Արցախի քարե մարդակերպ կոթողները
Քարե մարդակերպ կոթողները Արցախի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Խորհրդային տարիներին հայտնի պատճառներով դրանք բավարար չափով չեն ուսումնասիրվել (Պետրոսյան 2010, 137-148): Եղած հետազոտություններն էլ ակնհայտորեն քաղաքականացված են:
Ադրբեջանական որոշ հետազոտողներ Արցախի քարե մարդակերպ կոթողները ներկայացրել են որպես աղվանական` փորձելով հատկապես Արցախում դրանց տարածված լինելը դիտել որպես աղվանական էթնո-մշակութային «սուբստրատի» առկայություն (Халилов 1987, 22; Ваидов, Геюшев, Гулиев 1974, 446-447):
Ուստի այդ հուշարձնների գիտական հետազոտությունը, դրանց հստակ ժամանակագրության և էթնո-մշակութային պատկանելության խնդիրների քննությունը, հատկապես կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս գիտականորեն մերժել ադրբեջանական զեղծարարությունները (Պետրոսյան, Երանյան 2022):
Թեև կոթողների առանձին օրինակներ հայտնի են դարձել դեռ անցած դարի 60-ական թվականներին, սակայն նրանց տեխնիկական, պատկերագրական, իմաստաբանական քննությունը, նրանց ժամանակագրությունը և հնարավոր էթնոպատկան խնդիրները մնում էին չմանրամասնված, հաճախ էլ` ուղղակի չլուծված: Արցախի ազատագրական պատերազմի արդյունքում նոր հնարավորություններ էին ստեղծվել նաև տարածաշրջանի հնագույն պատմության և մշակույթի հետազոտության համար: Մարդակերպ կոթողների ֆիզիկական մատչելիությունն այն էական իրողությունն ու հանգամանքն էին, որոնք հնարավորություն ստեղծեցին իրականացնել դրանց մանրամասն նկարագրությունը, չափագրումը, լուսանկարումը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրի հետազոտությունը:
Պատկերագրությունը
Այս կոթողներն ուղղանկյուն, տափակ երկայնական մարդատեսք սալեր են, որոնց հորինվածքի հիմնական առանցքը մարդու մարմինն է, և մյուս բոլոր բաղադրիչները պատկերագրական և իմաստային արժեք են ստանում այդ համատեքստում։ Այս սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի գրեթե 1/3-ը, ապա իրանը և ներքնամասը (նկ. 1-5): Կոթողներն ունեն մոտավորապես 30-60 սմ լայնություն, 120-140 սմ, երբեմն էլ մինչև 2 մետր բարձրություն, մոտ 20 սմ հաստություն։ Հայտնի բոլոր օրինակները կրաքարից են (Yeranyan 2020, 246-252):
Նկ. 1 Մարդակերպ կոթող, տեսքը դիմացից, մ.թ.ա. 8–6-րդ դարեր, Բախշուն թափա (Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան):
Նկ. 2 Մարդակերպ կոթող, տեսքը թիկունքից, մ.թ.ա. 8–6-րդ դարեր, Բախշուն թափա (Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան):
Նկ. 3 Մարդակերպ կոթող, մ.թ.ա. 8–6-րդ դարեր, Գյավուրկալա:
Նկ. 4 Մարդակերպ կոթող, տեսքը դիմացից, մ.թ.ա. 8–6-րդ դարեր, Մարտակերտի շրջակայք (Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան):
Տեղագրությունը
Առկա տվյալներով՝ ներկայումս կարելի է խոսել ավելի քան երեսուն կոթողի մասին, որոնք հիմնականում տեղակայված են դաշտային կամ տափաստանային Արցախի մի բավականին պարփակ շրջանում՝ Արցախի լեռնաշխարհը և տափաստանը միմյանց ձուլող երկայնական տարածքում` ձգվելով մոտավորապես 30-40 կմ: Դրանց կուտակումներ նկատվում են Արցախի Տիգրանակերտի, ինչպես նաև վերջինից ոչ հեռու գտնվող Գյավուրկալա բնակատեղի և Նոր Կարմիրավան գյուղի շրջակայքում, իսկ մի քանիսն էլ, դեռևս խորհրդային տարիներին, տեղափոխվել են Արցախի պետական-պատմաերկրագիտական (Ստեփանակերտ) և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարաններ և տեղադրվել բակում։
Ուսումնասիրվող տարածքը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան հատվածը։ Այն ընդգրկում է Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասը, Արցախի տափաստանի արևելյան հատվածը և նրանից արևելք ընկած Միլի տափաստանի ծայր արևմուտքը:
Նկ. 5 Մարդակերպ կոթող, տեսքը դիմացից, մ.թ.ա. 8–6-րդ դարեր, Սեյսուլան (Արցախի պետական պատմա- երկրագիտական թանգարան)։
Թվագրությունը
Կոթողների թվագրությանն ու գործառույթին անդրադառնալիս՝ կարևոր է նշել այն փաստը, որ ավելի քան 30 կոթողից միայն մի խումբն է հայտնաբերվել իր բնական միջավայրում (in situ), ինչը զգալիորեն բարդացնում է խնդիրը։ Ուշագրավ է, որ 2016 թվականին Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում հայտնաբերված մարդակերպ կոթողների շրջակայքում իրականացված պեղումները ցույց տվեցին, որ դրանց մեծ մասը գտնվում է իր կանգնեցման բնական միջավայրում՝ դամբարանի վրա (նկ. 6, 7): Դամբարանից հայտնաբերված հնագիտական նյութը թվագրվում է մ.թ.ա. 8-6-րդ դարերով (նկ. 8), ինչը կոթողների թվագրության համար ևս ամենահավանական թվագրությունն է:
Նկ. 6 Նոր Կարմիրավանի դամբարանի օդալուսանկարը, լուս. Ա. Մկրտչյանի։
Նկ. 7 Նոր Կարմիրավանի դամբարանի ընդհանուր տեսքը, լուս. Ն. Երանյանի։
Նկ. 8 Նոր Կարմիրավանի դամբարանի պեղումները, լուս. Ն. Երանյանի։
Գործառույթը
Ինչ վերաբերում է այս կոթողների գործառույթին, ապա քննության առնելով առկա տվյալները, կարող ենք եզրակացնել, որ Արցախից հայտնաբերված կոթողներն, ամենայն հավանականությամբ, գերեզմանաքարեր էին, կամ պաշտամունքային սիմվոլներ, որոնք պատվանդանի մեջ կամ առանց պատվանդանի տեղակայվել են դամբանաբլրի գագաթին կամ կենտրոնում, չի բացառվում` նաև հիմնահողային թաղումների վրա:
Վերջին տարիներին բազմիցս իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել հաճախ, ադրբեջանցի որոշ մասնագետներ քննադատում են ոչ թե կոթողների հետազոտությանը վերաբերող մոտեցումներն ու մտքերը, այլ առհասարակ դրանք ուսումնասիրելու և վերջիններիս շրջակայքում պեղումներ անելու հանգամանքը: Ըստ պաշտոնական տեղեկությունների, նրանք անգամ դիմել են Ադրբեջանի դատախազություն, որպեսզի ի թիվս Արցախում վերջին շուրջ երեք տասնամյակում աշխատած հնագետների քրեական գործ հարուցվի նաև Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում այս կոթողների շրջակայքում պեղումներ իրականացնողների դեմ (https://apa.az/az/incesenet-haqqinda/Arxeoloq-Arsax-sozunun-Dadivng-monastirinin-v-Xacin-knyazliginin-ermnilr-qtiyyn-aidiyyti-yoxdur-colorredMUSAHIBcolor-615839?fbclid=IwAR2cyHo3wbk7WEvREeamlPNUTUribGlonaSb4n-xd6cU_y19QMZvPwVYz30)։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախում այս կոթողների հետազոտությունների և պեղումների ժամանակ պահպանվել են Արցախի Հանրապետության բոլոր օրենքները, պեղումներն իրականացվել են տեղի իշխանությունների հրավերով, իսկ ստացված արդյունքները մշակվել են հարգելով մասնագիտական մեթոդաբանական բոլոր սկզբունքները։ Ադրբեջանցի հետազոտողների նման ապակառուցողական պահվածքը հուշում է, որ կոթողների հետազոտությունը նրանց համար գիտական հետաքրքրություն չի ներկայացնում և նրանց համար առավել կարևոր են քաղաքական անպատեհ մոտեցումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո կոթողների մեծ մասը մնացել է Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, նրանց հետագա ճակատագիրը խնդրահարույց է։
Գրականություն
- Պետրոսյան 2010 - Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը), Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, էջ 137-148:
- Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
- Yeranyan 2020 – Yeranyan N. 2020, Main Results of the Study of Anthropomorphic Stelae in Artsakh, Archaeology of Armenia in regional context, Yerevan, 246-252.
- Ваидов P. Геюшев Р. Гулиев Н. Новые находки каменных баб в Азербайджане, АО 1973 года, Москва, Наука, 1974, с. 446-447.
- Халилов М. Каменные изваяния Азербайджана (IVв. до н. э. – VII в. н. э.), Автореф. канд. исторических наук, Ереван, 1987, 22 с.
Նոր Կարմիրավան
Արցախ