Եկեղեցի Մարխաթուն
Տեղադրություն
Մարխաթուն եկեղեցին (նկ․ 1) գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 1,5-2 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք` Լուսավորչի և Մարխաթուն սարերի միջակա փեշերին փռված մի անտառապատ բացատում։
2020 թվականին սանձազերծված պատերազմի հետևանքով Մեծ Թաղեր գյուղը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
նկ. 1 Մարխաթուն եկեղեցին արևմուտքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի:
Պատմական ակնարկ
Եկեղեցու կառուցման մասին պատմական վկայություններ չեն պահպանվել։ Մարխաթուն անունը ստուգաբանվում է որպես Մայր խաթուն՝ այսինքն Մայր տիրուհի և թերևս Աստվածամոր տեղական անվանումներից է (Աբրահամյան 2009, 33):
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Միանավ ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջան խորանով սրահ է (նկ․ 2, չափերը` 8,8 մետր երկարություն, 5 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն)` կառուցված տեղական անմշակ քարով և կրաշաղախով: Ներքուստ թաղակապ է, արտաքուստ ունի երկլանջ տանիք։ Թաղը հենվում է պատկից կամարներով ստեղծված պահունակի վրա:
նկ. 2 Մարխաթուն եկեղեցու հատակագիծը, չափագրությունը Շ․ Մկրտչյանի, Շ․Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ192։
Մուտքը արևմուտքից է, քանդված են հենասյուների սրբատաշ քարերը (նկ․ 3) ։ Երկու լուսամուտները բացվում են արևելյան և արևմտյան կողմերից (նկ․ 4, 5)։ Խորանի` սրահին ուղղված կամարը շարված է եղել սրբատաշ սալերով, որից մի փոքր հատվածն է պահպանվել (նկ․ 6)։ Ըստ վիմագրի, եկեղեցին կառուցվել է «թվ․ ։ՌԾԲ:»` 1603 թվականին (Բարխուտարեանց 1895, 57)։ Եկեղեցու խաչքարերից պահպանվել են երկուսը, որից մեկը (չափերը` 0,64×0,34 մետր), գտնվում է եկեղեցու ներսում (նկ․ 7), մյուսը (նկ․ 8) տեղափոխվել և տեղադրվել է Մեծ Թաղերի գյուղամիջյան Ամենափրկիչ եկեղեցում։
Եկեղեցու շրջակայքում՝ հիմնականում արևելյան և հյուսիս- արևելյան մասում, պահպանվել է հին գերեզմանոցը ՝ բազմաթիվ տապանաքարերով։
նկ. 4 Մարխաթուն եկեղեցու արևելյան լուսամուտը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի:
նկ. 6 Մարխաթուն եկեղեցու սրահի կամարից մի հատված, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի:
նկ. 8 Մարխաթուն եկեղեցուց Ամենափրկիչ եկեղեցի տեղափոխված խաչքարը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության շտեմարան:
նկ. 3 Մարխաթուն եկեղեցու մուտքը, 2020 թ․, լուս․Գ․ Բուդաղյանի:
նկ. 5 Մարխաթուն եկեղեցու արևմտյան լուսամուտը , 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի:
նկ. 7 Մարխաթուն եկեղեցում պահպանված խաչքարը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում։ Արցախյան երկրորդ պատերազմի ռազմագործողությունների ժամանակ չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Աբրահամյան 2009 – Աբրահամյան Ե․, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ:
2․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեան Մ․,Արցախ, Բագու:
3․ Լալայան Ե․, Երկեր, հատոր 2, Երևան, 1988:
4․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Հադրութ
Արցախ