Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին

Գտնվում է Հին Թաղավարդ գյուղատեղում, հայկական վերահսկողության ներքո, ներկա սահմանից 40 մետր հեռավորության վրա: Կառուցման հավանական ժամանակը` 17-րդ դար:

Ա. Նկարագրությունն ու վիճակն ըստ 2002 թվականի դիտումների

Միանավ թաղակապ սրահ է, միակ արևմտյան մուտքով: Արևելյան խորանն ուղղակյուն է, աղոթասրահից անջատվում է ճակատները սրբատաշ քարերով իրականացված թաղակիր կամարով: Խորանի հարավային և հյուսիսային պատերում բացված են մեկական ուղղանկյուն նիշաներ: Մուտքից պահպանվել են սրբատաշ բարավորն ու հյուսիսային եզրաքարերը: Եկեղեցին իրականացված է արտաքինից խոշոր, ներսից` միջին չափերի կապտատաշ քարերով և կրաշաղախով: Արևմտյան ճակատի շարվածքում` հիմքին մոտ դրված գլաքարի վրա պահպանվել են գծային խաչապատկերներ:  Քանդակներ և արձանագրություններ չկան:
Եկեղեցին Թաղավարդի և հարևան գյուղերի բնակչության համար եղել է հայտնի ուխտատեղի, շրջակա ծառերի վրա կախված են մատաղացու կենդանիների վերջույթներն ու գլուխները: Մոմավառությունը եկեղեցում շարունակվում է և այսօր:

 

Բ. Վիճակն Արցախյան երկրորդ պատերազմից հետո

Ըստ Թաղավարդի ներկա բնակիչների եկեղեցին ադրբեջանական օդուժի կողմից ռմբակոծվել է 2020թ. նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 1-ին: Արդյունքում եկեղեցին վեր է ածվել ավերակների: Եկեղեցու մատույցներում և շրջակայքում զոհվել են 12 զինվորականներ:

 

Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին
Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին
Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին
Արցախ