Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Արևելյան կողմում կիսակլոր խորանն է, որի աջ և ձախ կողմերում գտնվում են երկու ավանդատները։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ․ 3)։ Տանիքը երկթեք է և հողածածկ։ Կառուցված է տեղական կիսամշակ կրաքարով և կրաշաղախով։ Լուսամուտների, մուտքի եզրաքարերը, կամարները, բեմառեջքը սրբատաշ քարերից են։ Միակ մուտքը բացվում է հարավից (նկ․ 4 ), լուսավորությունը ստանում է թվով յոթ լուսամուտներից։ Եկեղեցին ունի 16,9 մետր երկարություն, 6, 73 մետր լայնություն։ Մուտքի ճակատակալի վրա պահպանվել է եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1800 թվական։ Սակայն հարավային պատին արտաքուստ ագուցված 12-13-րդ դարերին բնորոշ խաչքարը վկայում է այստեղ ավելի վաղ շրջանի կառույցի առկայության մասին։ Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանատունը՝ 19-րդ դարի արձանագիր տապանաքարերով, որոնց մի մասն աչքի են ընկնում գեղեցկահյուս զարդաքանդակներով (նկ․ 5)։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին հուշարձանը վնասվել է, հրազենի հետքեր կան նաև հարավային պատին ագուցված խաչքարի վրա։