Թաղասեռի Շենին աղբյուրը
Տեղադրությունը
Գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի հարավ-արևմտյան մասում (նկ․1)։ Թաղասեռը 2020 թվականի հոկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․Ս․ Կարապետյանի, աղբյուրը՝ http://www.raa-am.com/raa/public/publish.php?mid=5&more=2&cont=32&obid=136&uid=4255
Պատմական ակնարկ
Աղբյուրը կառուցվել է 1915 թվականին, գյուղի մեծահարուստներից՝ Մովսես Հովսեփյանի դրամական միջոցներով: Այդ մասին է վկայում շինարարական արձանագրությունը, որը, սակայն խորհրդային տարիներին մասամբ եղծվել է՝ զոհ դառնալով հակակուլակական գաղափարախոսությանը:
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով թաղակապ կառույց է։ Ստորին հատվածում ունի նավ։ Կառուցված է կրաքարով և շաղախով։ Կամարը, պատերի անկյունաքարերը, նավը ամբողջությամբ սրբատաշ են։ Աղբյուրի ետնամասում կա ուղղանկյունաձև 1 մետր լայնությամբ, 5 մետր երկարությամբ ջրահավաք ավազան։
Ունի 6 մետր երկարություն, 2,1 մետր լայնություն և 3,2 մետր բարձրություն։
2000-ական թվականների կեսերին աղբյուրը վերանորգման արդյունքում սվաղապատվել է (նկ․2)։ Հաջողվել է մասնակի վերականգնել շինարարական արձանագրությունը․«ԱՅՍ ԱԽՊՅՈԻՐՍ ՅԻՇԱՏԱԿ ՊԷՐԱՒ ԵՒ ՇԻՆԷՑ […] ՄՈՎՍԷՍ […] ՕՍԷՓԵԱՆՑԸ […] 1915Թ.» (նկ․ 3)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո աղբյուրը չի տուժել։
Նկ. 2 Աղբյուրը վերանորոգումից հետո, լուս․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ- ի էլեկտրոնային շտեմարան։
Նկ. 3 Աղբյուրի շինարարական արձանագրությունը, ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ- ի էլեկտրոնային շտեմարան։
Հադրութի շրջան, Թաղասեռ գյուղ
Արցախ