Ջրաղացներ գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով գյուղը, հիշատակում է գյուղի նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցին (Բարխուտարեանց 1895, 95):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին տեղակայված է գյուղի կենտրոնում (նկ. 1): Այն միանավ թաղակապ սրահ է, թաղը կտրվածքում սլացիկ երկկենտրոն է (նկ. 2): Եկեղեցին ունի բարձր բեմ, գրեթե ուղղանկյուն խորան և երկու ավանդատներ, ներքուստ պատերը սվաղված են (նկ. 3): Սուրբ Աստվածածինը կառուցված է կոպտատաշ քարերով, սրբատաշ են միայն անկյունաքարերը, մուտքերի և պատուհանների քարերը: Իր ճարտարապետական ոճով և պատերի շարվածքով եկեղեցին մոտ է Շուշիի քաղաքային ճարտարապետությանը և հավանաբար կառուցող վարպետները հենց Շուշիից էին: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Հարավային ճակատում առկա են երեք մեծ պատուհաններ (նկ.4): Արևմտյան մուտքի բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը (Յիշատակ է ս[ուր]բ Ա[ստուա]ծ[ա]ծնայ եկեղեցիս/, որ շինեցաւ Ջրաղացներ գիւղիւք 1882 թվին/, բոլոր հասարակութեան սեպհակ[ա]ն ծախքովն), համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է 1882 թվականին գյուղի հավատավոր հասարակության կողմից (նկ. 5):
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
նկ. 3 Եկեղեցու խորանը և ավանդատները, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի, նրա արևմտյան կողմից ավելացվել է կցակառույց: Եկեղեցին վերանորոգվել է: 2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցին թեև չի ավերվել, սակայն առկա է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում հենց եկեղեցու ներսում: Ավելի մանրամասն տես. Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում - Monument Watch:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
նկ. 2 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
նկ. 4 Եկեղեցու հարավային ճակատը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
նկ. 5 Եկեղեցու բարավորի շինարարական արձանագրությունը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
Ջրաղացներ գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ