Չափնու սբ․ Կարապետ վանքը

Տեղադրությունը

Չափնի գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Նոր Շահումյանի (նախկին Քարվաճառ) շրջանում, որը 12-14-րդ դարերում մտնում էր Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության մեջ։ Չափնի գյուղի  ավերակները պահպանվել են Հանդաբերդից 2,5 կմ հյուսիս-արևելք, Լև գետի ձախ ափին՝ հարավահայաց անտառածածկ լեռնալանջերի ստորոտին (նկ․ 1)։ Հնավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1430-1440 մ բարձրության վրա։ Գյուղի հյուսիսային բարձրադիր եզրին պահպանվել են Սուրբ Կարապետ վանքի եկեղեցու, իսկ ներքևում՝ Լև գետի վրա, դեպի գյուղ բարձրացող հին ճանապարհի սկզբնամասում, միջնադարյան կամրջի մնացորդներն են։ Հնավայրն այսօր գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ։ Վանքը բաղկացած է  նույնանուն եկեղեցոցւ, գավթից, մատուռից, զանգակատուն-մահարձանից։ Շրջակայքում պայպանվել են կամրջի և խաչքարերով հարուստ գերեզմանոցի մնացորդները (նկ․ 2):

Նկ.1 Հուշարձանախմբի ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 2 Սուրբ Կարապետ վանական համալիրի գլխավոր հատակագիծը․ Կարապետյան Ս․, Հայաստանի պատմություն, Հատոր 7, Մռավականք, 2019, էջ 254։

Պատմական ակնարկ

Դեռևս 19-րդ դարի կեսին հնավայր է այցելել Ջալալյանցը։ Նա  համառոտ նկարագրել է հուշարձանախումբը և ընօրինակել երկու վիմագրեր՝ մեկը մահարձանի պատին, մյուսը՝ դրա վրա կանգնեցված խաչքարի թիկունքին (Ջալալյանց 1858,  214-215): Չափնի գյուղի և նրա հնությունների մասին նույնատիպ հիշատակություններ ենք հանդիպում  Մ․ Տեր-Մովսիսյանի (Տեր-Մովսիսյան 1938, 93) և Ս․ Բարխուդարյանի հետազոտություններում։ Վերջինս, սակայն, սխալ տեղեկատվություն է հրապարակել, գրելով , որ գյուղատեղում հնություններ չեն պահպանվել (ԴՀՎ 5, 225)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Չափնիի հուշարձանախմբի Սուրբ Կարապետ եկեղեցին հատակագծում մոտավորապես քառակուսի է  (արտաքին չափերն են՝ 5,50 մետր)։ Եկեղեցու խորանը ուղղանկյուն է, հյուսիսային կողմում արևելք-արևմուտք ուղղությամբ ունի իրար հաջորդող զույգ ավանդատներ, որոնց 0,70 լայնությամբ ու 1,50 մետր բարձրությամբ, կամարաձև վերջավորությամբ մուտքերը աղոթասրահի հյուսիսային  կողմից են։ Կիսավեր վիճակում է կառույցի հենց այս՝ հյուսիսային կեսը, իսկ հարավային կեսը հիմնահատակ ավերված է (նկ․ 3)։ Ավանդատները թաղածածկ են (արևելյան և արևմտյան պատերում ունեն մեկական պատուհաններ)։ Եկեղեցու միակ  մուտքը բացված է արևմտյան պատի մեջ։ Պատերի հաստությունը 0,80 մետր է, իսկ կանգուն մասերում արձանագրություններ կամ հարդարանքի տարրեր չեն պահպանվել: Իր հատակագծով եկեղեցին կրկնում է Պտրեցիք գյուղի մոտ գտնվող Օծկա վանքի եկեղեցու հատակագիծը (Կարապետյան 1984, 84)։ Պետք է նշել, որ ուղղանկյունաձև խորանի առկայությունը եկեղեցիներում բնորոշ է Արցախի հուշարձաններին և այդ դպրոցի հորինվածքային առանձնահատկություններից է։ Արևելք-արևմուտք առանցքով ձգված, արևելակողմում ուղղանկյուն խորաններով թաղածածկ կառույցներ են Հանդաբերդի վանքի եկեղեցիները (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 32)։ Այսպիսի օրինակներ են Դադիվանքի, Չարեքտարի, Բռի եղցու և Եղիշա առաքյալի վանքի հյուսիսային եկեղեցիները, Գտչավանքի եկեղեցին (Մկրտչյան 1985, 40, 55, 67, 68, 84), Խաթրավանքի կողային մատուռները (Հասրաթյան 1992, 69)։

Գավիթը կցված է եկեղեցուն արևմտյան կողմից։ Մուտքը բացված է հարավային պատի մեջ։ Գավիթն ավելի ավերակ վիճակում է՝ պատերը պահպանվել են մինչև 1,0 մետր բարձրությամբ։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ գավիթը կառուցված են անմշակ քարով և կրաշաղախով (նկ․ 4)։ Այսպիսի շինարարական եղանակը նույնպես բնորոշ է Արցախի ճարտարապետական դպրոցին։

Նկ․ 3 Եկեղեցու հյուսիսային պատի ներքնատեսքը, լուս. Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 4 Վանքի շինությանը պատկանող կրաշաղախով զանգված, լուս. Հ. Պետրոսյանի։

Եկեղեցուց հյուսիս-արևելք՝  24,0 մետր հեռավորության վրա է գտնվում դեռևս կանգուն խաչքարով, զանգակատուն-մահարձանի թաղակապ կառույցը (նկ․ 5)։ Նախկին ուսումնասիրողները նկարագրել են այս կառույցը։ Այն ներկայացված է որպես երկհարկանի մի շինություն, որի առաջին հարկը մոտ 2,5 մետր բարձրությամբ, արևմտյան կողմում կամարակապ բացվածքով  խորանարդաձև ծավալ է, որի վրա կառուցված է եղել չորս միակտոր սյուների վրա պսակված գմբեթով երկրորդ հարկը։ Գմբեթի տակ կանգնեցված է եղել խաչքար։ Այսօր քառասյուն ռոտոնդան ավերված է, իսկ առաջին հարկն ու նրա վրա կանգնեցրած խաչքարը հիմնականում կանգուն են (նկ․ 6)։ Խաչքարի (չափերը՝ 190x90x18 սմ) թիկունքին պահպանված է յոթտողանի թվակիր արձանագրություն․ «Թիւն ։ՉԻԴ։(1275)/ կամաւն Ա[ստուծո]յ/ ես Սուքման եւ / Ուքան /  կանգնեց/աք զխաչս հաւր / մերոյ՝ Աշոտայ / եւ մաւր, յաղաւթս» (Ջալալյանց 1858,  215)։

Նկ․ 5 Մահարձան-դամբարանի տեսքը արևմուտքից, լուս. Հ․ Պետրոսյանի։

Չափնիի համալիրի մյուս կառույցը գտնվում է մահարձանից մոտ 4,0 մ հյուսիս։ Այն  կանգուն, փոքրիկ թաղակապ մատուռ է, բայց մասամբ հողի մեջ թաղված։ Հատակագիծը ուղղանկյունաձև է, ունի ուղղանկյուն խորան, մուտքը բացված է հարավային պատի մեջ։ Այս մատուռն էլ ինչպես իր հորինվածքով, այնպես էլ շինարվեստով նման է Չափնիի հուշարձանախմբի մյուս կառույցներին։ Նկատի ունենալով վերևում ներկայացված խաչքարի արձանագրությունը և դարաշրջանին վերաբերող շինարվեստը, պետք է ենթադրել, որ բոլոր կառույցներն էլ պատկանում են 13-րդ դարին։ Վերևում ներկայացված կառույցներից բացի, հնավայրի տարածքում առկա են նաև մի քանի այլ շինությունների մնացորդներ և հետքեր։ Տարածքում պահպանվել են նաև ավելի քան երկու տասնյակ խաչքարեր (որոշները արձանագրակիր)։ Դրանց մի մասն ամբողջական է (նկ. 7), մյուս մասը՝ բեկորված։

ՆԿ․ 7 Հնավայրի տարածքի խաչքարերից, 1289 թ., լուս. Հ․ Պետրոսյանի։

Նկ. 6 Մահարձան-դամբարանի խաչքարը, լուս. Հ․ Պետրոսյանի։

Մատենագրական քննություն

Խորհրդային շրջանում հրատարակված (Ахундов 1986, 227, նկ․263) Չափնիի մահարձանի՝ 1960 թ․ լուսանկարը ներկայացնում է հուշարձանի առավել պահպանված վիճակը։ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ազատագրված տարածքները հասանելի դարձան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը այցելել է հնավայր և նկարագրել Չափնիի շինարարական ավերակները (Կարապետյան 1999, 34-39) Հուշարձանախումբն ու հատկապես խաչքարերն ու վիմագրերը առավել հանգամանալից ներկայացված են Սամվել Կարապետյանի ստվարածավալ աշխատության մեջ (Կարապետյան 2019, 258-262)։ Այստեղ տրված են նաև զանգակատուն-մահարձանի եռաչափ վերակազմությունները։ Չափնիի միջնադարյան կամրջին անդրադարձ կա Արցախի ինժեներական նմանատիպ կառույցներին վերաբերող աշխատանքում (Կարապետյան 2009, 36-37)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում Չափնիի գյուղատեղին ավերակների էր վերածված։ Այս տարածքը ադրբեջանցիների կողմից որպես արոտավայր էր օգտագործվում։ Արցախյան առաջին պատերազմից և տարածքի ազատագրումից հետո գյուղատեղին լքված և ավերակ վիճակում էր։ Նրան հադիպակաց՝ գետի մյուս ափին հիմնադրվեց Քնարավան ավանը։  Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետո հուշարձանախումբը էական փոփոխություններ չի կրել։

Գրականության ցանկ

1․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության 1982, պր.  5, Երևան։

2․ Կարապետյան 1984 - Կարապետյան Ս․, Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները՝ ըստ նորահայտ արձանագրությունների, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 8։

3․Կարապետյան 1999 - Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

4․ Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան։

5․ Կարապետյան 2019 - Կարապետյան Ս․, Հայաստանի պատմություն, հ. 7, Մռավականք, Երևան։

6․ Հասրաթյան 1992 – Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան։

7․Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան։

8․Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 - Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

9․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն բ, Տփխիս:

10․ Տէր-Մովսիսեան 1938 - Տէր-Մովսիսեան Մ․, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղէմ։

11․ Ахундов 1986 - Ахундов Д․, Архитектура древнего и раннесредневекового Азербайджана, Баку․

Չափնու սբ․ Կարապետ վանքը
Չափնու Սուրբ Կարապետ վանքը
Չափնու Սուրբ Կարապետ վանքը
Արցախ