Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի վերին թաղում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց մոտ 600 մետր հարավ-արևմուտք։

Պատմական ակնարկ

Եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում` 1838 թվականին: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես սբ. Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով (Բարխուտարեանց 1895, 132):

Եկեղեցին 1960-ական թվականներին քանդվել, հարմարեցվել և վեր է ածվել ամառային բացօթյա կինոթատրոնի (նկ. 1): Ականատեսների վկայությամբ՝ գրեթե անհնար էր քանդել եկեղեցու ամուր և հաստ պատերը:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը պեղումներից առաջ, լուս․ Ն․ Երանյանի։

Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների՝ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման արդյունքում (Պետրոսյան 2010, 137-148) պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 159): 2017 թվականին տեղում պեղումներ է իրականացրել ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, որի արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը (նկ. 2, 3)։ Նախքան պեղումները տարածքն ամբողջությամբ ասֆալտապատ էր: Տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (նկ. 4):

 

Նկ. 2 Եկեղեցու տարածքի ասֆալտի շերտի հեռացման աշխատանքները, լուս․ Ն․ Երանյանի։

Նկ. 4 Եկեղեցու խորանը և երկու ավանդատները, լուս․ Ն․ Երանյանի։

Նկ. 5 Հարավային մուտքի սրբատաշ եզրերը և սալահատակված բակը, լուս․ Ն․ Երանյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ տեղում կանգուն էր միայն արևելյան պատը և մյուս պատերի՝ մինչև 1 մետր բարձրությամբ հիմքերը։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Հուշարձանն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Մատենագրական քննություն

Եկեղեցու մասին հիմնավոր տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը (Բարխուտարեանց 1895)։ Խորհրդային տարիներին հուշարձանի վիճակի վերաբերյալ տեղեկությունները ստանում ենք Շ. Մկրտչյանի՝ Արցախի պատմա-ճարտարապետական հուշարձաններին նվիրված աշխատությունից (Մկրտչյան 1985)։

Նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը պեղումներից հետո, լուս․ Ն․ Երանյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ եկեղեցին կառուցված է եղել գրեթե նույն սկզբունքներով, ինչ Շուշիում կառուցված Ագուլեցոց եկեղեցին. աղոթասրահն ունեցել է ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք։ Թաղակապ կամարները հանգել են սրահի կենտրոնում բարձրացված չորս սյուների և երկայնական պատերի երեք զույգ որմնասյուների վրա: Ունեցել է երկու մուտք հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։ Զանգակատունը եղել է եռահարկ՝ կառուցված սրբատաշ քարից։ Ութանկայուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ եղել է եկեղեցու տանիքի մեջտեղում, ինչը բնորոշ է Արցախի համաժամանակյա բազմաթիվ եկեղեցիներին։

Համաձայն Մակար Բարխուդարյանցի` հարավային դռան ճակատային քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. «1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չուներ զաւակ մարմնաւոր ինքեան զօր հասին պատրաստեաց կտակ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն յանուն Տիրամայր սուրբ Աստվածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մեջ տաճարիս պերճ գերեզմանիս» (Բարխուտարեանց 1895, 132-133)։ Ներկայումս անհայտ է, թե որտեղ է գտնվում բարավորի նշված սալը։

Համաձայն «Մեղրեցոց եկեղեցու վերանորոգման վերաբերյալ Ղարաբաղի հոգևոր ատյանի 1839 թ. մայիսի 13-ի եզրակացության (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 415, թ. 2-3, ձեռագիր, բնագիր)»՝ սկզբում տեղում եղել է փայտաշեն եկեղեցի: Փաստաթղթից պարզ է դառնում, որ 1839 թ. հետո նոր պիտի կառուցվեր եկեղեցին: Հավանական է, որ ճակատային քարի արձանագրության մեջ ներկայացված է եկեղեցու նախնական՝ փայտաշեն կառույցի թվականը։

Եկեղեցու չափերն են՝ 24,75*12,77 մետր, որի պատերի հաստությունը հասնում է մինչև 1,6 մետրի։

Եկեղեցին ունեցել է երկու՝ հարավային և արևմտյան մուտք, որոնց կից արտաքին մասերը սալահատակված են եղել (նկ. 5)։  Դատելով որմնասյուների և հյուսիս-արևմտյան մույթի հիմնատակի առկայությունից կարելի է ենթադրել, որ հավաստի են Մ. Բարխուդարյանցի տեղեկություններն այն մասին, որ ուղղանկյուն ծավալատարածական հատակագծումով եկեղեցու թաղակապ կամարները հանգել են սրահի կենտրոնում բարձրացված չորս սյուների և երեք զույգ որմնասյուների վրա:

Մեղրեցոց եկեղեցին իր ծավալատարածական և ճարտարապետական լուծումներով կրկնում է 17-19-րդ դարերում Արցախի հայտնի եկեղեցիների տիպը (նկ. 6)։

Նկ. 6 Եկեղեցու հատակագիծը Մ․ Տիտանյանի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
  2. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, Հայաստան:
  3. Պետրոսյան 2010 - Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը), Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, էջ 137-148:
Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին
Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին
Շուշի քաղաք
Արցախ