Բովուրխանի վանքը
Տեղադրությունը
Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում (Բարխուտարեանց 1895,110, Լալայան 1897, 50-51, Ոսկեան 1951, 357-358): Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից Մ. Բարխուդարյանցն արտագրել է երկու արձանագրության պատառիկներ, որոնք հայտնում են խաչքար կանգնեցնելու մասին (Բարխուտարեանց 1895, 110)։ Այսօր էլ վանքի տարածքում կան 17-18-րդ դարերի խաչքարերի ամբողջական օրինակներ և բեկորներ (նկ. 1):
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Հուշարձանախումբը բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, վանահոր սենյակից, միաբանների խցերից, տնտեսական սենյակներից ու պարսպապատից (նկ․ 2)։ Համալիրի բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն կրաքարով։
Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի մի դռան անկյունաքարերը։ Վանահոր սենյակը կից է պարսպապատին արևմուտքից (նկ. 3)։ Պարսպապատին հարավից կից են նաև միաբանների չորս խցերը, կլոր աշտարակը ու մի սենյակ: Միաբանների խցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն առանձին է, ինչը բնորոշ է «անապատ» հուշարձաններին: Խցերն ունեն խիստ միանման ձևեր ու չափեր, երկուսն ունեն նաև մեկական ոչ մեծ, դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ բացված գլխավոր պարսպապատից (նկ. 2, Կարապետյան 1985, 225)։ Աշտարակին կից սենյակն արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է (նկ․ 4), որի արևմտյան պատի կենտրոնում, երկու խորշերի միջև կա բուխարի (նկ․ 5)։
Հուշարձանը մանրամասն ուսումնասիրող Սամվել Կարապետյանը գտնում է, որ այդ շինությունը «հավանաբար ծառայել է որպես գոմ» (Կարապետյան 1985, 226)։ Մինչդեռ միջնադարյան ոչ մի գոմում առկա չէին բուխարիներ։ Բացի դրանից, գոմերը պետք է ունենան մսուրք, սալապատ հատակ, որոնք այս դեպքում բացակայում են։ Ավելի հավանական է, որ այն վանքի սեղանատունն է: Այս սենյակի հարավ-արևմտյան անկյունում բացվող նեղ դուռը տանում է բուրգի ներսում գտնվող բոլորաձև սենյակը, որն ունի 2,40 մետր տրամագիծ։ Այն համալիրի լավ պահպանված կառույցներից է (Կարապետյան 1985, 226)։ Պարսպի հարավ-արևմտյան անկյունում տեղադրված է այս շրջանաձև աշտարակը (նկ․ 6), որը «18-րդ դարի հայկական վանքերի համարյա պարտադիր տարրերից է»։ (Հասրաթյան 1992, 100): Աշտարակից բոլոր կողմերի վրա բացվում են թվով հինգ, դեպի ներս լայնացող, փոքր լուսամուտներ։ Այդտեղից բացվում է ոչ մեծ ձորակի ամբողջ տեսարանը։
Հուշարձանախմբի շենքերից առավել բարվոք վիճակում է եկեղեցին, որն ուշ միջնադարին բնորոշ միանավ բազիլիկի հորինվածք ունի (նկ․ 7)։ Եկեղեցին ունի 9, 65 մետր երկարություն, 5,50 մետր լայնություն։ Կիսաշրջան թաղը հենվում է մեկ գույգ որմնասյուների վրա։
Արևելքում ավագ խորանն է, որից բացվում է մեկ լուսամուտ (նկ․ 8)։ Երկու լուսամուտ էլ բացվում են հարավային ճակատից։ Հյուսիսից եկեղեցուն կից է ուղղանկյուն հատակագծով ավանդատունը, որի դուռը բացվում է եկեղեցու մեջ։ Ավանդատան հյուսիսային կողմն արտաքինից ամբողջապես թաղված է հողի մեջ (Կարապետյան, 1985, 227)։
Ս․Կարապետյանը նշում է, որ հուշարձանախմբի բոլոր շենքերն էլ ունեն 17-րդ դարին բնորոշ ճարտարապետական հորինվածք, իսկ «վանքի Բաղիրխան անվանումը թույլ է տալիս ենթադրել, որ այն առաջացել է Վարանդա գավառի իշխան Մելիք Բաղիրի անունից», որն իշխել է 18-րդ դարի առաջին կեսին՝ մինչև 1646 թվականը (Կարապետյան 1985, 227)։ Հետազոտողը ենթադրում է, որ «բուրգի, գուցե նաև գոմանոցի և մյուս շենքերի վրա, հավանաբար, եղել է երկրորդ հարկաբաժինը, որի միակ ապացույցն են գոմի և վանահոր սենյակի միջև դիտարկվող փոքրիկ թաղածածկ միջանցքից բարձրացող քարե լայն աստիճանները, որոնք մեծ մասամբ պահպանվել են և տանում են մինչև արևմտյան գլխավոր պարսպատատը։ Սակայն երկրորդ հարկում երբեմնի շենքերից ոչինչ չի պահպանվել․․» (Կարապետյան, 1985, 226)։
Հուշարձանին անդրադարձել է նաև Շ․ Մկրտչյանը (Մկրտչյան, 1980)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 2022 թվականին հուշարձանի տարածքում սկսվել են վերականգնման աշխատանքներ (նկ․ 9-10): Մաքրման աշխատանքների ժամանակ գտնվել է նաև 12-13-րդ դարերի խաչքար (նկ․ 11): Վերականգնման աշխատանքերն ընդհատվել են բլոկադայի պատճառով։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք 2, Թիֆլիս։
- Ոսկեան 1951 - Ոսկեան Հ․ Արցախի վանքերը, «Հանդես ամսօրեայ», թ․ 8 -10, Վիեննա։
- Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․ Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երևան։
- Կարապետյան 1985 - Կարապետյան Ս․ ХVII դարի երկու վանական համալիր Արցախում, Պատմաբանասիրական հանդես, թիվ 1։
- Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
Բովուրխանի վանքը
Արցախ