Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Գանձասարի վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից, սեղանատնից, տնտեսական շինություններից, ինչպես նաև 19-րդ դարում կառուցված դպրոցի երկհարկ շենքից (նկ. 1)։ Բոլոր կառույցները շրջապատված են պարսպով, որի արևմտյան ու հարավային կողմերում բացվում են մեկական դարպասներ: Պարսպի հարավային պարսպապատից դուրս սփռված է ընդարձակ գերեզմանոցը (նկ․ 2):
Վանական համալիրի գերիշխող կառույցը սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է (նկ. 3), որն ունի արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագիծ և չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք (նկ․ 4)։ Դեպի ավանդատների երկրորդ հարկ են տանում պահունակային աստիճանները։ Աղոթասրահի գլխավոր մուտքը արևմտյան կողմից է: «Ներգծված խաչ» հատակագծային հորինվածքային այս տիպը, առաջանալով 10-րդ դարում հայկական ճարտարապետության մեջ, սերելով «գմբեթավոր դահլիճ»-ից (Հաղպատ-967-991 թթ․, Սանահին-967-972 թթ․, Կեչառիս-1033 թ․), առավել տարածում է ստացել 13-րդ դարում։ Գանձասարի եկեղեցու հորինվածքային տիպին են պատկանում Գեղարդի, Նորավանքի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Հառիճավանքի, Խորակերտի համալիրների եկեղեցիները (Якобсон 1977, 60)։ Վերջիններիս համեմատ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու արևմտյան թևն ավելի երկար է, ինչը ներսում հյուսիսային և հարավային թևերի կրճատման արդյունք է։
Գմբեթը տեղադրված է հորինվածքի կենտրոնում (նկ. 5)։ Ավանդատները նեղ են և երկար: Արևելյան ավանդատները լուսավորվում են եկեղեցու արևելյան ճակատում բացված լուսամուտներով։ Մուտքերն առաջին հարկում աղոթասրահի կողմից են, իսկ երկրորդ հարկում բեմից են, պահունակային քարե աստիճաններով։
Արևմտյան ավանդատները լուսավորվում են հյուսիսային և հարավային ճակատներում բացված պատուհաններից։ Մուտքերն առաջին հարկում արևմտյան խաչաթևից են, իսկ երկրորդ հարկ տանում են շթաքարային մշակում ունեցող պահունակային քարե աստիճանները:
Աղոթասրահը լուսավորվում է հյուսիսային և հարավային պատերում, ինչպես նաև արևելյան կողմի կիսաշրջանաձև խորանում բացված երեք լայն ու բարձր լուսամուտներով։ Արևմտյան ճակատի նմանատիպ չորրորդ լուսամուտը փակվել է, երբ արևմտյան կողմից եկեղեցուն կցակառուցվել է գավիթը։
Մեկ միասնական ոճով, հարուստ հարդարանքով և գեղարվեստական արտահայտչամիջոցներով են առանձնանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ինչպես ներքին տարածքի, այնպես էլ արտաքին ճակատների հարդարանքը։
Եկեղեցու ներսի սրբատաշ շարվածքը հուշում է, որ ի սկզբանե այստեղ որմնանկարներ նախատեսված չեն եղել։
Գմբեթատակ քառակուսու անկյունները մշակված են ուղղաձիգ ջլատումներով, որոնք ավարտվում են բազմաստիճան տրամատ ունեցող և աբսիդի պարագծով պտտվող քիվով (նկ. 6)։ Գմբեթակիր կամարները հյուսիսային և հարավային կողմում զարդարված են ատամնաշարով՝ իսկ արևելյան և արևմտյան կողմերում՝ կիսաշրջանաձև կամարաշարով։ Գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումն իրականացված է առագաստների միջոցով։ Սրանց ներքնամասում՝ անկյուններում կան երկրաչափական զարդաքանդակներ (շրջանաձև, աստղաձև, քառակուսի)։ Առագաստների վերին մասում՝ անմիջապես թմբուկի տակ, տեղադրված են եզան, մարդու, խոյի և արծվի բարձրաքանդակներ, որոնք ավանդական են միջնադարյան հայ արվեստի համար և չորս ավետարանիչների խորհրդանշաններն են (նկ. 7)։ Եզան և խոյի այս քանդակները Յակոբսոնը համեմատում է Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին (Халпахчьян 1973, табл. 14, 17), Մակարավանքի, Մշկավանքի (Якобсон 1950, 260- 261), Խորանաշատի և այլ հուշարձաններից հայտնի օրինակների հետ և նշում, որ նմանատիպ քանդակները տարածված են եղել նաև 10-րդ դարում, Բագրատունիների ժամանակ և հանդես են գալիս որպես սուրբ կենդանիներ, որոնք ծառայում էին որպես շինության հենարաններ և իմաստավորվում որպես կառույցի պահապաններ (Якобсон 1977, 62-63): Թմբուկը ներսից գլանաձև է ու ջլատվում է ութ զույգ կիսասյունիկներով, որոնք պսակվում են մեկընդմեջ կլոր և ձգված լուսամուտների վրա հանգչող կամարաշարով (նկ. 5)։
Շատ նուրբ ու հարուստ մշակում ունի եկեղեցու բեմառէջքը (նկ. 8)։ Այն պարագծով եզերված է լայն ու խոր ելուստավոր գոտիով։ Շրջանակի ներսում կա ութ շեղանկյունի, որոնք կենտրոնում, լուսաստվեր ստեղծելու համար, թեթևակի խորացված են եռանկյունիներով։ Բոլոր շեղանկյուններն ու եռանկյուններն ունեն բարդ ու չկրկնվող՝ հյուսածո զարդաքանդակներ։ Ըստ Հասրաթյանի՝ նույնպիսի հարդարանք ունի նաև Հառիճավանքի գլխավոր եկեղեցու բեմը (Հասրաթյան 1992, 34)։ Շրջանակից վերև տեղադրված է Հասան Ջալալի խնդրանք-արձանագրությունը. «Որք երկիրպագանէք Ա[ստուա]ծազարդ սրբո սեղանոյս՝ զՀասան զորդի Վախտանգա յիշեցէք ի ս[ուր]բ յաղաւթս ձեր, աղաչեմք» (ԴՀՎ 5, 40):
Եկեղեցու արտաքին տեսքը նույնպես կոթողային և վեհ տեսք ունի և ժամանակին մարմնավորել է Խաչենի իշխանության հզորությունը և նրա տեր Հասան Ջալալի բարձր դիրքն ու հեղինակությունը։ Եկեղեցու խաչաթևերն առանձնանում են բարձր ճակտոններով, որոնցից արևմտյանը, հարավայինն ու հյուսիսայինը ընդգծվում են ելնդավոր խաչերի մեծ քանդակներով: Ճակատներն ունեն զույգ, եռանկյունաձև կտրվածքով խորշեր։ Դրանք թեթևացնում են շենքի զանգվածը, միաժամանակ լույս ու ստվերի «խաղով» աշխուժացնում ճակատները, որոնք մշակված են զույգ կիսասյունիկների վրա հենվող դեկորատիվ կամարաշարով: Միջին կամարները մոտ երկու անգամ լայն ու բարձր են կողայիններից և ներառում են եկեղեցու պատուհանները։ Եկեղեցու հյուսիսային և հարավային ճակատները բաժանված են հնգական տափակ, գեղազարդված կամարներով (նկ. 9, 10)։ Հյուսիսային ճակատի մեծադիր խաչի ստորոտում և վերնամասում «հավերժության» վարդյակներ են։ Հարավային պատի այդ նույն կամարի տակ նեղ, երկար և նրբահյուս զարդանախշերով եզերված լուսամուտ է, որից վերև աստղազարդ վարդյակ է։ Արևելյան ճակատը նույնպես հարդարված է նույնատիպ, բայց արդեն կիսաշրջանաձև կամարներով (նկ. 11)։ Արևմտյան ճակատի խաչն արդեն ավելի բարդ հորինվածքի մաս է կազմում (մանրամասն այս և այլ քանդակային հորինվածքների մասին տե՛ս Գանձասարի եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները բաժնում): Հետագայում, արևմտյան ճակատը մասամբ ծածկվել է գավթի հավելումով, ավելին, այն գրթե անտեսանելի է դարձրել քանդակազարդ այդ հորինվածքի զգալի մասը։ Այն չի երևում ցածից, թեˊ գավթի և թեˊ եկեղեցու մերձակա շրջակայքից։ (նկ. 12):
Գրականության ցանկ
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս․Բարխուդարյան, ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
- Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան։
- Халпахчьян 1973 - Халпахчьян О. Санаин. Архитектурный ансамбль Армении X—XIII вв., М․
- Якобсон 1977 - Якобсон А., Из истории армянского средневекового зодчества. Вестникобщественных наук, №12․
Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Արցախ