։

նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, էջ 178, գծ. 44:

Ընդարձակ աղոթասրահի չորս մույթերը կրում են միմյանց զուգահեռ երեք թաղերը, որոնք ամփոփված են երկլանջ կտուրի տակ։ Կենտրոնական թաղում թողնված երդիկը պսակված է եղել փոքրաչափ ռոտոնդայով, որը չի պահպանվել։ Ավագ խորանի երկու կողմերում ավանդատների վերևում առկա են «օթյակներ», որոնք Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցու նմանությամբ, իրենց կամարակապ երկու բացվածքներով ուղղված են աղոթասրահի կողմը, սակայն աստիճանավոր մուտք ունեն բեմից (Հարությունյան 1992, 401)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր, բացակայում էր միայն երկթեք տանիքի վրայի ռոտոնդան։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ավետարանոց գյուղի տարածքում թեժ մարտեր են եղել։ Ինչպես ցույց է տալիս մեր գորրծընկերների՝ Caucasus Heritage (cornell.edu),  տրամադրած լուսանկարը, եկեղեցին 2021 թվականի հուլիսի 20-ի դրությամբ չի տուժել (նկ․ 3)։

նկ. 3 Եկեղեցու արբանյակային լուսանկարը, Caucasus Heritage (cornell.edu) կայքից:

Մատենագրական քննություն

Եկեղեցու մասին առաջին գրավոր տեղեկությունները հաղորդում է 19-րդ դարի վերջերին Մակար եպիս. Բարխուդարյանցից (Բարխուտարեանց 1895, 75), ում վկայությունները եկեղեցու թվակիր արձանագրության մասին շատ արժեքավոր են։ Հուշարձանին նվիրված հետազոտություններն ու տեղեկությունները համեստ են։ Եկեղեցու ճարտարապետական կերպի մասին տեղեկություններ են ներկայացված Վ. Հարությունյանի (Հարությունյան 1992, 401), իսկ պատմական որոշ փաստեր՝ Շ. Մկրտչյանի (Մկրտչյան 1985, 177-178) աշխատություններում:

 

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:
  2. Հարությունյան 1992 – Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, «Լույս» հրատարակչություն:
  3. Մկրտչյան 1985 – Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն:
Ավետարանոցի սբ. Աստվածածին եկեղեցին
Ավետարանոցի Սբ. Աստվածածին եկեղեցի
Ավետարանոցի Սբ. Աստվածածին եկեղեցի
Արցախ