Չլդրան գյուղի «Նահատակ» եկեղեցին

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից 2․2 կմ հյուսիս–արևելք՝ անտառապատ լեռան հարավահայաց լանջին, «Ըխպըրքան» գյւողատեղու տարածքում (նկ․ 1)։ 2023 թվականից օկուպացված է Ագրբեջանի կողմից։

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Չլդրան գյուղի և նրա շրջակայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 45 հուշարձան, որոնցից մեկն էլ «Նահատակ» եկեղեցին է (մանրամասն տես՝ Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ)։ Հուշարձանը հայտնի է նաև «Սուրբ Գրիգոր», «Ըխպրքանի Նահատակ եղցի», «Ախպրքանի Նահատակ» անվանումներով։ Չնայած որոշ նկարագրություններում եկեղեցին ներկայացվում է որպես 17-րդ դարի կառույց, այն կամարների կանոնավորությամբ, շարվածքում հորիզոնական սալերի օգտագործման տեխնիկայով և մուտքի միակտոր երեք բլոկներով չի բացառում 13-րդ դարի վերջով կամ 14-րդ դարով թվագրելը:

Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում ստույգ տվյալներ կամ տեղեկություններ չեն պահպանվել։ «Նահատակ» եկեղեցին հիշատակվում է Շ․ Մկրտչյանի աշխատություններում (Մկրտչյան 1976, 50; Մկրտչյան 1980, 29; Мкртчян 1989, 30, 52): Հուշարձանը զբաղեցնում է 0․5 հեկտար տարածք։ «Էջմիածին» հանդեսում Շ․ Մկրտչյանը բնութագրելով Չլդրան գյուղի հուշարձանները նշում է նաև Նահատակը․ «Նահատակ եկեղեցի, սրբավայր։ Գտնվում է Ախպերական տեղամասում, մասամբ քայքայված է, շուրջը կան հին ու նոր գերեզմաններ» (Մկրտչյան 1976, 50):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Հավնական է եկեղեցին կառուցվել է միջնադարյան ավելի հին սրբատեղիի տարածքում։ Դրա մասին են վկայում ինչպես ներկայիս կառույցի պատերին ագուցված, այնպես էլ եկեղեցու շրջակայքում պահպանված 12–13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերն ու տապանաքարերը (նկ․ 2)։

Եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով միանավ թաղակապ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Կառույցի չափերն են ՝ 11,9 × 7 × 5,4 մետր։ Այն կառուցված է տեղական կոպտատաշ քարով և կրաշաղախով։ Թաղածածկը հենվում է հյուսիսային և հարավային պատերին կից որմնասյուներից բարձրացող կամարի վրա, և սահուն կերպով միաձուլվում է պատերի հարթությանը (նկ․ 3)։

Նկ. 2 Եկեղեցու հյուսիսային պատին ագուցված 12–13-րդ դարերի խաչքարը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 3 Հյուսիսային և հարավային պատերի որմնասյունները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Եկեղեցու խորանը կիսաշրջանաձև է, իսկ բեմը՝ բարձրադիր։ Խորանի երկու կողային պատերին բացված են մեկական փոքր չափերի ուղղանկյունաձև պատրհաններ։ Խորանի ձախ կողմում տեղադրված է դեպի բեմ տանող քարե աստիճանները (նկ․ 4)։ Մկրտարանը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի խորշում։

Եկեղեցու սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատներում բացված մեկական փոքր չափերի ուղղանկյունաձև լուսամուտներով, որոնք դեպի ներս լայնացող կառուցվածք ունեն։ Չորս մեծածավալ, միակտոր, սրբատաշ քարերից կազմված եկեղեցու միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատում (նկ. 5)։

Նկ. 4 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը Ս․ Կարապետյանի (Мкртчян Ш. 1989, рис. 27։

Նկ. 5 ԴԵկեղեցու մուտքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Եկեղեցու հարդարանքը զուսպ է և աչքի է ընկնում դեկորատիվ ձևավորման սահմանափակ կիրառությամբ (Ախպերքան, Նահատակ եկեղեցի)։

Ներքուստ եկեղեցու պատերին ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք վերաբերում են 12-13-րդ դարին։ Խաչքարերից մեկը (չափերը՝ 139x64x12 սմ) աչքի է ընկնում եռալար հյուսածո քիվով ու եզրագոտիներով, ստորին մասում պարունակում է արձանագրություն «Ա[ստուա]ծ ողորմ/եայ Թագու/հոյ» (նկ. 6)։ Ամենայն հավանականությամբ գործ ունենք Թագուհի անձնանվան հետ, ինչն Արցախի հայկականության հերթական կարևոր վկայությունն է:

Եկեղեցու շրջակայքում պահպանվել է բնակելի շինությունների ավերակներ և 13-20-րդ դարերին վերաբերող գերեզմանոցը (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Նկ. 6 Եկեղեցու արձանագիր խաչքարը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Մկրտչյան 1976 - Մկրտչյան Շ․, Մարտակերտի շրջանի պատմական հուշարձանները, «Էջմիածին», Գ, էջ 48-57։
  2. Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
  3. Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван․
  4. Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ - https://hy.wikipedia.org/wiki/։
  5. ԱՀ ԳԿՄՍ վկայագիր - Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
  6. Ախպերքան, Նահատակ եկեղեցի - (https://hishatakaran.org/hy/documents/387)։

 

Չլդրան գյուղի «Նահատակ» եկեղեցին
Չլդրան գյուղի «Նահատակ» եկեղեցին
Մարտակերտի շրջան
Արցախ