Մեծարանից Սբ․ Հակոբավանքի 2023 թվականի հնագիտական հետազոտությունը

Սբ․ Հակոբավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից մոտ 2 կմ հյուսիս՝ լեռնաբազկի գագաթի անտառապատ գոտում։ Սբ․ Հակոբավանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անվանումը ծագում է Մծբինի հռչակավոր հայրապետ սուրբ Հակոբի անունից, որի մասունքը (աջը) պահվել է այստեղ։ Հակոբավանքը եղել է հայտնի ուխտատեղի, եպիսկոպոսանիստ, որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ (մանրամասն տես https://monumentwatch.org/hy/?s=%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84)։ 2023 թ․ հնագիտական հետազոտությունը Դեռևս 2013 թվականին Սբ․ Հակոբավանքում իրականացվել են պեղման և մաքրման աշխատանքներ (տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%a5%d5%ae%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%bd%d5%a2%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/): Աշխատանքների հաջորդ փուլն իրկանացվել է «Մենք ենք մեր սարերը» Տարածքային Զարգացման Գործակալության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ 2023 թվականի օգոստոսին (հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Վ․ Սաֆարյան, ճարտարապետ՝ Ս. Գալստյան)։ Դրանք իրականացվել են վանքի հարավ-արևելյան, հյուսիս-արևմտյան և հարավային հատվածներում (նկ․ 1)։ Մառան-պահեստի մաքրման և պեղման աշխատանքները։ Համալիրի հարավ արևելյան հատվածում իրականացված պեղումների արդյունքում բացվել է անկանոն ուղղանկյան հատակագծով կիսագետնափոր մի կառույց, որի արևմտյան ու հարավային պատերը համալիրի պարսպապատի մասն են կազմում (հյուսիսային պատի երկարությունը 6,32 մետր, հարավայինը՝ 5,56 մետր, արևմտյանը՝  3,00 մետր, արևելյանը՝ 3,15 մետր, նկ․ 2)։ Կառույցը չունի լուսամուտ, պատրհան, իսկ հատակը լավ հարթեցված ժայռն է։ Հարավ-արևմտյան անկյունում դեպի դուրս տանող մուտք ունի: Հավանաբար նորաբաց կառույցը ծառայել է որպես պահեստ-սառնարան կամ մառան՝ միաբանների սնունդը թարմ պահելու համար։ Կառույցի մաքրման ընթացքում գտնվել են խաչքարերի 9 բեկոր, որոնցից չորսը արձանագիր (նկ․ 3): Մուտքի լիցքում գտնվել են պղնձե մոմակալի վերին և հատակի մասերը, երկաթե հալոց, գամեր և շղթա։ Հարավ-արևելյան անկյունում՝ կառույցի հատակին, գտնվել են գութանի խոփ, դռան ծխնի, երկանքի կես, աստղաձև անցքերով պղնձե բուրվառի մաս (նկ․ 4)։ Խեցեղենը ներկայացված է մի քանի լայն թասերի և սափորների իրանի և հատակի բեկորներով, բռնակներով, կղմինդրների տարբեր բեկորներով։ Հետաքրքիր են ջնարակած աղամանի բեկորը և սափորի գոֆրե վիզը/վերնամասը (նկ․ 5)։

Մեծիրանից Սբ․ Հակոբավանքը

Տեղադրությունը Հակոբավանքը գտնվում է Արցախի պատմական Մեծիրանք (կամ Մեծառանք) գավառում՝ Խաչենագետի աջ ափից ոչ շատ հեռու, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազկի վրա (նկ․ 1)։ Վանքն ունի արևելքից արևմուտք ձգված, ուղղանկյունաձև գլխավոր հատակագիծ (նկ․ 2)։ Ամբողջ տարածքը պարագծված է պարիսպներով։ Համալիրի կազմում ընդգրկված են ինչպես պաշտամունքային (արևմտյան և արևելյան եկեղեցիները, արևմտյան եկեղեցու գավիթը), այնպես էլ՝ բնակելի և տնտեսական շենքեր։ Վերջիններս խմբավորված են արևմուտքում՝ դարպասի շուրջը և արևելքում, իսկ եկեղեցիները կից են հյուսիսային պարսպին։ Պատմական ակնարկ Հակոբավանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անվանումը ծագում է Մծբինի հռչակավոր հայրապետ Սբ․ Հակոբի անունից, որի մասունքը (աջը) պահվել է այստեղ։ Հակոբավանքը եղել է հայտնի ուխտատեղի, եպիսկոպոսանիստ, որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ։ Վանքի մասին մատենագրական աղբյուրներում տեղեկությունները սակավաթիվ են։ Պատմական վկայություններ են պարունակում տարածքում պահպանված արձանագրությունները, որոնցում հիշատակություններ կան վանքը կառուցողների և շինությունների հետագա վերակառուցումների մասին։ Արձանագրություններից ամենահինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է փոքր եկեղեցու պատի մեջ որպես շինաքար և վերաբերում է :ՅԲ: (853) թվականին (Պետրոսյան, Երանյան 2022, 28)։ Վանքի արևելյան եկեղեցու հարավային պատին այլ արձանագրությունների շարքում պահպանվել է եկեղեցու վերանորոգման հիշատակությունը. «ՈԿԱ (1212) թիւ, ես Խո/րիշահ, ամուսին/ Վախտա[ն]գա, տ[է]ր Խաչե/նոյ, դուստր մեծին Սա/րգսի, քոյր Զաքարի և Իւան/ոյ, վերըստին շինեցի զեկ/եղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ…» (ԴՀՎ 5, 12) (նկ․ 3): Արձանագրությունից պարզ է դառնում և վանքի ներկայիս վիճակն էլ ցուցում է, որ վերջինս վերակառուցվել է՝ ներառյալ և երկու եկեղեցիները: Ընդ որում լայնորեն վերօգտագործվել են խաչքարեր, արձանագրակիր սալեր, տապանաքարեր: Հակոբավանքը մի քանի անգամ է վերակառուցվել նաև 17-18-րդ դարերում։ Այդ մասին են վկայում «Նորոգեցաւ ի թուին հայոց։ ՌՃԽ (1691), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին» արձանագրությունը (ԴՀՎ 5, 11), ինչպես նաև վանքի բնակելի խցերից մեկի՝ 1725 թվականին վերաբերող շինարարական վկայագիրը։ Նշված վավերացումները, ինչպես նաև Հակոբավանքի պահպանված իրավիճակը, հնարավորություն է տալիս խոսել համալիրի կառուցման հիմնական ժամանակափուլերի մասին՝ 9-րդ դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջ։ Հիմնական կառուցումներն իրականացվել են 12-13-րդ դարերում (Մկրտչյան 1985, 25)։ Հակոբավանքը նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը։ Այդ մասին են վկայում վանքում կազմված մի քանի ձեռագիր ավետարանների հիշատակագրությունները (Ոսկեան 1953, 90: Մինասյան 2015, 22-23): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Հակոբավանքի եկեղեցիները միանավ, թաղածածկ կիսաշրջանաձև խորաններով կառույցներ են։ Արևելյան եկեղեցին ունի երկարավուն և ինքնատիպ հորինվածք՝ (7,80 x 3,20 մետր չափեր)։ Կառույցը հյուսիսային կողմից, ողջ երկարությամբ ունի չորս՝ մոտավորապես քառակուսի հատակագծով մատուռներ, որոնցից երեքը բացվում են դեպի աղոթասրահ, իսկ չորրորդ՝ արևելյան ավանդատունը մուտք ունի խորանի տակից։ Բեմը ներառում է նաև կամարակապ դամբարան-մասունքարան: Այս հանգամանքներով պայմանավորված՝ եկեղեցու բեմը սովորականից բարձր է կառուցված (նկ․ 4)։ Այստեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմի աստիճաններով։ Եկեղեցու արևմտյան պատին, ինչպես նշեցինք, ունի 1212 թվականի վերանորոգման արձանագրություն (ԴՀՎ 5, 12)։ Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի այս կողմում կառուցված սրահ։ Վերջինս հարավային կողմում, առջևի պատի փոխարեն ունի եռակամար սյունաշար: Ընդ որում երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները սրբատաշ են՝ մինչդեռ համալիրի բոլոր շինությունները հիմնականում կոպտատաշ քարով են իրականացվել (նկ. 5)։ Այսպիսի եռակամար բացվածքով սրահներ ունեն նաև Կոշիկ անապատը, Դադիվանքը, Տաթևի վանքը։ Հակոբավանքի սրահն աչքի է ընկնում բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի և վիմագիր սալաքարերի օգտագործմամբ։ Յուրօրինակ բազմագույն պատկեր է ներկայացված՝ վարդագույն խաչքարերի, մոխրագույն տապանաքարերի, կապտավուն պատերի, կաթնագույն վիմագիր սալերի և նարնջագույն կրաքարի վրա քանդակված արևի ժամացույցի համադրությամբ (նկ․ 6)։ Խոշոր, կանոնավոր հարդարված տապանաքարերի արձանագրություններից երևում է, որ այստեղ թաղված են «Ոհանէս… Առըստակէս… Սիմէոն» կաթողիկոսները (նկ․ 7) և «Սիմէոն, Վարդան» եպիսկոպոսները (Բարխուտարեանց 1895, 171)։ Սրանք էլ խոսում են այն մասին, որ 15-րդ դարում Մեծառանից վանքը եղել է կաթողիկոսանիստ։ Այդ մասին Ոսկյանը նշել է, որ «բայց դարեր վերջ է, որ Ս․ Յակոբի վանքը քաղաքական պարագաներու հետեւանքով քան թէ ուրիշ պատճառներով կըլլայ Աղուաններու կաթողիկոսներու աթոռը եւ անկէ կը կառավարէին իրենց հօտը» (Ոսկեան 1953, 88):

Մանրամասներ․ խաչքար, Քոլատակ, այժմ՝ Հակոբավանքում, Արցախ։

Խաչքար, Քոլատակ, այժմ՝ Հակոբավանքում, Արցախ։ Արձանագրությունը. «Թիւն ։ՈՀԹ։ էր (1230 թ.), ես/ Սարգիս եւ այլ եղբարքս/ կանգնեցաք զխաչերս/ հաւր մեր Գրիգորանա/ եւ եղբաւր մեր Շահա/բերա, որ կիսաւրեա/ ժամանակաւ խողխ/ողեցաւ ի ձեռն այ/լազգեաց։ Որք երկ/րպագէք՝ յաղաւ[թս/ յիշեցէք» (Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարայան, ՀՀ ԳԱ հրատ., Երևան, 1982, էջ 23)։

«Սբ․ Հակոբավանքի վերականգնում և համայնքի զարգացում» վերնագրով համաժողովի շուրջ

Սեպտեմբերի 26-ին Մատենադարանում «ռեԱրմենիա», «Արեւահովիտ» հարթակների և «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սբ․ Հակոբավանքի վերականգնում և համայնքի զարգացում» վերնագրով համաժողովը։ Համաժողովն սկսվեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բացման խոսքով և Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձով։ Ճարտարապետ Սամվել Այվազյանը ներկայացրեց համալիրի վերականգնման նախագիծը, ցուցադրվեց տեսանյութ նվիրված Մեծառանից սբ․ Հակոբավանքին։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի «Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գրքի շնորհանդեսը։ Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցան քննարկումներ Հակոբավանքի հոգևոր կրթա-մշակութային դերի, ուխտագնացությունների նշանակության, ինչպես նաև համայնքի զարգացման ծրագրի մասին։ Համաժողովին ելույթ ունեցան մի շարք հոգևորականներ, ազգագրագետներ, պատմաբաններ, տարբեր գործիչներ, ովքեր բազմիցս նշեցին սբ․ Հակոբավանքի վերականգնման նշանակության և այդ աշխատանքների մասնագիտական բարձր մակարդակով իրականացնելու կարևորության մասին։ Միջոցառման ավարտից հետո ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնում կայացավ «ռեԱրմենիա» հարթակի գործադիր հիմնադիր Գևորգ Պողոսյանի, «Արեւահովիտ» հարթակի համահիմնադիր Լալա Մնեյանի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահիմնադիր Համլետ Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման խնդիրները՝ հաշվի առնելով ներկայիս ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը և մարտահրավերները։

Կոշիկ անապատը

Տեղադրությունը Կոշիկ անապատը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Քոլատակ գյուղից 3,2 կմ արևմուտք, անտառածածկ տեղանքում (նկ․ 1)։ Վանքի գլխավոր հատակագիծը երկարավուն տեսք ունի և զբաղեցնում է մոտավորապես 20 x 80 մետր տարածք (նկ․ 2)։ Կոշիկ անվան մասին Տեղացիները վանքը կոչում են «Նապատ», ինչն անապատի բարբառային ձևն է: Վանքի «Կոշիկ անապատ» անվանումը երիցս վկայված է նրա արձանագրություններում (ԴՀՎ 5, 28, 30, 32): Առաջին հայացքից տարօրինակ և անհասկանալի թվացող «կոշիկ» անվանումն ըստ երևույթին կապված է այս բառի սոցիալ-իրավական իմաստի հետ, ինչը ձևավորվել է դեռ վաղ միջնադարում՝ պարթևական, սասանյան և հայ Արշակունիների արքունական միջավայրում, երբ արքայի կամ այլ գերակայի որևէ մեկին շնորհած զգեստը, հարդարանքը կամ զարդը ցուցում էին նրա իրավա-սոցիալական կարգավիճակը: Դրանց թվում էր նաև կոշիկը, որը ձեռք էր բերել նաև պարգև, նվեր իմաստը (մանրամասն տե՛ս Առաքելյան 1940, 75-79): Կարելի է ենթադրել, որ մենաստանը սկզբնապես կառուցվել է Խաչենի որևէ իշխանական տան նվիրատվությամբ և դրա համար էլ ստացել է Կոշիկ անվանումը: Վանքի գործունեության մասին Կոշիկ անապատի մասին հիմնական տեղեկությունները հայտնում են վանքի կառույցների պատերին և խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները: Ցավոք, տեղում արձանագրական, ճարտարապետական կամ պատկերագրական ստույգ վկայություն չկա վանքի ստեղծման ժամանակի վերաբերյալ: Դատելով առկա արձանագրություններից, 13-րդ դարի առաջին կեսին այն պատկանել է Խաչենի Դեսումյան իշխանական տանը, ապա՝ 13-րդ դարի կեսերից՝ Լոռուց այստեղ տեղափոխված Մամիկոնյան տան մի ճյուղին (Հակոբյան 2020, 297, 346-350): Վերջիններիս ներկայացուցիչներից մեկը՝ Խերխանը, վանքի Սբ․ Ստեփանոս եկեղեցու բեմառէջքի 1265 թվականի ընդարձակ արձանագրության մեջ (նկ. 3, 4) հայտնում է մոնղոլ խանին երեք այցելությունների և իրենց կալվածքները հարկերից ազատելու մասին. «:գ: հետի ի ղանն գնացի յարեւ/ելս հիւսիսիոյ … իմ ազգէն թափեցի դ/ատաստանաւ» (ԴՀՎ 5, 29: Հակոբյան 2020, 346): Այս նույն արձանագրությամբ իշխանական տան անդամները վանքը համարում են իրենց գերեզմանատունը. «Մեք՝ Սեւադա,/ Խէրխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորոգել զմեր գերեզմանատունս: Ես՝ Խէրխանս… շին/եցի զսուրբ Ստեփանոսս եւ նորոգեցի զայլ եկեղեցիքս եւ զարդարեցի» (ԴՀՎ 5, 29, Հակոբյան 2020, 346): Այս և վանքի այլ արձանագրությունների քննությամբ կարելի է պարզել, որ վանքի՝ իրար կից երեք եկեղեցիներից հարավայինը կոչվել է Սբ․ Ստեփանոս, միջինը՝ Սբ․ Գևորգ, հյուսիսայինը՝ Սբ․ Նշան (Բարխուտարեանց 1895, 168-169): Ընդ որում, արձանագրական մի քանի տեղեկություններ հիմք են տալիս հավանական համարել, որ վանքը՝ կենտրոնական, թերևս ամենահին, եկեղեցու անունով կոչվել է նաև նաև Սբ․ Գևորգ:          

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Սիրելի բարեկամներ, գործընկերներ և աջակիցներ: «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակն անցած ծանր ու ողբերգական տարում՝ անկախ հանգամանքներից և հավատարիմ իր ընտրած ակադեմիական բարեվարքության սկզբունքներին, շարունակել է միջազգային գիտական հանրույթին ներկայացնել Արցախի ժառանգության անկողմնակալ, գիտականորեն հիմնավորված և մանրամասնված պատկերը, հետևել ու արձագանքել դրանց պահպանության ու պաշտպանության խնդիրներին: Սա կամավոր աշխատանք է, սա մեր համեստ ու համառ ներդրումն է հանուն արդարության: Եվ մենք այն նույն ջանասիրությամբ և նվիրումով շարունակելու ենք նաև գալիք տարում: Նոր տարին նորանում է միա՛յն և միա՛յն մեր նվիրումով ու մեր ամենօրյա ջանքերով: Խաղաղ Նոր տարի և հուսադրող Սուրբ Ծնունդ բոլորիդ: 2023 թվականին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը գրանցել է հետևյալ արդյունքները։ Հուշարձանների քննություն՝ 70։ Կայքում ներկայացված հուշարձաններն են՝ 1.     Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը  2.     Թաղոտի աղբյուրը  3.     Շախկախի վանքը 4.     Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ 5.     Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին  6.     Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները 7.     Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները 8.     Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը  9.     Հին Սխտորաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին 10.  Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին 11.  Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին 12.  Մեսիս վանքը 13.  Մեծ ճյուր աղբյուրը 14.  Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին  15.  Կարմիր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին 16.  Հարավ գյուղի սբ․ Մեսրոպ եկեղեցին  17.  Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին  18.  Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին  19.  Հաթերքի սբ․ Աստվածածին եկեղեցին 20.  Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին 21.  Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը  22.  Վարդաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին 23.  Սխտորաշենի Տնջրուն աղբյուրը  24.  Դահրազի սբ․ Աստվածածին եկեղեցին 25.  Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ 26.  Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին  27.  Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները  28.  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները  29.  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը  30.  Գանձասարի վանքն անկախության տարիներին 31.   Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը) 32.  Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը 33.  Երից մանկանց վանքը 34.  Չախմախ մատուռը 35.  Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակին նվիրված հուշարձանը 36.  Խաչմաչի սբ․Ստեփանոս եկեղեցին 37.  Խաչմաչ գյուղի աղբյուրը 38.  Ամարասի վանքը. ընդհանուր տեղեկություններ 39.  Ամարասի սբ․ Գրիգորիսի մասունքարանը 40.  Ամարասի վանական համալիրի պաշտպանական համակարգը և աշխարհիկ շինությունները 41.  Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին 42.  Ամարասի վանքի խաչքարերը, սբ. Գրիգորիսի «տապանաքարն» ու արձանագրությունները 43.  Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին 44.  Կիչանի անապատը 45.  Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցին 46.  Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը 47.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին 48.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին 49.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը 50.  Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին 51.  Առաջաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին 52.  «Ըղեն Նահատակ» վանքը 53.  Կղարծիի Սրբոց Թարգմանչաց եկեղեցին 54.  Խնապատի Երեշենի մատուռը 55.  Չարեքտարի վանքը․ պատմա-ճարտարապետական քննություն 56.  Չարեքտարի վանքը․ հնագիտական հետազոտությունը 57.  Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին 58.   Սառնաղբյուրի (Աղբուլաղ) Քյարիզ աղբյուրը 59.  Կավահանի (Ղավախանի) Սբ․ Աստվածածին եկեղեցին 60.  Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին 61.  Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին 62.  Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը 63.  Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին 64.  Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը 65.  Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո  66.  Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի եկեղեցին և մասունքարանը 67.  Մեծիրանից Սբ․ Հակոբավանքը 68.  Աղդամի մզկիթը 69.  Ասկերանի սբ․ Աստվածածին եկեղեցին 70.  Կոլխոզաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին ՀՀ Սահմանային հուշարձաննների հետազոտում՝ 15 Բարձրավանի Քրատակի Սբ. Մինաս Շինուհայրի Կուսանաց անապատ Խոզնավարի Բազառխանա վայրում թևավոր խաչքար և շինությունների մնացորդներ Խնածախի Չալուկի խութ վայրի խաչքարերը Կոռնիձորի Խաչեր կոչվող տեղամասի (Շուռնուխ հնավայր) կոթողները Վերիշենի Սբ. Հռիփսիմե եկեղեցին Ակներ գյուղի Խաչեր սրբատեղին Հին Քարաշեն գյուղի եկեղեցին, 1551թ. Հին Քարաշեն գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, 1731թ. Հին Խոտ բնակատեղիի գերեզմանատունը Հին Շինուհայր բնակատեղիի գերեզմանատունը Հալիձոր. Հարանց անապատը («Սյունյաց մեծ անապատը») Բարձրավանի քարավանատունը Բարձրավանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին Բղենո Նորավանքը Թանգարաններ և մասնավոր հավաքածուներ՝ 5 Շուշի քաղաքի պատմության թանգարանը Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության թանգարանը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց թանգարանը Մեդիա դաշտի մոնիթորինգ և ահազանգերի մշակում՝ 48 նյութ 1.     Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ մեղադրանքները. 2022 թ. դեկտեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» 17-րդ նստաշրջանում Ադրբեջանի զրպարտչական ելույթի մասին 2.     Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը 3.     Թալիշ գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ‹‹աղվանա-ուդիական›› հռչակելու մասին 4.     Թե ինչպես են Ադրբեջանի ‹‹մասնագետներն›› ու հոգևորականները Թալիշ գյուղի 1957-1959 թթ. կառուցված մշակույթի տունը համարում ռուսական եկեղեցի և ‹‹հայկական վանդալիզմի›› զոհ 5.     Այս անգամ էլ Ազոխի քարայրը 6.     44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին թիրախավորելու մասին 7.     Բեռլինի միջազգային զբոսաշրջային կոմիտեն արգելել է 2023 թ․ մարտի 7-9-ը Բեռլինում տեղի ունեցող համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել Արցախի մշակութային ժառանգությունը 8.     Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի առթիվ 9.     Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին 10.  Սյունիքի և Արցախի սահմանագլխի «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ 11.  Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ 12.  Բաքվում տեղի ունեցած «Կովկասյան Աղվանք․ կրոնական և հասարակական կյանքը» 10-րդ միջազգային գիտաժողովի շուրջ 13.  Ադրբեջանն սպառնում է Դադիվանքից հեռացնել հայ վանականներին 14.  Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը 15.  Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից բնակելի տները 16.  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ոչնչացման շուրջ 17.  Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը 18.  Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 19.  Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում 20.  Ադրբեջանի առաջին արձագանքը միջազգային ակադեմիական խմբի հրատարակած «Կովկասյան Աղվանք» գրքին 21.  Ադրբեջանը ոչնչացրել է Հալիվորի կամուրջը 22.  Ադրբեջանի նախագահի հրամանով հայկական պատմական Տողը վերածվում է ադրբեջանական-աղվանական ‹‹Տուղ›› արգելոցի 23.  Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական նախագծի մասին 24.  Ահազանգ․ Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը 25.  Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել 26.   Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը: 27.   Ավետարանոցի հուշահամալիրի մասին: 28.   Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին: 29.   «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով: 30.   Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը: 31.   Ամարասի վանքն օկուպացված է․ Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները: 32.   Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ: 33.   Հռոմի ստատուտը մշակութային ժառանգության մասին: 34.   Գանձասարի բռնայուրացումն սկսված է: 35.   Ցուցանակները ջնջելով՝ պատմությունը չես ջնջի: 36.   Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: 37.   Ադրբեջանի վտանգավոր հայտարարություններն ու նախաձեռնությունները: 38.   Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հավանականության վերաբերյալ: 39.   Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը: 40.   Վանքի ավտոմեքենաների համարանիշների պատը քանդվել է Ադրբեջանի նախագահի հրամանով: 41.   Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը: 42.   Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ Գլխավոր Կոնֆերանսի փոխնախագահ: 43.   Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը: 44.   Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել: 45.   Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները: 46.  Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը 47.  Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր 48.  Ադրբեջանը ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը Նորություններ բաժնի համար նյութերի պատրաստում և հրապարակում՝ 23 1.     Մաքրման աշխատանքներ Հակոբավանքում 2.     Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին 3.     Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին 4.     Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև 5.     «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն Սյունիքում 6.     ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին 7.     Ռուբեն Գալիչյանի «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ տերմինը» հոդվածը 8.     Աղավնոյի կոթողները կանգնեցվել են Եռաբլրում 9.      «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում 10.   Ռուբեն Գալիչյանի «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ տերմինը» հոդվածը 11.   ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին 12.   «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը Սյունիքում 13.   Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև 14.   Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին 15.   Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին 16.   Մաքրման աշխատանքներ Հակոբավանքում 17.   Ադրբեջանական մեդիան Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակը ներկայացնում է որպես Փանահի 18.   Լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» միջազգային ձեռնարկը 19.   «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.monumentwatch.org կայքում 20.   ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ՝ մերժելով Ադրբեջանի հակընդդեմ հայցը 21.   Լույս է տեսել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը 22.   Լույս է տեսել Տիգրան Ալեքսանյանի «Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրությունը Խաչենի իշխանության տարածքում» գիրքը 23.   Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը Փաստեր և մանրամասներ 1.     Ինչպես պաշտպանել. ռազմիկն ու իր ընտանիքը։ 2.     Խաչքար, 13-րդ դար, Հաթերք, Արցախ: 3.     Խաչենեկ (Խաչինեկ) Անեցի և Շահեն։ Բռիեղցի վանքային համալիր, Արցախ։ 4.     Խաչենեկ (Խաչինեկ) Անեցի և Շահեն։ Բռիեղցի վանքային համալիր, Արցախ։ 5.     Ղազար կազմողի խաչքարը: Ամարասի վանք, Արցախ: 6.     Խաչքար, Քոլատակ, այժմ՝ Հակոբավանքում, Արցախ։ 7.     Մայրական գորովանք: Մայրը և ռազմիկ որդին։ Կոշիկ անապատ, Արցախ: 8.     Դադիվանք, խաչքար, 1182 թ.: 9.     Դադիվանք, խաչքար 1283 թ․։ 10.  Թարթառի հովիտ, Արցախ։ 11.  Մեր ազգի և ծնողների հիշատակի համար: 12.  Արզուխաթուն իշխանուհին իր որդիների մասին, Դադիվանք, կաթողիկե եկեղեցի: 13.  Երկու խաչքար՝ մի ընտանիքի պատմություն։ Հանդաբերդի վանք, Քարվաճառ։ 14.  Չարեքտարի վանք, Թարթառի վերնահովիտ, Արցախ: 15.  Եզակի թևավոր խաչքար` արևային ժամացույցով:  Գործուղումներ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմը երեք անգամ գործուղվել է Սյունիքի սահմանային բնակավայրեր՝ հետազոտելու հուշարձանները և մշակութային կառույցները։ Առաջին գործուղումը եղել է սեպտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Ռուբեն Հովսեփյան Համազասպ Աբրահամյան Հետազոտված բնակավայրերն են՝ Խնածախ, Վաղատուր, Խոզնավար, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ։ Երկրորդ գործուղումը եղել է հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Լյուբա Կիրակոսյան Գայանե Բուդաղյան Հայկուհի Մուրադյան Համազասպ Աբրահամյան Արման Գրիգորյան Հետազոտված բնակավայրերն են՝ Վերիշեն, Ակներ, Հին Խոտ Երրորդ գործուղումը եղել է նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Հայկուհի Մուրադյան Արման Գրիգորյան Ռուբեն Հովսեփյան, Համազասպ Աբրահամյան Հետազոտված բնակավայրերն են՝ Շինուհայր, Հալիձոր, Բարձրավան Համագործակցություն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2023  թվականի ընթացքում շարունակել է սերտ համագործակցությունը. «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) ծրագրի, ՀՃՈՒ հիմնադրամի, Արցախի ԿԳՄՍ և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունների հետ։ Հատուկ շնորհակալություն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Երևանի պետական համալսարանին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնին՝ մասնագիտական ու գործընկերային աջակցության համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին համգործակցության համար։ Հուսով ենք՝ շարունակել մեր համատեղ աշխատանքը նաև գալիք տարում։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի տարեկան հաշվետվությունը

Հարգելի գործընկերներ, բարեկամներ և հետևորդներ, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմը շնորհավորում է բոլորի գալիք Նորի Տարին և Սուրբ Ծնունդը։ Մաղթում ենք խաղաղություն և արդյունավետ աշխատանքային տարի։ Ստորև ներկայացնում ենք “Monument Watch” թիմի 2022 թվի աշխատանքները։ Կայքի «Հնավայրեր և հուշարձաններ» բաժնում ներկայացված հուշարձանների թիվը հասել է 150-ի: Յուրաքանչյուր շաբաթ կայքում ավելացվում է առնվազն երկու հուշարձանի նկարագրություն: Հուշարձանների նկարագրությունները համապատասխանում են խմբի գիտական ղեկավարների մշակած չափանիշներին։ «Ահազանգեր» բաժնում ներկայացված հոդվածների թիվն ավելացել է՝ հասնելով 78-ի: Մեդիա մոնիթորինգի մեր մասնագետները հետևում են ադրբեջանական լրատվական դաշտին՝ արձագանքելով մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։ «Նորություններ» բաժնում ներկայացվում են մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման հետ կապված նորությունները, հայտարարությունները, լուսաբանվում են “Monument Watch” թիմի հանդիպումները, քննարկումները և միջոցառումները։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում կայքում նոր բաժին բացելու ուղղությամբ, որը ներկայացնելու է ադրբեջանական վերահսկողության տակ անցած թանգարաններն ու հավաքածուները, դրանց պատմությունը, թանգարանային ցուցանմուշները և դրանց մասին այսօր ունեցած տեղեկատվությունը։ Արցախի կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է monumentwatch.org կայքի պաշտոնական շնորհանդեսը։ 2022 թվականին “Monument Watch” թիմը երկու անգամ դաշտային աշխատանք է կատարել Արցախում՝ հունիսի 4-7-ը՝ այցելություն Հակոբավանք (Քոլաթակ գյուղ), Նիկոլ Դումանի տուն-թանգարան (Ծաղկաշատ գյուղ), հոկտեմբերի 9-12-ը՝ հետազոտական այցելություն Ավդուր, Հացի, Մեծ Շեն, Խնուշինակ և Բերդաշեն գյուղերի հուշարձաններ։ “Monument Watch” թիմի անդամները այս տարվա ընթացքում մասնակցել են մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, որտեղ ներկայացվել են Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու ներկա մարտահրավերները։ Հարգանքներով՝ “MonumentWatch” թիմ Նկարներ Բանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1639 թ. Խաչքարեր, 12-13-րդ դարեր, Ծովատեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ղևոնդաց անապատը

Տեղադրությունը Ղևոնդաց կամ Ղևոնդիկ (բարբառային ձևով Ղոնդիկ) անապատը գտնվում է Մարտունու  շրջանում, լեռան կատարին՝ Սարգսաշեն, Մոշխմհատ, Զարդարաշեն, Ղարաբուլաղ և  Ավետարանոց գյուղերի արանքում (նկ․ 1)։ Շրջապատված է անտառներով և ճարտարապետության ու բնության ներդաշնակ միասնության օրինակ է։ Պատմական ակնարկ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկություններն այս համալիրի մասին սակավ են։ Երվանդ Լալայանը   մեջբերում է Սարգիս Ջալալյանցի լսած ու գրի առած ավանդույթն այն մասին, որ «Սբ Ղևոնդ երիցի ազգականները Վարանդայում պտտվելով, նրա նշխարներից գտել են, բերել ամփոփել այդտեղ և կառուցել եկեղեցի» (Լալայան 1898, 45)։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ղևոնդաց  անապատը  պարսպապատ համալիր է։ Համալիրի կազմում են եկեղեցին, գավիթը, զանգակատունը, հյուրատունը, խցերը, ջրհորը։ Անապատի տարածքում պահպանվել են նաև խաչքարեր (նկ․ 2)։ Սրանք, ինչպես նաև շինությունների ավերակներն ու  նաև տեղաբնակների ավանդազրույցները վկայում են, որ անապատը ժամանակին հոգևոր և կրթական կարևոր  կենտրոն է եղել։ Պահպանված ավերակների հորինվածքն ու հարդարանքը  թույլ են տալիս բուն եկեղեցական կառույցները թվագրել 13-րդ դարով: Հետագայում դրանք մի քանի անգամ ավերվել և վերակառուցվել են։ Եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 17-18-րդ դարերին (Մկրտչյան 1985, 171, 172)։ Եկեղեցին արևելյան կիսաշրջան խորանով, առանց ավանդատների միանավ սրահ է (նկ․ 3): Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատում։ Բեմը բարձրադիր է (0,8 մետր աղոթասրահի հատակից բարձրացված է, նկ․ 4)։ Խորանում կան երկու պատուհան-խորշեր։ Այստեղ՝ արևելյան պատի մեջ բացված է փոքրիկ պատուհան։ Աղոթասրահը ծածկված է գլանաձև թաղով։  Եկեղեցու ներսն ամբողջովին սվաղված է։