Կկվեն բույն եկեղեցին
Տեղադրությունը
Կկվեն բույն (Կկվի բույն) ժողովրդական անվանումն ստացած եկեղեցին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 1,5 կմ հյուսիս արևմուտք, հին գյուղատեղիի արևելյան եզրին, անտառապատ, ժայռոտ բլրի գագաթին։

Պատմական ակնարկ
Ավետարանոցը հարուստ պատմամշակութային անցյալ ունեցող բնակավայր է և եղել է Վարանդա գավառի, ինչպես նաև Վարանդայի իշխանության կենտրոնը։ Գյուղի տարածքում առկա բազմաթիվ պատմամշակութային կոթողներից է Կկվի բույն եկեղեցին (նկ․ 1)։ Եկեղեցաբլրի արևմտյան և արևելյան ստորոտներում նկատվում են միջնադարյան գյուղատեղիների հետքեր։ Եկեղեցու և բնակատեղիների վերաբերյալ պատմական վկայությունները բացակայում են։ Ճարտարապետական և շինարարական, ինչպես նաև տարածքում առկա խաչքարերի և ժայռախաչերի ոճական առանձնահատկությունները թույլ են տալիս հնավայրը թվագրել 12-14-րդ դարերով։
Մատուռը դարեր շարունակ եղել է ուխտատեղի շրջակա գյուղերի բնակիչների համար։

Նկ. 1 Եկեղեցին և գերեզմանոցը հարավ-արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին, ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, որի չափերն են` 5,5x4,5 մետր: Կառուցվել է տեղական ճեղքված քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Եկեղեցու թաղածածկը փլված է (նկ․ 3)։ Մուտքն արևմուտքից է։ Մուտքի եզրաքարերը և բարավորը բացակայում են։ Լուսավորվել է արևելքից բացված փոքրիկ լուսամուտով։ Եկեղեցին չունի ընդգծված խորան և ընդհանուր սրահից առանձնանում է հյուսիսից և հարավից պատի մեջ բացված փոքրիկ որմնախորշերով, որոնք նախատեսված են եկեղեցական իրերի պահպանման համար։ Եկեղեցու շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի խաչքար և տապանաքար (նկ․ 4)։ Գերեզմանային հուշարձանները հիմնականում հողմահարված կամ բեկորատված վիճակում են։ Տարածքում գտնվող ժայռաբեկորներից մեկի հարթ մակերեսին պահպանվել է երկու խաչաքանդակ (նկ․ 5)։

Նկ․ 2 Եկեղեցին հարավ-արևելքից , լուս. Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ․ 4 Գերեզմանոցի տարածքում ընկած բեկորատված խաչքարը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ․ 3 Եկեղեցու ներսը արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ․ 5 Ժայռախաչերը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Արցախյան առաջին պատերազմի տարիներին եկեղեցին չի վնասվել։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ հնավայրի տարածքը եղել է ռազմական գործողությունների թեժ կետերից մեկը։ Պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Ասկերանի շրջան
Արցախ