Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները
1261 թվականը կրող շինարարական արձանագրության (նկ. 3) առաջին մասը գրված է Հասան Ջալալի անունից, երկրորդ մասը՝ նրա որդի Աթաբակի (ԴՀՎ 5, 40-41): Կարելի է հավանական համարել, որ շինարարությունն ավարտվել է Հասան Ջալալի եղերական մահվանից (1261 թ.) անմիջապես հետո, երբ Խաչենի իշխանությունն անցել էր Աթաբակին:
Հայ միջնադարյան շինարվեստին հատուկ գավիթների այս հորինվածքը հայկական ճարտարապետության մեջ տարածված էր հատկապես 12-13-րդ դարերում։ Գանձասարի գավիթը, սակայն, իր հատակագծա-ծավալային հորինվածքում ունի մի առանձնահատկություն՝ խաչվող կամարներով ծածկված հիմնական ծավալը արևմուտքից ունի հավելյալ տարածություն, որը կենտրոնական հատվածից բաժանված է զույգ, 16 նիստանի միակտոր սյուներով։ Այսպես են լուծված նաև Հաղբատի ժամատունը և Մշկավանքի գավիթը (Мнацаканян 1952, 76-93)։ Վերջինս, ինչպես նկատել է Յակոբսոնը, կարծես Գանձասարի գավթի կրկնօրինակը լինի։ Այս նմանությունը հիմք է տվել ենթադրելու, որ դրանք կառուցել է միևնույն ճարտարապետը (Якобсон 1960, 154)։
Գավթի ներքին հարդարանքը համեստ է։ Որմնամույթերն ու սյուներն ունեն պարզ խոյակներ ու խարիսխներ (նկ․ 4)։ Գավթից դեպի եկեղեցին տանող մուտքը երիզված է կիսաշրջանաձև կամարով, որի երեսակալը մշակված է մանր հյուսվածքով, իսկ քանդակազարդ կամարը՝ աստղերով և շեղանկյունիներով (նկ․ 5)։
Ծածկն իրականացված է փոխադարձաբար հատող կամարների համակարգով, կամարների համար հենարան են ծառայում արևմտյան կողմում առանձնակի տեղադրված զույգ սյուները և մնացյալ պատերի որմնասյուները։
Հարուստ է հարդարված գավթի առաստաղը։ Կենտրոնական հատվածն ունի շթաքարային լուծում և ավարտվում է երդիկով (նկ․ 6), արևմտյան հատվածները զարդարված են քանդակներով, իսկ արևելյան միջին հատվածը՝ մեծ խաչով (նկ․ 7)։
Այստեղ՝ սրահի արևելյան մասում, պահպանվել են 15-րդ դարում ապրած Հասան-Ջալալ Գ իշխանի, մի շարք կաթողիկոսների, Բաղդասար միտրոպոլիտի, մի քանի աշխարհիկ անձանց տապանաքարերը (նկ․ 8)։ Հատկապես նշելի է Ջալալ Գ իշխանի (Ուլուբաբյան 1975, 305-307) մարմարե, եզակի քանդակներով տապանաքարը (նկ. 9, արձանագրությունը՝ «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431 թ.)»), որի հորինվածքը և հատկապես Աստղն առավոտին խորհրդանշող վեցաթև աստղաքանդակը տարաբանույթ, երբեմն էլ ֆանտասատիկ մեկնություններ են ստացել: Այստեղ, ի դեմս երեք վարդյակների, ներկայացված են Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը) խորհդանշող արևը, լուսինը և աստղն առավոտին (Պետրոսյան, Երանյան 2022, 51): Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը, 12-13-րդ դարերից սկսած՝ ի հայտ են գալիս տապանաքարերի վրա և կիրառվում ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը:
Գավթի արտաքին ճակատները, բացառյալ արևմտյանը, զուսպ են։ Հարավային ճակատը աշխուժանում է միայն լուսամուտների բացվածքներով (նկ. 10)։ Գավիթն ունի երկու մուտք՝ հյուսիսից ու արևմուտքից: Հյուսիսային ճակատի խիստ հարթությունը զարդարվում է դռան համեստ շքամուտքով և վերջինիս վրա բացվող պարզ երեսակալով։ Բայց այս մուտքը շատ ազդեցիկ է դառնում երկու կողմերում ոճավորված հովազների պահպանիչ քանդակներով (նկ. 11):
Գավթի առավել հարուստ մշակված ճակատը արևմտյանն է, որտեղ գտնվում է ճարտարապետորեն խոր տրամատավորված և ճոխ քանդակներով զարդարված շքամուտքը (նկ. 12)։ Դռան ուղղանկյուն բացվածքի երկու կողմերում կան կիսասյուների փնջեր, որոնք ունեն խարիսխներ և խոյակներ, որոնց վրա հենվում է սլաքաձև կամարը։ Մուտքի ճակտոնի հարդարանքն իրականացված է բազմագույն ընդելուզման (ինկրուստացիայի) միջոցով։ Այստեղ կարմրավուն քարի հիմքի վրա ընելուզված է դեղնա-կարմրավուն քարե շրջան, որն իր հերթին հատվում է հինգ նմանատիպ ներդիր և իրար հյուսված կիսաշրջաններով (նկ. 13): Ճակտոնը հաջորդաբար ներգծված է աստիճանաձև և ապա ուղղանկյուն շրջանակների մեջ, որոնք զարդարված են նուրբ, հյուսածո քանդակներով։ Կամարակապ շքամուտքի վերևում կա քառանկյուն լուսամուտ, իսկ անկյուններում քանդակված են սիրամարգեր։
Գավիթն ունի քառալանջ, քարե սալերով ծածկված տանիք, գագաթին տեղադրված է վեցասյուն ռոտոնդա-զանգակատունը: Վերջինս նախնականը չէ և 1907 թվականի վերանորոգման արդյունք է (Հասրաթյան 1992, 42)։
Գավթի պատերին արատաքուստ փորագրված են ավելի քան քառասուն արձանագրություններ (նկ. 14): Դրանք շինարարական, նվիրատավական և հիշատակային բնույթի արձանագրություններ են և ներկայացնում են վանքի գործունության և ուխտավորների վերաբերմունքի մանրամասներն ընդհուպ մինչև 19-րդ դարը: Ընդհանրապես Գանձասարի վանքի արձանագրությունների թիվն անցնում է 150-ից (չհաշված վանքի պատերից դուրս տարածվող գերեզմանոցի արձանագրությունները), դրանք վերաբերում են 12-19-րդ դարերին, գրված են դասական հայերենով՝ գրաբարով, պարունակում են նաև բարբառային մի շարք դրևորումներ: Կան ռուսերեն երեք տապանագրեր, որոնք վերաբերում են 19-րդ դարին:
Գանձասարի վանքի աշխարհիկ շինությունների հուշարձանախումբը ներկայացնում են հոգևորականների խցերը, սեղանատունը, առաջնորդարանը, դպրոցի երկհարկ շենքը, պարիսպները։ Համալիրից հարավ ընկած է հին գերեզմանատունը, որտեղ թաղված են Խաչենի հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ, ուշ միջնադարում՝ Արցախի մելիքները։ Այստեղ առկա են բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։
Հոգևորականի խցերը կից են հյուսիսային պարսպին։ Դրանք գրեթե քառակուսի հատակագծով պարզունակ, փոքր չափերի սենյակներ են։ Հարավահայաց ճակատի կողմից են բացված միակ դռները, որոնց վերնամասը եզերված է իմպոստային խոյակների վրա բարձրացող կամարով։ Պատերի մեջ կան փոքրիկ լուսամուտներ։
Գանձասարի խցերին արևելքից կից է վանքի սեղանատունը (նկ․ 15)։ Այն ձգված հատակագծով, կից մթերանոցով և օջախով թաղածածկ շինություն է։ Ինտերիերը զույգ թաղակիր կամարներով բաժանված է երեք մասի։ Կոշտացնող կամարները ընդհատվում են հատակից կես մետր բարձրության վրա։ Այս ընդհատման մեջ ժամանակին՝ երկայնական պատերի պարագծով փայտից նստարաններ են տեղադրված եղել, որոնք չեն պահպանվել։ Այսպիսի հորինվածքը բնորոշ է Հայաստանի 17-18-րդ դարերի նմանատիպ կառույցներին (Տաթևի վանք, Տաթևի Մեծ անապատ, Գնդեվանք, Խոր վիրապ)։ Այս հորինվածքն իր նախատիպն ունի 12-13-րդ դարերի հայ ճարտարապետության մեջ (Քոբայրի, Կիրանց վանքի, Թեղենյաց վանքի սեղանատներ, Халпахчьян 1971, 153-183)։ Գանձասարի սեղանատան դեպի բակ նայող ճակատի միակ հարդարված հատվածը շքամուտքն է, որն ունի գալարաձև կիսասյուներ, իսկ օժանդակ սենյակի լուսամուտի երկու կողմերում թռչուններ են քանդակված։
Գանձասարի վանքի առաջնորդարանը տեղադրված է համալիրի հյուսիսարևելյան անկյունում։ Այն կիսամշակ քարերով կառուցված թաղածածկ շինություն է և մուտք ունի ոչ միայն ներքին բակից, այլև՝ դրսից։
Համալիրի արևելյան կողմում է գտնվում դպրոցի փայտածածկ երկհարկ շենքը։ Այն ունի դեպի Խաչենի ձորը նայող նույնպես փայտածածկ պատշգամբ (նկ․ 16)։
Վանքի պարիսպները կառուցված են տեղական կիսամշակ կրաքարով և ավազաքարով: Գանձասարի պարսպապատերը ի տարբերություն հայկական շատ վանքերի, չունեն աշտարակներ։
Դարպասից ոչ շատ հեռու՝ դեպի հարավ-արևելք գտնվում է վանքի ուխտավորների կացարանը, որն ունի քառակուսի հատակագիծ և գնդաձև ծածկ։
Գրականություն
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
- Հասրաթյան 1992- Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան։
- Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Անտարես, Երևան:
- Ուլուբաբյան 1975 – Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
- Мнацаканян 1952 - Мнацаканян С., Архитектура армянских притворов, Ереван.
- Халпахчьян 1971 - Халпахчьян О., Гражданское зодчество Армении, М.
- Якобсон 1950 - Якобсон А., Из истории армянского средневекового зодчества. Армянские монастыри XIII в. Хоракерт и Мшкаванк, «Советская археология», XIV.
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախ