Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ

Տեղադրությունը

Գանձասարի վանքը գտնվում է Արցախի պատմական Խաչեն գավառում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի՝ Խաչենագետի վերնահովտում, նրա աջ ափին, Գանձասար կոչվող անտառապատ լեռան ընդարձակ դարավանդի վրա, Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մոտ մեկ և կես կմ արևմուտք:

Այն տեղադրությամբ գերիշխում է գետահովտի վրա՝ բնապատկերում ցայտուն առանձնանալով նաև իր ուրվագծով (նկ. 1, 2, 3):

Նկ. 1 Վանքի ընդհանուր տեսքը, լուս. Հրայր Բազեի:

Նկ. 2 Վանքի ընդհանուր տեսքը Գանձասար լեռան ստորոտից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 3 Խաչենագետի վերնահովիտը Գանձասարի վանքից, լուս. Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Գանձասարի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 949 թվականին։ Այդ թվականին Հայոց Անանիա Մոկացի կաթողիկոսը՝ անհանգստացած Աղվանից եկեղեցու քաղկեդոնական խոտորումներով, գալիս է Արցախ և հոգևորականության ու նշանավոր իշխանների մասնակցությամբ ժողով գումարում: Մասնակիցների շարքում կաթողիկոսը հիշատակում է նաև «Հայր Սարգիս՝ Գանձասարու վանական» (Անանիա 1897, 134): Պատմագիր Ստեփանոս Օրբելյանը այս դեպքերի կապակցությամբ հիշատակում է «եկեղեցապանն Գանձասարու» (Օրբելեան 1910, 279)։

12-րդ դարում Գանձասարը հայտնի էր որպես Խաչենի իշխանների տոհմական տապանատուն: Այսպես, Մխիթար Գոշը 12-րդ դարի կեսի Արցախի ասպատակությունների կապակցությամբ գրում է, որ Գրիգոր իշխանին «առեալ բերին ի վանքն՝ անուանեալ Գանձասար, որ էր տապանատուն նախնեաց նորա, եւ անդ թաղեցին զնա» (Կաղանկատուացի 1983, 355): Նույնը հավաստում է և Գանձակեցին՝  «Շինեաց…մի եկեղեցի գեղեցկազարդ յօրինուածով, գմբեթարդ…ի վանքն, որ կոչի Գանձասար…ի տեղի շիրմի իւրեանց» (Գանձակեցի 1961, 269-270): Նույնը կարդում ենք և եկեղեցու կառուցման արձանագրության մեջ. «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատան հարց մերոց ի Գանձասար» (ԴՀՎ 5, 38): Այսօր էլ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին կից իր տեղում պահպանվել է Հասան Մեծի՝ իր կնոջ և դստեր գերեզմանի վրա 1181 թվականին կանգնեցրած խաչքարը (նկ. 4): Սա հիմք է տալիս կարծել, որ հին գերեզմանատան նախկին եկեղեցին կամ մատուռը զբաղեցրել է մոտավորապես այն տեղը, որտեղ հիմա կանգուն եկեղեցին է: Երևի հին կառույցին են պատկանել և ներկա կառույցի պատերում ագուցված երկու սալերը՝ վաղքրիստոնեական խաչային հորինվածքներով (նկ. 5, 6):

Նկ. 4 Հասան Մեծի կանգնեցրած խաչքարը, 1181 թ., լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Վաղքրիստոնեական խաչային հորինվածքներով սալեր՝ ներդրված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատերում, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 6 Վաղքրիստոնեական խաչային հորինվածքներով սալեր՝ ներդրված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատերում, լուս. Հ. Պետրոսյանի:

Վանական համալիրի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է Արցախ-Խաչենի իշխանաց իշխան Հասան-Ջալալ Դոլան 1216-1238 թվականներին։ Այդ մասին է փաստում կառույցի ներսում, հյուսիսային պատին, դասական բոլորգիր եկաթագրով գրված և կարմիր ներկով ընդգծված արձանագրության (27 տող) վերին, հատվածը` տեղադրված պատուհանի երկու կողմերում  (նկ. 7)։

Նկ. 7 Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման արձանագրութունը, լուս. Հ. Պետրոսյանի:

Պատմական աղբյուրներում Հասան Ջալալին մի շարք տիտղոսներ են տրվել՝ «Ինքնակալ, իշխանաց իշխան տեր Խաչենու, թագաւոր, իշխան Խաչենո և Ըռանա, մեծ արքա, Աղուանից արքայ, բնակաւոր ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի թագաւոր և ի հոգնասահաման նահանգի» և այլն (ԴՀՎ 5, 37): Տաճարի շինարարական արձանագրությունը ներկայացնում է Խաչենի իշխանի, նրա տոհմի ու ծնողների քրիստոնեական առաքելությունը, եկեղեցու կառուցման պատգամն ու կարևորությունը. «Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլ|այ Հասան, որդի Վախտանգա, թոռն Մեծին |Հասանա, բնակաւոր ինքնակալ բարձր |եւ մեծ Արցախական աշխարհի,  ի Խ[աւխ|անա]բերդի՝ յոքնասահման նահա[ն]|գաւք: Զի հայր իմ ի վախճան կենաց ելից |իւր աստեացս անդարձ՝ կտակի հա|ստատեաց ինձ եւ մաւրն իմ Խորիշահի, որ էր |դուստր մեծ իշխանաց իշխանին |Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, |զոր սկսե[ա]լ մեր :ՈԿԵ: (1216)  թվին հայոց աւգնութ[եամ]բ բարեր|արին: Եւ ի խփել լուսամտին արեւել|ից մայրն իմ կրաւնաւորեալ չոգաւ յԵ[րուսաղե]մ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարու|թե[ան] խարազանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա   |ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս լուսո վ|կաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբ[ա]զմ|ածուփ կիրս կենցաղոյս ի մտի եդ|եալ փոյթ գործո արարեալ աւարտումն եղ|եւ շնորհաւք ողորմութ[եամ]բ ամենայ|գութ Տ[եառ]ն :ՈՁԷ: (1238) թվի՝ գաւտեւորեալ ամենա|զան ձեւով, պատկերազան, յաւ[րի]նակերտ, գմբեթարդ [յ]աւրինուածաւք, յա[ւ]ժար|ութե[ամբ] կամաց մերոց, որպէս տեսանէ| Ա[ստուա]ծ» (հմմտ․ ԴՀՎ 5, 38, հմմտ. Ուլուբաբյան 1981, 87-88):

Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ եկեղեցու օծումը կայացել է 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Պատմիչը հիացմունքով է պատմում այդ իրադարձությունների մասին (Գանձակեցի 1961, 270):

Եկեղեցու անվան հետ կապված նկատենք, որ Հասան Ջալալյան իշխանական տան կողմից համաքրիստոնեական (և ոչ տեղական-ավանդական) սրբերին նվիրված տաճարների կառուցումը (Գանձասարի Հովհաննես Մկրտիչ, Վաճառի սուրբ Ստեփանոս) տեղավորվում է այն ընդհանուր միտումի մեջ, որ դիտվում է 12-րդ դարի վերջերից սկսած, երբ Զաքարյան ազատագրական պայքարը նոր բարձրացող հայ իշխանական տներին ուղղորդում է դեպի ընդհանուր քրիստոնեական աշխարհի ազատագրման առաքելությունը: Արցախում կարելի է առանձնացնել Մխիթար Գոշի և Վանական վարդապետի ջանքերով Դադո-Դադի-Դադուին Թադեոս առաքյալի աշակերտը և Դադիվանքը առաքելադիր հռչակելը (տե՛ս Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին - Monument Watch)։ Նման մտայնության հետագա դրսևորում կարելի է համարել նաև Դադիվանքի Կաթողիկե Սուրբ Նշան  եկեղեցու որմնանկարների թեմաների ընտրությունը,  և հատկապես եկեղեցու հյուսիսային պատին ներկայացված  և մեր հուշարձանի հետ անմիջապես առնչվող՝ սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանը: Նման իրողության ավելի ընդարձակ գաղափարական և աշխարհագրական հենքի մասին կարող են վկայել բազմաթիվ այլ փաստեր ևս (Պետրոսյան 2017, 236-237)։

15-րդ դարում Գանձասարը դառնում է Աղվանքի կաթողիկոսության կենտրոնը (Գանձակեցի 1961, 392։ ԴՀՎ 5, 40-41): 17-րդ դարում նորոգվում են տաճարն ու գավիթը, վանքը շրջապատվում է պարիսպներով, որոնց ներսից կից էլ կառուցվում են բնակելի խցերն ու սեղանատունը (Ուլուբաբյան 1981, 150-153): Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը ստանձնում է հոգևոր գլխավոր կենտրոնի դերակատարումը։ 18-րդ դարում վանքը դառնում է ազատագրական շարժումների կենտրոն։ Այստեղ կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այս շրջանում Գանձասարի վանքը հոգևոր և քաղաքական կենտրոն լինելուց բացի վերածվում է նաև Ղարաբաղի մելիքությունների ռազմական կենտրոնի։ Այդ գործառույթները վանքը պահպանել է մինչև 1815 թվականը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերանում է, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դառնում է Շուշին։

Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մշակութային կյանքի զարգացմանը։

Գրականություն

  1. Անանիա 1897 - Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից,  «Արարատ», թիվ Գ:
  2. Գանձակեցի 1961 – Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան:
  3. ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երևան, 1982:
  4. Կաղանկատուացի 1983 – Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը Վ. Առաքելյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  5. Պետրոսյան 2017 – Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի պեղումները և համաքրիստոնեական սրբերի ու մասունքների արդիականացման խնդիրները 13-րդ դարում, Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը, Միջազգային գիտաժողովի զեկուցումներ և զեկուցումների դրույթներ, Երևան, «Գիտություն» հրատ., էջ 231-237:
  6. Ուլուբաբյան 1981 – Ուլուբաբյան Բ., Գանձասար, «Հայաստան» հրատ., Երևան:
  7. Օրբելեան 1910 – Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպարան:
Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ
Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ
Մարտակերտի շրջան
Արցախ