Մեծարանից Սբ․ Հակոբավանքի 2023 թվականի հնագիտական հետազոտությունը

Սբ․ Հակոբավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից մոտ 2 կմ հյուսիս՝ լեռնաբազկի գագաթի անտառապատ գոտում։ Սբ․ Հակոբավանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անվանումը ծագում է Մծբինի հռչակավոր հայրապետ սուրբ Հակոբի անունից, որի մասունքը (աջը) պահվել է այստեղ։ Հակոբավանքը եղել է հայտնի ուխտատեղի, եպիսկոպոսանիստ, որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ (մանրամասն տես https://monumentwatch.org/hy/?s=%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84

2023 թ հնագիտական հետազոտությունը

Դեռևս 2013 թվականին Սբ․ Հակոբավանքում իրականացվել են պեղման և մաքրման աշխատանքներ (տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%a5%d5%ae%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%bd%d5%a2%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/):

Աշխատանքների հաջորդ փուլն իրկանացվել է «Մենք ենք մեր սարերը» Տարածքային Զարգացման Գործակալության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ 2023 թվականի օգոստոսին (հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Վ․ Սաֆարյան, ճարտարապետ՝ Ս. Գալստյան)։ Դրանք իրականացվել են վանքի հարավ-արևելյան, հյուսիս-արևմտյան և հարավային հատվածներում (նկ․ 1)։

Նկ. 1 2023 թ․ պեղված հատվածները, գծագիրը՝ Ս․ Գալստյանի։

Մառան-պահեստի մաքրման և պեղման աշխատանքները։

Համալիրի հարավ արևելյան հատվածում իրականացված պեղումների արդյունքում բացվել է անկանոն ուղղանկյան հատակագծով կիսագետնափոր մի կառույց, որի արևմտյան ու հարավային պատերը համալիրի պարսպապատի մասն են կազմում (հյուսիսային պատի երկարությունը 6,32 մետր, հարավայինը՝ 5,56 մետր, արևմտյանը՝  3,00 մետր, արևելյանը՝ 3,15 մետր, նկ․ 2)։ Կառույցը չունի լուսամուտ, պատրհան, իսկ հատակը լավ հարթեցված ժայռն է։ Հարավ-արևմտյան անկյունում դեպի դուրս տանող մուտք ունի: Հավանաբար նորաբաց կառույցը ծառայել է որպես պահեստ-սառնարան կամ մառան՝ միաբանների սնունդը թարմ պահելու համար։

Նկ․ 2 Հարավ-արևելյան հատվածում բացված պահեստ-մառանը, գծագիրը՝ Ս․ Գալստյանի։

Կառույցի մաքրման ընթացքում գտնվել են խաչքարերի 9 բեկոր, որոնցից չորսը արձանագիր (նկ․ 3):

Նկ․ 3 Պահեստ-մառանում գտնված արձանագիր խաչքարի բեկոր, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Մուտքի լիցքում գտնվել են պղնձե մոմակալի վերին և հատակի մասերը, երկաթե հալոց, գամեր և շղթա։ Հարավ-արևելյան անկյունում՝ կառույցի հատակին, գտնվել են գութանի խոփ, դռան ծխնի, երկանքի կես, աստղաձև անցքերով պղնձե բուրվառի մաս (նկ․ 4)։

Խեցեղենը ներկայացված է մի քանի լայն թասերի և սափորների իրանի և հատակի բեկորներով, բռնակներով, կղմինդրների տարբեր բեկորներով։ Հետաքրքիր են ջնարակած աղամանի բեկորը և սափորի գոֆրե վիզը/վերնամասը (նկ․ 5)։

Նկ․ 5 Պահեստ - մառանում գտնված խեցեղենու նմուշները, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Նկ․ 4 Պահեստ - մառանում գտնված երկաթե խոփը, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Հյուսիս-արևմտյան շինությունների մաքրման և պեղման աշխատանքները երկրորդ շինություն

Համալիրի հյուսիս-արևմտյան հատվածի շինությունները պայմանական անվանվել են կառույցներ թիվ 2 և 3։ Պեղումներով պարզվեց, որ երկու կառույցներն էլ անասնագոմեր են՝ խոշոր քարերով պատրաստված ախոռ-մսուրներով (նկ․ 6)։ Դրա մասին են վկայում երկու կառույցների ընդհանուր միջանկյալ պատի առջև գտնված է կենդանիներին ջուր տալու քարե գուռը ու եզան պայտերը (նկ․ 7)։

Համար 2-րդ կառույցի լիցքում գտնվել են բազմազան թափված քարեր, հող, գամեր, կղմինդրների բեկորներ, սափորի կանթ։ Հարավային պատի տակ գտնվել է խաչքարի երկու արձանագիր բեկոր`մեկը մելանագիր հնգատող արձանագրությամբ (նկ․ 8)։

Նկ․ 6 Համալիրի հյուսիս-արևմտյան պեղված հատվածը, գծագիրը՝ Ս․ Գալստյանի։

Նկ․ 7 Քարե գուռը և եզան երկաթե պայտերը, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 8 Մելանագիր արձանագրությամբ խաչքարի բեկոր, լուս.՝ Վ․Սաֆարյանի։

Հյուսիս-արևմտյան շինությունների մաքրման և պեղման աշխատանքները երորրդ շինություն

2-րդ և 3-րդ կառույցների առջև ընդհանուր միջանկյալ պատից 0,75 սմ հարավ ճիմահողում գտնվել է արձանագիր խաչքարի բեկոր, որի վրա պահպանվել է չորս տող՝

«Ես Զաքարէ՝ որդ/ի Վախտանգա՝ տ[եառ]ն/ Խաչենո[յ]…» (նկ․ 9)։

Նկ․ 9 Արձանագիր խաչքարի բեկոր, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Նույն հատվածում գտնվել են երեք խաչքարի բեկորներ՝ առանց արձանագրության։ Մեկ խաչքարի բեկոր օգտագործված է որպես անկյունաքար երրորդ շինության մուտքի աջակողմյան շարվածքում։ Երրորդ շինության հատակին գտնվել է խաչքարի մեծ բեկոր (նկ․ 10), թվագրված «:ՈԼ: (1181 թ․)» թվականով: Այս խաչքարն իր հնությամբ երկրորդն է համալիրի տարածքում՝ 853 թվականով թվագրված խաչքարի պատվանդանից հետո: Երկրորդ գոմի հյուսիսային պատի 1,95 սմ խորությամբ գտնվել է հնգատող արձանագրությամբ մի այլ քար։ Նույն գոմի հյուսիսային պատին կից՝ մսուրի մակարդակից սկսած բացվել է մի փոքր խորշ՝ հավանաբար աղ պահելու համար։

Նկ․ 10 Երկրորդ գոմում գտնված 1181 թ․ խաչքարի ներքնամաս, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Հարավային պատի մոտ դրսից գտնվել են խաչքարերի բեկորներ, ևս մի մելանագիր արձանագիր քար, որը երկրորդ կառույցում գտնված քարի մասն է։ Արձանագրությամբ մի քար էլ գտնվել է երկու գոմերի հարավային պատի տարածքի արևմտյան մասում։

Երկու գոմերն էլ ունեցել են մեկական լուսամուտներ:

Եկեղեցին տանող արևմտյան աստիճանների բացահայտումը

Համալիրի հյուսիսային գավթից 5 մետր արևմուտք բացվել է հյուսիս-հարավ ձգվող մի շարվածք, որը սկսվում է առաջի գոմի հարավային պատից։ Շարվածքի լայնությունը ընդամենը 0,38-0,40 սմ է, ինչը ենթադրում է որ այն հենապատի հատված է, որը կառուցվել է եկեղեցու և արևմտյան կառույցների արանքում հրապարակ ստեղծելու համար։ Հյուսիս-հարավ ձգվող այս պատի կենտրոնում (առաջին գոմի հարավային անկյունից 4,50 սմ հարավ) բացվել է դեպի եկեղեցի տանող չորս աստիճանով մուտք (լայնությունը 1,40 սմ, նկ․ 11)։

Նկ․ 11 Եկեղեցին տանող աստիճանները, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Աստիճանների մոտ թափված հողի մեջ գտնվել է կալիպտերի բեկոր «էս ․․․․այ» արձանագրությամբ։ Նորաբաց մուտքի հարավային եզրաքարից 1,60 սմ հարավ գտնվել է մեծ խաչքարի 2 բեկոր (պահպանված մասերի չափերն են՝ 0,54x0,54 սմ)։ Հետաքրքիր է, որ նույն քարի մի այլ բեկոր գտնվել է համալիրի արևելյան հատվածում՝ 2013 թ. պեղումների ժամանակ, ինչը ևս մի անգամ վկայում է դրանց երկրորդական օգտագործման մասին։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ համալիրն ունեցել է եկեղեցին տանող երկու մուտք՝ արևմտյան (նորաբաց) և արևելյան՝ վեհարանի կողմից, որի աստիճանների քարերը վաղուց տեղում չեն։ Արևմտյան հատվածում հոգևոր և տնտեսական մասերը տարանջատված են եղել պատով, որն ունեցել է 4 աստիճաններով մուտք դեպի եկեղեցական կառույցները։

Մաքրման և պեղման աշխատանքները ցուցում են, որ հոգևոր կառույցներից հարավ եղել է մի հարթակ, որտեղ թաղումներ են կատարվել իսկ նրա ներքևի մասում պահպանվել են պատրհանը և ջրամբարը։ Մաքրելով այդ հատվածը, ճշտել ենք, որ պահպանված պատը շարունակվում է դեպի արևմուտք և ունեցել է երեք որմնահեց (նկ. 12)։

Նկ․ 12 Հակոբավանքի հարավային հատվածը մաքրման աշխատանքներից հետո, լուս.՝ Վ․ Սաֆարյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Մաքրման և պեղման աշխատանքների իրականացումը պետք էր հնարավոր դարձներ Սբ․ Հակոբավանքի վերականգնման ծրագրի իրականացումն ու շինությունների ամրացումը, քանի որ վանքը գտնվում է վթարային վիճակում, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո վանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մեծարանից Սբ․ Հակոբավանքի 2023 թվականի հնագիտական հետազոտությունը
Մեծարանից Սբ․ Հակոբավանքի 2023 թվականի հնագիտական հետազոտությունը
Մեծարանից Սբ․ Հակոբավանք
Արցախ