Մեծ Թաղեր գյուղի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Խորհրդային տարիներին գյուղը մտնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի մեջ: 2020 թվականի պատերազմի հետևանքով Մեծ Թաղեր գյուղը, ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը օկուպացված են Ադրբեջանի կողմից:
Գյուղը գտնվում է Արաքսի վտակ Իշխանագետի ձախ ափին՝ շրջապատված անտառապատ լեռներով, ձորերով: Գյուղը ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա է:
Պատմական ակնարկ
Ինչպես հաղորդում է Շահեն Մկրտչյանը, հնում գյուղը կոչվում էր Կաժ, քանի որ գյուղը հիմնադրել էր Դանիել Կաժեցին: Գյուղը հիշատակվել է մի շարք անուններով՝ Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար: Գյուղի անունը կապվում է նրա մի քանի թաղամասերից բաղկացած լինելու հետ (Մկրտչյան, 1985, 102): Մեծ Թաղեր գյուղից են հայտնի դերասան Վաղարշ Վաղարշյանը, Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը և այլ անձինք: Գյուղում գյուղատնտեսությունից բացի զարգացած էր արհեստագործությունը: 19-րդ դարում գյուղում ակտիվորեն զբաղվել են մետաքսաթելի արտադրությամբ:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1): Այն խոշոր միանավ բազիլիկ եկեղեցի է (նկ. 2)` կառուցված 1846 թվականին:
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Գ․ Բուդաղյանի։
նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Թաղն ու թաղակիր կամարները, գմբեթարդն ընդգծված սլաքաձև են, ինչը հատուկ ուղղահայաց ձգվածություն է հաղորդում աղոթասրահին: Իսկ պատկից կամարները, շքամուտքը, պատրհաններն ու մկրտության ավազանը կանոնավոր կիսաշրջան ավարտ ունեն: Եկեղեցին առանձնանում է նաև ընդգծված լայն աղոթասրահով, որը ծածկված է 13 մետր լայնությամբ միաթռիչք թաղով (նկ. 3): Եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է կոպտատաշ քարերով, իսկ շքամուտքը, լուսամուտները, թաղակիր կամարները շարված են սրբատաշ քարով: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, ինչը պայմանավորված էր եկեղեցու տեղադրությամբ և շրջապատի խիտ կառուցապատմամբ: Այստեղ բարավորի վրա էլ գտնվում է շինարարական արձանագրությունը (նկ. 4):
նկ. 3 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Հ․ Պետրոսյանի։
Եկեղեցու պատերի մեջ տեղադրված հին խաչքարերը, տարբեր քանդակազարդ բեկորները թույլ են տալիս ենթադրելու, որ եկեղեցու կառուցման ժամանակ օգտագործվել են մեկ այլ՝ ավելի հին շինության քարեր և խաչքարեր կամ էլ վերակառուցվել է հնուց գոյություն ունեցող եկեղեցին (նկ. 5, 6, 7):
նկ. 6 Եկեղեցու ներսի պատի մեջ ագուցված խաչքար, լուս. Հ․ Պետրոսյանի։
նկ. 8 Եկեղեցու հյուսիսային պատին կից արձանագիր տապանաքարերից, լուս. Հ․ Պետրոսյանի։
նկ. 10 Եկեղեցու հյուսիսային պատին կից գերեզմաքարերից, լուս. Հ․ Պետրոսյանի։
նկ. 4 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս. Հ․ Պետրոսյանի։
նկ. 5 Մկրտության ավազանը և պատին ագուցված խաչքարերը, լուս. Հ․ Պետրոսյանի։
նկ. 7 Արևային ժամացույց ագուցված պատի մեջ, լուս. Հ․ Պետրոսյանի։
Եկեղեցու հյուսիսային պատին կից կան գերեզմանաքարեր (նկ. 8, 9, 10) և մի հրաշալի խոյակ (Մկրտչյան 1985, 104):
նկ. 9 Եկեղեցու հյուսիսային պատին կից արձանագիր տապանաքար, լուս. Հ․ Պետրոսյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, 2012-2013 թվականներին այն մասնակի վերանորոգվել է, բարեկարգվել: 2021 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում հայտնված տեսանյութից երևում է, որ եկեղեցու մուտքի դռները ջարդված են, եկեղեցու ներսը աղտոտված, փորձել են քերել, վնասել մուտքի բարավորի արձանագրությունը: Վնասված են հյուսիսային պատին կից գտնվող տապանաքարերը (Ադրբեջանցի զինվորականների կողմից արված վիդեոն, որտեղ երևում են եկեղեցու մուտքը, բարավորի վրայի վնասված արձանագրությունը, մուտքին հարակից տարածքը, վիդեոն վերցված է հետևյալ թելեգրամյան ալիքից (ադրբեջանական աղբյուրը անհայտ է)https://t.me/ararathau/7365?single&fbclid=IwAR13yiYT8xv0mvqAguzzTjrJJSdhbE35JL3KfRczx
Գրականություն
- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Մեծ Թաղեր գյուղ
Արցախ