Չափարի Սիբիրդարա գերեզմանոցը և Սուրբ Մինաս սրբավայրը

Տեղադրությունը

«Սիբիրդարա» գերեզմանոցը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի «Հին Չափար» գյուղատեղից 1,5 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռնալանջին (նկ. 1), իսկ «Սուրբ Մինաս» սրբավայրը՝ նույն գյուղից 1,8 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ բարձրադիր հրվանդանի վրա (նկ. 2)։ 2023 թվականից տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 «Սիբիրդարա» գերեզմանոցի արևելյան հատվածը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 2 «Սուրբ Մինաս» հնավայրը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Պատմական ակնարկ

«Սիբիրդարա» գերեզմանոցի մասին պատմական ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Հուշարձանը չի ուսումնասիրվել։ Գերեզմանոցը հիշատակվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, ինչպես նաև Շ. Մկրտչյանի, Վ. Բալայանի և Ս. Մինասյանի աշխատություններում (Мкртчян 1988, 46, Բալայան 2020, 362, Մինասյան 2010, 62)։

Ըստ տեղացիների՝ «Սիբիրդարա» գերեզմանոցի տարածքում՝ հին և նոր գերեզմանոցների միջև, եղել է Սիբիլյան մատուռ, որն այժմ չի պահպանվել (մնացել է միայն մի խաչքար՝ ճանապարհի վրա, Մինասյան 2010, 62)։ Ս. Մինասյանը նշում է, որ «Սիբիր» անվան առաջացումը կապված է երկու հանգամանքի հետ․ «1. Սիբիլյան աղավաղումից է ստացվել։ Գերեզմանոցի ճանապարհամերձ մասի փոքր տափարակում մի փոքր մատուռ կար։ Համաձայն ավանդության՝ այդ մատուռում պարզաբանվում էին մարդկանց հետաքրքրող հարցերը (երևի հունական բախտագուշակության նման կամ ազդեցությամբ), 2. Ռուսահպատակ դառնալուց հետո այդ բառն այդտեղի համար փոխաբերական իմաստով գործածեցին․ Սիբիրի նման ցուրտ տեղ է» (Մինասյան 2010, 62)։

«Սուրբ Մինաս» սրբավայրը հիշատակվում է Շ. Մկրտչյանի և Ս. Մինասյանի աշխատություններում (Мкртчян 1988, 46 Մինասյան 2010, 12)։ Ըստ Շ. Մկրտչյանի՝ «Հուշարձանը գտնվում է Հին Չափար գյուղի մոտ։ Այն շրջապատված է տապանաքարերով և խաչքարերով, որոնք վկայում են նրա գործառության ժամանակաշրջանի մասին՝ 12–14 -րդ դարեր» (Мкртчян 1988, 46)։

Ըստ Ս. Մինասյանի՝ «Մինաս ճգնավորի սրբատեղին Հակառակաբերդի երեք տարբեր ուղղությունների վրա գտնվող կարևոր սրբատեղիներից մեկն է, որը գյուղի հին թաղամասին ամենամոտն էր, և ամենաշատ մատաղներն այդտեղ էին կատարվում» (Մինասյան 2010, 62–63)։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

«Սիբիրդարա» գերեզմանոցը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածք (երկարությունը՝ 300 մետր, լայնությունը՝ 100 մետր)։ Այն բաղկացած է երկու մասից՝ ստորին՝ արևելյան հատվածից, որը գերեզմանատան հնագույն մասն է (12–17 -րդ դարեր), և վերին՝ գրեթե առանձնացված հատվածից, որը ժամանակակից գերեզմանոցն է (հիմնականում 19–20 -րդ դարեր) (նկ. 3)։ Վերնամասում կան երեք փոքր ու պարզունակ խաչքարեր, որոնք այստեղ են բերվել գերեզմանատան պատմական հատվածից (նկ. 4, 5)։ Ըստ տեղացիների՝ հին և նոր գերեզմանոցների միջև եղել է «Սիբիլի եղցի» եկեղեցին, որն այժմ չի պահպանվել (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Գերեզմանոցի վերնամասում՝ Հակառակաբերդ տանող ճանապարհին (https://monumentwatch.org/hy/monument/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4-%D5%A1% D5%B4%D6%80%D5%B8%D6%81%D5%A8), գտնվում է գյուղի «Սուրբ Մինաս» նշանավոր սրբավայրը։ Բուն սրբատեղին զբաղեցնում է փոքր տարածք։ Ուշագրավ են 12-13-րդ դարերին բնորոշ գեղազարդ չորս խաչքարերը։

Նկ. 3 «Սիբիրդարա» ժամանակակից գերեզմանոցը (19–20 -րդ դարեր), լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 4 «Սիբիրդարա» ժամանակակից գերեզմանոցում տեղադրված խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 5 «Սիբիրդարա» ժամանակակից գերեզմանոցում տեղադրված խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Առաջինն ունի կլորավուն տեսք և պատրաստված է կրաքարից։ Կոպտատաշ քարի կենտրոնում քանդակված է մեկ խաչ (նկ. 6)։ Հաջորդ խաչքարի կենտրոնում մեծադիր խաչն է՝ բուսական հյուսքե և խոյաեղջյուր զարդաքանդակներով, որի ստորին մասում քանդակված են երկու փոքր խաչեր (նկ. 7)։

Երրորդ խաչքարի կենտրոնական հատվածում պատկերված են երկու մեծադիր խաչեր՝ բուսական, խոյաեղջյուր և այլ գեղեցիկ զարդանախշերով։ Խաչքարի քիվից ներքև՝ երկու խաչերի արանքում, դիտվում է «։ՈՀԴ։» (1226) արձանագրությունը, հավանաբար՝ թվականը (նկ. 8)։ Չորրորդ պարզատիպ խաչքարի վրա քանդակված է լայնաթև միակ մեծադիր խաչը (նկ. 9)։

Գտնվելով նշանավոր Հակառակաբերդ տանող արահետ-ճանապարհի վրա՝ հուշարձանն, ըստ էության, ունեցել է ռազմավարական դեր և նշանակություն, որի մասին վկայում են տեղում պահպանված խրամատների, շինությունների և պարսպապատերի մնացորդները, որոնք ձգվում են հրվանդանի եզրամասով՝ շուրջ 100 մետր երկարությամբ (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Նկ. 6 «Սուրբ Մինաս» սրբավայրի 12-13 –րդ դարի խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 7 «Սուրբ Մինաս» սրբավայրի 12-13 –րդ դարի խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 8 «Սուրբ Մինաս» սրբավայրի թվագրված խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 9 «Սուրբ Մինաս» սրբավայրի 12-13–րդ դարի խաչքար, լուս․` Գ․ Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
  2. Մինասյան 2010 - Մինասյան Ս., Չափար․ արցախյան գյուղի պատմությունը, Ստեփանակերտ։
  3. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
  4. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Չափարի Սիբիրդարա գերեզմանոցը և Սուրբ Մինաս սրբավայրը
Չափարի Սիբիրդարա գերեզմանոցը և Սուրբ Մինաս սրբավայրը
Մարտակերտի շրջան
Արցախ