Ցոր գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ցոր գյուղում (Մկրտչյան 1985, 132): Գյուղը գտնվում է պատմական Ցորաբերդ ամրոցի հարավային ստորոտում (Բարխուտարեանց 1895, 43):

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Նրա հակիրճ նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած, երկարութիւնն է 22 մ, լայնութիւնն 12 մ 35 սանթ., դռան ճակատակալ քարի վերայ արտաքուստ «Յիշատակ է Ն. թվ.», քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 43):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Ցորի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում (նկ. 1): Շենքը եռանավ բազիլիկ է, չորս մույթերով, կիսաշրջան ավագ խորանով և կից ավանդատներով (նկ. 2):  Կառուցված է տեղական կոպտատաշ քարով, ունի փոքր լուսամուտներ: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 3): Բարավորին պահպանվել է մեկ տող անընթեռնելի արձանագրություն( հմմտ. ԴՀՎ 1982, 186): Հիմք ընդունելով եկեղեցու հորինվածքային, ճարտարապետական լուծումները՝ այն թվագրվում է 18-19-րդ դարերով (Մկրտչյան 1985, 132): Եկեղեցին ներսից թաղածածկ է (նկ. 4), նրա միակ զարդարանքը բեմատակի հարուստ քանդակազարդ գոտին է (նկ. 5), որտեղ վերից վար կարդացվում է Գիրիքոր անունը  (ԴՀՎ 1982, 187):

նկ. 3 Եկեղեցու բարավորը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։

նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։

նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, էջ 108։

նկ. 5 Եկեղեցու բեմի քանդակազարդ գոտին, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցու տարածքը օգտագործվել է տնտեսական նպատակներով, լայնացվել են որոշ պատուհանները (նկ. 6): 2016-2020 թվականներին եկեղեցին վերանորոգվել է ծագումով ցորեցի բարերարների կողմից

(https://www.youtube.com/watch?v=7TeU08kxzFU, https://www.youtube.com/watch?v=YmTojWJU9Ns):  Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, այժմ այն գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և հետագա ճակատագրի մասին տվյալներ չկան:

նկ. 6 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան։
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
  4. Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1988․
Ցոր գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին
Ցոր գյուղի սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Ցոր գյուղի սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Արցախ