Մեղրագետի ստորին հովտի բնակատեղին
Տեղադրությունը
Բնակատեղին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում, Մեղրագետի աջ ափին, «Գյուղքիմիայի» շրջանային վարչությունից մոտ 0,8 կմ դեպի հյուսիս, ընդարձակ մի բլրի վրա։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Բնակատեղին հայտնաբերվել էր պատահաբար, շինարարության համար քար հավաքելու ժամանակ, որի հետևանքով, ցավոք, ավերվել է հուշարձանի մի զգալի մասը։ Պեղումների արդյունքները ներկայացվել են 1991 թվականին ՀԱԻ-ում տեղի ունեցած Հանրապետական հնագիտական նստաշրջանում (Պետրոսյան, Սաֆարյան 1991, 53-54)։
Հնագիտական ուսումնասիրությունը
Արտաքնապես բլրի հյուսիսային լանջին նկատելի են եղել քարակույտեր՝ պատված ցախի թփերով և մացառներով (նկ․ 1)։
Բնակավայրի շերտագրությունը պարզելու նպատակով բլրի գագաթնամասում՝ նրա չավերված հատվածում ձեռնարկված հետախուզական պեղումները (1զ, 2զ քարակուսիներ), ցույց տվեցին, որ այդ հատվածը բնակեցված չի եղել։ Ուստի պեղումները տեղափոխվեցին ավերված հատվածի արևմտյան եզրը, ուր դիտելի էին կավակերտ մի հարթակի մնացորդներ։ Մաքրելքուց հետո պարզվեց, որ պահպանվել հարթակի մի մասը (0,5x0,36 մ)։ Այն պատրաստված է հում կավից և իրենից ներկայացնում է ակոսներից ու ելուստներից բաղկացած ինչ որ համալիր, որը որևէ ամբողջական պատկեր չէր տալիս։ Հարթակից 1,5 մետր հյուսիս-արևելք բացվեց մի մեծ կարասի ստորին կեսը։ Այն ուներ սև-դարչնագույն փայլեցում և մատնեքներով հարդարված նեղ գոտիներ։ Կարելի է միայն ենթադրել, որ գործ ունենք պաշտամունքային ինչ-որ համալիրի հետ, որը հիշեցնում է Մեծամորի և Դվինի պաշտամունքային կառույցները։
Պեղումներից հայտնաբերված և տեղանքում հավաքած վերգետնյա նյութերը (մինչև 0,5 մետր երկարություն ունեցող աղորիքների բեկորներ, եռանկյունաձև քարե կոթողներ, սև-դարչնագույն փայլեցումով և անփայլ կարասների, ձևավոր կանթեղով սափորների և չպրոֆիլավորված շրթով թասերի բեկորներ, սարդիոնից և մածուկից պատրաստած ուլունքներ) հնարավորություն են տալիս բնակավայրը թվագրել մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերով (նկ․ 2, 3)։
Գրականություն
1.Պետրոսյան, Սաֆարյան 1991 - Պետրոսյան Հ․, Սաֆարյան Վ․ Հետախուզական պեղումներ Արցախում, Հանրապետական հնագիտական նստաշրջան, զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, էջ 53- 54։
2.Պետրոսյան 2006 - Պետրոսյան Հ․ Հնագիտական հետազոտություններն Արցախում, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն․ անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողով, Երևանի պետական համալսարանի հրատ․, էջ 425-433։
Ասկերանի շրջան
Արցախ