Կովսականի (Մալատքեշին գյուղ) մզկիթը

Տեղադրությունը

Մզկիթը գտնվում է նախկին Մալատքեշին գյուղի կենտրոնական հատվածում՝ նախկինում բնակելի տների հարևանությամբ (նկ. 1,2):

Նկ. 1 Մզկիթի ընդհանուր տեսքը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 2 Մզկիթի ընդհանուր տեսքը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Պատմական ակնարկ

Մալատքեշին գյուղը գտնվում է Ողջի գետի ձախ ափին, Ողջիի ստորին հոսանքի շրջանում: Այս տարածքների բնիկ հայկական գյուղերը հայաթափվել են 18-րդ դարի վերջերին, իսկ նոր նստակյաց իսլամադավան թաթար և քուրդ բնակչությունը հայտնվել է միայն 19-րդ դարում՝ հատկապես դարի երկրորդ կեսին: Մալատքեշին գյուղի բնակչությունը շիա  դավանանքի թաթարներ էին: Այս տարածքների շատ գյուղերում պահպանվում էին հայկական եկեղեցիների ավերակները և գերեզմանոցները: Վերոնշյալ տարածքները պատմականորեն համապատասխանում էին Մեծ Հայքի Սյունիք նահանգի Կովսական գավառին (Կարապետյան 1999, 203-207):

Մզկիթը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մալատքեշին գյուղի մզկիթն ունի պարզ կառուցվածք, այն միանավ ուղղանկյուն սրահ է՝ կառուցված փոքր ու միջին չափերի կոպտատաշ քարով, գետաքարով, կրաշաղախով: Սրբատաշ են անկյունաքարերը, կամարակապ մուտքը (նկ. 3), լուսամուտների եզրաքարերը (նկ. 4): Լուսամուտները մեծ են ու լայն: Երկու լուսամուտ գտնվում է հյուսիսային ճակատում, իսկ երեքը՝ արևմտյանում (նկ. 5): Հյուսիսային ճակատի լուսամուտները գտնվում են մուտքի երկու կողմերում և հետագայում փակվել են:

Նկ. 3 Մզկիթի կամարակապ մուտքն, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 4 Մզկիթի հյուսիսային ճակատը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 5 Մզկիթի արևմտյան ճակատը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Աչքի է ընկնում մուտքը, որի եզրաքարերի վրա պատկերված են առյուծանման կենդանիներ (նկ. 6, 7): Պատկերները պարզ են, իսկ աջ կողմինը նաև հողմահարված: Մուտքի վերևը ագուցված է արձանագիր քարը, որն անվնաս է, արձանագրությունը արաբատառ է (նկ. 8): Մեկ այլ արաբատառ արձանագրություն էլ գտնվում է արևմտյան ճակատին՝ լուսամուտների մոտ:

Նկ. 6 Առյուծանման պատկերներ, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 7 Առյուծանման պատկերներ, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 8 Մզկիթի արաբատառ շինարարական արձանագրությունը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Մզկիթի ծածկը չի պահպանվել, այն եղել է փայտյա: Ներքուստ մզկիթն ունի պարզ կառուցվածք, առանց հարդարանքի, պատերը եղել են սվաղապատ: Միհրաբը պահպանվել է անաղարտ, այն ունի սլաքաձև վերջավորություն:

Մալատքեշին գյուղի մզկիթն ընդհանուր առմամբ ունի պարզ արտաքին տեսք, կառուցվածք, որով չի տարբերվում շրջակա բնակելի տներից: Այս հատկանիշը բնորոշ է գյուղական աղոթատներին: Սա փաստում են նաև Ադրբեջանի տարբեր գյուղական շրջաններում մզկիթների ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները (Гаджиева 2012, 5-18, Алосманова 2018, 114-117):

Մալատքեշին գյուղի կենտրոնում գտնվող մզկիթն ուղղակի նմանություն ունի 19-րդ դարում Արցախում կառուցված գյուղական եկեղեցիներին, ինչը ենթադրել է տալիս, որ դրանք ուղղակիորեն ներշնչվել են եկեղեցիներից, չի բացառվում նաև՝ կառուցվել են հայ վարպետների կողմից, որոնց անգամ խորհրդային տարիներին հրավիրում էին շինարարական զանազան աշխատանքներ կատարելու համար (Հովսեփյան 2024, 102-103):

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Բացառությամբ փայտե տանիքի, որը վնասվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին, մզկիթն հիմնական ծավալը անվնաս է, անաղարտ պահպանված է միհրաբն, արաբատառ արձանագրությունները: Պատերի վրա չկան միտումնավոր վնասման հետքեր:

Ցավոք, բացակայում են խորհրդային տարիներին մզկիթի վիճակի մասին տվյալները: Կարելի է ենթադրել, որ այն օգտագործվել է տնտեսական նպատակով, քանի որ գլխավոր ճակատի լուսամուտները և մուտքը փակված են:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Հովսեփյան 2024 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանների հետազոտության և պահպանության խնդիրները, Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ. Պատմամշակութային առնչություններ, Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, էջ 99-107:
  3. Алосманова 2018 – Алосманова М., Мечети сооруженные в XIX веке в Ленкорань-Астаринском регионе Азербайджанской республики, Москва, AMIT 3 (44), с. 110-120.
  4. Гаджиева 2012 - Гаджиева С., Памятники культовой архитектуры северо-западного региона Азербайджана и проблемы их сохранения, Москва, AMIT 2 (19), с. 2-20.
  5. Неймат 2011 – Неймат М., Корпус эпиграфических памятников Азербайджана, Баку.
Կովսականի (Մալատքեշին գյուղ) մզկիթը
Կովսականի (Մալատքեշին գյուղ) մզկիթը
Կովսականի (Մալատքեշին գյուղ) մզկիթը
Արցախ