Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի կենտրոնում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին, շքամուտքից վերև պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերանորոգվել է 1895 թվականին․ «Ի յիշատակ հանկուցեալ հօր՝/ Մարգարէ բեկ Մելիք Փաշա[յեան]ցի/, Սուրբ Ա[ստուա]ծածնայ եկեղեցոյս/ թիթեղեայ ծածկոցն, կաթ/ողկէն կաւիթ դուռն, պատ/ուհաններն նորոգել դու[ե]ց/ իւր ծախսովն Ներսես բէկ/Մելիք Փաշայեանց․ 1895» (նկ․ 2)։ Համաձայն իր ծավալա-տարածական լուծումների և հարավային շքամուտքի քանդակային հարդարանքի՝ եկեղեցին 19-րդ դարի կառույց է:
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու պատրհաններ (նկ․ 3)։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը (նկ․ 4)։ Արտաքուստ երկթեք տանիքը պատված է մետաղյա թիթեղով։ Ներքուստ թաղակապ ծածկը հենվում է աղոթասրահի երկայնական պատերի որմնամույթերից սկզբնավորվող կամարների վրա (նկ․ 5, 6)։
Միակ սրբատաշ ու քանդակազարդ շքամուտքը բացվում է հարավից (նկ․ 7)։ Եկեղեցին լուսավորվում է արևելյան, արևմտյան և հարավային կողմերում բացվող թվով չորս լուսամուտներով։ Ներսում, պատերին տեսանելի են փորագրված խաչեր և վերօգտագործված բազմաթիվ խաչքարեր (նկ․ 4, 6, 8)։ Կառույցի արևմտյան պատի ստորին հիմնային հատվածում պատի մեջ ագուցված են 12-13-րդ դարերի երեք պատկերաքանդակ խաչքարեր (նկ․ 9, 10)։ Հուշարձանի տարածքում պահպանվել են նաև տարբեր ժամանակաշրջանների այլ խաչքարեր (նկ․ 11), որոնցից մեկը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1311 թվականին (նկ․ 12)։
Եկեղեցու երկարությունն է 16,7 մետր, լայնությունը 6,5 մետր և բարձրությունը 5,5 մետր։
Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին չի վնասվել։
Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ