Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը
Տեղադրությունը
Պլաճուր աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի վերնամասում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Աղբյուրի կառուցման շինարարական արձանագրությունը գտնվում է ձախակողմյան ճակատին ագուցված միակտոր քարի վրա․ «Այս է յիշատակ/ Խուռի Մեժլումե/անց։ Սկսել է 1892/, վերջացրել է իւր/ թօռը Հրանդ/ Իսր․ Ստեփանեանց/, 1919 թ․» (նկ․ 2):
Ճարտարապետա - հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով աղբյուրն ունի 9 մետր երկարություն, 1,8 մետր լայնություն, 3,1 մետր բարձրություն: Բաղկացած է երկու կամարակապ բաց սրահներից, ունի մեկ ընդհանուր ուղղանկյուն նավ։ Կառուցված է տեղական սպիտակ թերթաքարով, կամարները և ճակատը սրբատաշ են։ Տանիքը թիթեղապատ է։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Աղբյուրը գործող էր և գտնվում էր լավ վիճակում։ 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Մարտունու շրջան
Արցախ