Սառնաղբյուրի (Աղբուլաղ) Քյարիզ աղբյուրը

Տեղադրությունը

Աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում (նկ․ 1) Ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, 2022 թ․, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Սառնաղբյուր գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից 16 կմ հարավ։ 19-րդ դարի  սկզբնաղբյուրներում գյուղը հիշատակվում է Միրիշալլու (Բարխուտարեանց 1895, 127) անվամբ։ Խորհրդային տարիներին գյուղն անվանվել է Աղբուլաղ։ 1992 թվականի մայիսի 10-ին ադրբեջանցիները  գրավել և ամբողջությամբ վառել են գյուղը։ Ազատագրումից հետո գյուղացիները վերադարձել են և վերականգնել բնակավայրը։  1995 թվականին գյուղը վերանվանվել է Սառնաղբյուր։ 2023 թվականի սեպտեմբերից կրկին օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Աղբյուրն ունի ուղղանկյուն կառուցվածք։ Տեղական մեծադիր սրբատաշ քարերից  կառուցված նավն ունի երկու իրար միացված հատված։ Նավի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում երկու ակերն են։  Ձախակողմյան ակի վերնամասում ուղղանկյուն արձանագիր սալն է, որի գրություններն ադրբեջանցիների կողմից գնդակոծվելու հետևանքով անընթեռնելի է դարձել։ Հստակ է միայն թիվը՝ 1895 (նկ․ 2)։ Աղբյուրի աջակողմյան հատվածը վերափոխվել է վերջին տարիներին, որի ժամանակ տեղադրված սալի վրա գրված է․ «Սառնաղբյուրի զոհված ազատամարտիկների հիշատակին»։

Նկ․ 2 Աղբյուրի արձանագիր քարը, 2022 թ․, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աղբյուրը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
Սառնաղբյուրի (Աղբուլաղ) Քյարիզ աղբյուրը
Սառնաղբյուրի (Աղբուլաղ) Քյարիզ աղբյուրը
Ասկերանի շրջան
Արցախ